Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ի. ֆոն Ռիբենտրոպի նամակն Ի. Վ.. Ստալինին

18:52, Понедельник, 03 Мая, 2021 года
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ի. ֆոն Ռիբենտրոպի նամակն Ի. Վ.. Ստալինին

Բեռլին, 1940 թ. հոկտեմբերի 13

Մեծարգո՛ պարոն Ստալին

Ավելի քան մեկ տարի առաջ Ձեր կամքով և ֆյուրերի կամքով վերանայվեցին Գերմանիայի և Խորհրդային Միության միջև փոխհարաբերությունները և դրվեցին կատարելապես նոր հիմքի վրա:

Ես կարծում եմ՝ մեր երկրների միջև համաձայնության հասնելու վճռականությունը, որը ծնունդ է առել շնորհիվ այն գիտակցության, որ մեր ժողովուրդների կենսական տարածությունները շփվում են առանց բախման անհրաժեշտության, և երկուստեք շահերի ոլորտների սահմանազատումն ու գերմանա-խորհրդային չհարձակման ու բարեկամության պայմանագրի կնքումը երկու կողմերի համար օգտակար նկատվեց: Ես համոզված եմ նրանում, որ այդպիսի բարիդրացիական քաղաքականության շարունակումն ու քաղաքական և տնտեսական համագործակցության հետագա խորացումն ապագայում ևս բարենապաստ հետևանքներ է ունենալու երկու մեծ ժողովուրդների համար: Գերմանիան, համենայն դեպս, դրան պատրաստ է ու լի է վճռականությամբ:

Ինձ թվում է, որ երկու երկրների միջև այդպիսի նպատակադրմամբ շփումն առանձնահատուկ նշանակություն ունի: Ես նույնիսկ մտածում եմ, թե այդ բնույթի անձնական շփումը սովորական դիվանագիտական հարաբերությունների շրջանակներից դուրս, այնպիսի ավտորիտար վարչակարգերի պայմաններում, ինչպիսին մեր և Ձեր վարչակարգերն են, ժամանակ առ ժամանակ անխուսափելի է: Այդ իսկ պատճառով ես կուզենայի այսօր հետադարձ հայացքով հակիրճ կանգ առնել այն բանի վրա, թե ինչ տեղի ունեցավ Մոսկվա կատարած իմ վերջին այցի ընթացքում՝ հաշվի առնելով այդ իրադարձությունների պատմական նշանակությունը, տալ ձեզ նախորդ տարի մեր միջև տեղի ունեցած մտքերի փոխանակության հետ կապված այն քաղաքականության ամփոփումը, որն իրականացրել է Գերմանիան ժամանակի այդ հատվածի ընթացքում:

Այն հանգամանքը, որ Անգլիան, հավատարիմ վաղուց ի վեր հետապնդած իր քաղաքականությանը, իր ամբողջ ռազմավարությունը կառուցել է պատերազմի ծավալման հույսով, մենք գիտակցել ենք մինչև լեհական կամպանիայի ավարտը, և դա հաստատվել է ձմռանը կուտակված տեղեկություններով: 1939 թվականին ձեռնարկված փորձերը՝ Խորհրդային Միությանը ներքաշել Գերմանիայի դեմ ռազմական կոալիցիայի մեջ, ձախողվել են: Նրանք շփոթահար վիճակում են հայտնվել գերմանա-խորհրդային պայմանագրի կնքմամբ:

… Նարինի և Նորվեգիայում այլ հենակետերի գրավմամբ Անգլիան նպատակ է հետապնդել կտրել Գերմանիային հանքանյութի տեղափոխումից: Գերմանիայի ղեկավարության կողմից ձեռնարկված միջոցառումների ու գերմանական զորքերի հարվածի շնորհիվ անգլիացիներն ու ֆրանսիացիները վտարվեցին և կարելի է արձանագրել, որ Սկանդիանավիան ռազմական գործողությունների թատերաբեմի չվերածվեց:

Մի քանի շաբաթ անց անգլոֆրանսիական այդ խաղը պիտի կրկնվեր Հոլանդիայում և Բելգիայում: Եվ այստեղ՝ Գերմանիայում, շնորհիվ մեր բանակի վճռական հաղթանակների, հաջողվեց վերջին պահին կանխել այն հարվածը, որն անգլոֆրանսիական բանակը մտադիր էր հասցնել Ռուրի մարզին և որի մասին մենք դրանից առաջ տեղեկացվել էինք: Նույնիսկ Ֆրանսիայում, որին «մայրցամաքում Անգլիայի սուր» են անվանում, ֆրանսիացիների մեծամասնությանը հիմա պարզ դարձավ, որ իրենց երկիրը պիտի արյունաքամ լինի որպես անգլիական ավանդական քաղաքականության զոհ: Ինչ վերաբերում է Անգլիայի արդի տիրապետողներին, որոնք Գերմանիային պատերազմ են հայտարարել և դրանով իսկ բրիտանական ժողովրդին դժբախտության մեջ են գցել, ապա նրանք էլ ի վերջո անզոր եղան թաքցնել իրենց ավանդական բրիտանական քաղաքաքականությունը և դրանից բխող անհարգալից վերաբերմունքը սեփական դաշնակիցների նկատմամբ: Երբ ճակատագիրը նրանց դեմ դարձավ, հօդս ցնդեցին նրանց բոլոր երեսպաշտ վստահեցումները: Զուտ անգլիական ցինիզմով նրանք ուխտադրժորեն դավաճանեցին իրենց բարեկամներին: Ավելին, իրենք իրենց փրկելու համար նրանք խայտառակեցին իրենց նախկին դաշնակիցներին, իսկ հետո նույնիսկ զենքը ձեռքին բացահայտորեն նրանց դեմ հանդես եկան: Անդելսկես, Դյունկերկ, Օրան, Դակար անունները, իմ կարծիքով, բավական են՝ աշխարհին բացահայտելու անգլիական բարեկամության արժեքը: Բայց մենք էլ՝ գերմանացիներս, փորձառությամբ հարստացանք, հատկապես այն համոզմամբ, որ անգլիացիները ոչ միայն անխիղճ քաղաքական գործիչներ են, այլև վատ զինվորներ: Մեր զորքերն անգլիացիներին ամենուրեք ջախջախեցին: Գերմանացի զինվորն ամենուր ցույց տվեց իր գերազանցությունը:

Պատերազմի ընդլանման իրենց հետագա նպատակակետն անգլիացիներն ընտրել են Բալկանյան թերակղզին: Ըստ մեր ստացած տեղեկությունների՝ այստեղ տարվա ընթացքում բազմիցս մշակվել են տարատեսակ ծրագրեր և մեկ դեպքում արդեն հրաման է տրվել այն իրականացնելու համար: Այն հանգամանքը, որ այդ ծրագրերը կյանքի չեն կոչվել, բացատրվում է Անգլիայի ու Ֆրանսիայի քաղաքական ղեկավարության բացառապես անհասկանալի դիլետանտիզմով և ապշեցուցիչ անհամաձայնությամբ:

Խորհրդային նավթային կենտրոնը Բաքվում և նավթային նավահանգիստը Բաթումիում, անկասկած, արդեն այս տարի կդառնային բրիտանական հարձակման զոհը, եթե Ֆրանսիայի ջախջախումը և անգլիական բանակի վտարումը Եվրոպայից չկոտրեր անգլիական հարձակողական ոգին և անսպասելիորեն վերջ չդներ այդ խարդավանքներին:

Չնայած այս ամենին՝ ֆյուրերը հուլիսի 19-ին Անգլիային նորից խաղաղություն առաջարկեց: Այն բանից հետո, երբ այդ վերջին առաջարկությունը մերժվեց, Գերմանիան այժմ լի է Անգլիայի ու նրա կայսրության դեմ պատերազմելու վճռականությամբ՝ այնքան ժամանակ, մինչև որ Բրիտանիան վերջնականապես կոտրվի: Այս պահին ընթանում է այդ պայքարի վերջին փուլը, որը կընդհատվի միայն այն ժամանակ, երբ տեղի կունենա հակառակորդի ռազմական ջախջախումը կամ էլ պատերազմի համար պատասխանատուներին հեռացնելու ճանապարհով իսկական համաձայնության համար երաշխիք կստեղծվի: Թե Անգլիան մեր հարվածների ծանրության տակ երբ կընդունի իր վերջնական ջախջախումը, ընդամենը ժամանակի հարց է:

…Արևմուտքում ռազմական գործողությունների ավարտից հետո Գերմանիայի առջև ծառացած է բոլորովին նոր խնդիր, որը վերաբերում է նրա դիրքերի ապահովմանը Նորվեգիայի ափերին՝ Սկագերակից մինչևԿիրկենես: Այդ իսկ պատճառով Գերմանիան Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ կնքել է որոշ զուտ տեխնիկական համաձայնագրեր, որոնց մասին ես արդեն տեղեկացրել եմ ձեզ ամբողջ ծավալով՝ գերմանական դեսպանության միջոցով: Այդ համաձայնագրերը նախատեսված են բացառապես նրա համար, որպեսզի ապահովվի փոխադրումը ցամաքային ճանապարհով դեպի հյուսիսային ծովափի քաղաքներ (Նարվիկ և Կիրկենես):

Այս նույն ուղղությամբ է այն քաղաքականությունը, որը մենք վերջերս իրականացրել ենք հունգարա-ռումինական վեճի նկատմամբ։ Ռումինիային տված մեր երաշխիքը ծագել է բացառապես Գերմանիային նավթ և հացահատիկ մատակարարող Ռումինիայի այդ առանձնահատուկ կարևոր մարզը պատերազմերից, սաբոտաժներից զերծ պահելու անհրաժեշտությունից։ Գերմանիայի նկատմամբ թշնամաբար տրամադրված մամուլը ժամանակին ջանացել է այդ երաշքիքն այնպես մեկնաբանել, որի միտումը շատ ակնառու էր։ Իրականում օգոստոսի վերջում, անգլիական գործակալների քարոզի ազդեցությամբ, Ռումինիայի և Հունգարիայի միջև հարաբերություններն այնքան սրվեցին, որ պատերազմի վտանգ առաջացավ և նունիսկ բախումներ էին տեղի ունեցել երկնքում։ Պարզ էր, որ Բալկաններում խաղաղությունը կարող էր փրկվել միայն դիվանագիտական արագ միջամտության շնորհիվ։ Բանակցությունների կամ կոնսուլտացիաների համար ժամանակ չէր մնացել։ Ռազմական առումով իրերի վիճակն առավել հեռուն էր գնացել։ Դա հանգեցրեց շատ ինքնաբուխ հանդիպման Վիեննայում և 24 ժամվա ընթացքում հաշտարար վճռի։ Այդ իսկ պատճառով ավելորդ է ընդգծել, որ թշնամական մամուլում հայտնված միտումը՝ գերմանա-իտալական այդ գործողությունը մեկնաբանել որպես թե մի քայլ, որն ուղղված է Խորհրդային Միության դեմ, լրիվ կեղծ ճանապարհով է գնացել և թելադրված է եղել «Առանցք» -ի և Խորհրդային Միության միջև հարաբերությունները փչացնելու ձգտմամբ: …Եթե Անգլիան իսկապես մտադիր է ինչ-որ բան ձեռնարկել, օրինակ, Ռումինիայի նավթային շրջանների դեմ, ապա մենք արդեն հոգացել ենք, որ անգլիական այդ բնույթի փորձերը կամ սաբոտաժը ներսից համապատասխան պատասխան ստանան: Վերջին օրերին մամուլում կուտակված բացարձակ կեղծ հաղորդագրությունների առնչությամբ ես մի քանի օր առաջ տեղեկացրել եմ Ձեր դեսպանին՝ պարոն Շկվարցևին, մեր քայլերի իսկական դրդապատճառների և մեր ձեռնարկած միջոցառումների մասին:

…Այդ միջոցառումների իրականացումից հետո, որոնք նպատակաուղղված էին «Առանցք» -ի դիրքերի ապահովմանը Եվրոպայում, Գերմանիայի և Իտալիայի կառավարությունների գլխավոր հետաքրքրությունը վերջին ժամանակաշրջանում ուղղված է եղել Եվրոպայի սահմաններից դուրս պատերազմի տարածումը կանխելուն: Քանի որ որքան շատ է անհետացել անգլիացիների հույսը՝ Եվրոպայում գտնել օժանդակ ժողովուրդներ, այնքան համառ է դարձել Անգլիայի կառավարության ջանքը՝ օժանդակելու գլխավորապես այն շրջանակներին, որոնք անդրօվկիանոսյան ժողովրդավարություններում աշխատում են հօգուտ Անգլիայի: Դրան հակադրվել են այն ժողովուրդների շահերը, որոնք նույն աստիճանի, որքան մենք, ի տարբերություն պլուտոկրատական դեմոկրատիայի, լի են եղել աշխարհում իրերի վիճակը վերակառուցելու ցանկությամբ և որոնք նույնպես, ինչպես մենք, եվրոպական պատերազմի տարածումը և այն համաշխարհային հրդեհի վերածելը սպառնալիք են դիտարկել իրենց շահերին: Այս նախադրյալն առաջին հերթին վերաբերել է Ճապոնիային: Այդ իսկ պատճառով ես, ֆյուրերի հանձնարարությամբ, մի որոշ ժամանակ առաջ Տոկիո եմ գործուղել էմիսարի ոչ պաշտոնական շրջադիտման՝ պարզելու համար, թե կարո՞ղ են արդյոք ընդհանուր հետաքրքրությունները դրսևորվել այլ ժողովուրդների վրա պատերազմի հետագա տարածման դեմ ուղղված դաշինքում: Դրա հետ կապված մտքերի փոխանակությունը շատ արագ հանգեցրին Բեռլինի, Հռոմի և Տոկիոյի միջև հայացքների ամբողջական, սկզբունքային և արագ համաձայնության այն բանի վերաբերյալ, որ խաղաղության շուտափույթ վերականգնման շահերից ելնելով՝ պետք է խոչընդոտել պատերազմի հետագա տարածմանը, և որ այս երեք տերությունների ռազմական դաշինքը լավագույն պատասխանն է շահերով միմյանց հետ կապված միջազգային հրոսակախմբի ռազմական սպառնալիքին: Այսպիսով, ի հեճուկս բրիտանական բոլոր խարդավանքների, անսպասելիորեն արագ կայացավ Բեռլինյան պայմանագրի կնքումը, որի մասին ես կարողացա Ձեզ տեղեկացնել դեսպանության միջոցով՝ հենց որ ստորագրումից մեկ օր առաջ տեղի ունեցավ վերջնական համաձայնեցումը: Ես կարծում եմ, որ այդ պայմանագրի կնքումը կարագացնի Անգլիայի արդի կառավարիչների ջախջախումը, որոնք այսօր միակն են, որ դեռ հակադրվում են խաղաղության վերականգնմանը, և դրանով իսկ կծառայի բոլոր ժողովուրդների շահերին:

Ինչ վերաբերում է այս պայմանագրի երեք մասնակիցների վերաբերմունքին Խորհրդային Միության նկատմամբ, ապա ես պետք է նախապես նկատեմ, որ մտքերի փոխանակության ամենասկզբում իսկ նրանք հավասարապես այն կարծիքին են եղել, որ այս պայմանագիրը ոչ մի կերպ ուղղված չէ Խորհրդային Միության դեմ և որ, ընդհակառակը, երեք պետությունների բարեկամական հարաբերությունները և նրանց պայմանագրերը Խորհրդային Միության հետ ամենևին չեն խաթարվում այդ պայմանագով: Դա հետագայում իր պաշտոնական արտահայտությունը գտավ Բեռլինյան պայմանագրի տեքստում: Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա այդ պայմանագրի կնքումը հանդիսանում է Գերմանիայի կառավարության արտաքին քաղաքականության սկզբունքների տրամաբանական հետևանքը, որի ուժով գերմանա-խորհրդային և գերմանա-ճապոնական բարեկամական համագործակցությունը կարող են կողք կողքի գոյություն ունենալ առանց փոխադարձ խափանումների: Բացի սրանցից, բարիդրացիական հարաբերությունները Գերմանիայի և Խորհրդային Միության միջև, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունները Խորհրդային Միության և Ճապոնիայի միջև, «Առանցք» -ի տերությունների և Ճապոնիայի միջև բարեկամության հետ մեկտեղ հանդիսանում են իրերի բնական դրության այն տարրերը, որոնք խելացի ղեկավարելու դեպքում կարող են ունենալ ամենաշահավետ հետևանքներ մասնակից բոլոր տերությունների համար: Դուք հիշում եք, որ ժամանակին Մոսկվա կատարած իմ առաջին այցի ընթացքում ես ամենայն անկեղծությամբ Ձեզ ներկայացրեցի նմանատիպ մտքեր և առաջարկեցի մեր ծառայությունները վերացնելու այդ ժամանակ դեռ գոյություն ունեցող ճապոնա-խորհրդային հակասությունները: Այդ ժամանակից ի վեր ես ջանացել եմ գործել այդ ուղղությամբ և ես կողջունեի, եթե Խորհրդային Միության հետ համաձայնության միտումը, որ առավել ուժգին դրսևորվում նաև Ճապոնիայում, հասցնի նպատակակետին:

Ի մի բերելով վերը շարադրվածը՝ ես կուզենայի ասել, որ նաև ֆյուրերի կարծիքով չորս տերությունների պատմական խնդիրն ի դեմ Խորհրդային Միության, Իտալիայի, Ճապոնիայի և Գերմանիայի, ըստ երևույթին, կայանում է նրանում, որ կառուցվի սեփական քաղաքականությունը երկար ժամանակի համար…:

… Մեր ժողովուրդների ապագայի հարցերն առավել խորը պարզաբանելու և դրանց քննարկումն առավել կոնկրետ ձևի մեջ դնելու համար, մենք կողջունեինք, եթե պարոն Մոլոտովը համաձայներ մոտակա ժամանակներում այցելեր Բեռլին: Գերմանիայի կառավարության անունից ես պատիվ ունեմ սրտանց հրավիրել նրան: Մոսկվա կատարած իմ երկանգամյա այցերից հետո ինձ առանձնահատուկ հաճույք կպատճառի պարոն Մոլոտովին մեկ անգամ տեսնել Բեռլինում: Նրա այցը ֆյուրերին հնարավորություն կտար պարոն Մոլոտովին անձամբ շարադրելու իր մտքերը մեր երկու երկրների միջև հետագա հարաբերությունների կառուցվածքի վերաբերյալ: Իր վերադարձից հետո պարոն Մոլոտովը կկարողանար ընդգրկուն ձևով զեկուցել Ձեզ ֆյուրերի նպատակների ու մտադրությունների մասին: Եթե այդ դեպքում, ինչպես ես համարձակվում եմ մտածել ու ակնկալել, հնարավորություն ի հայտ կգա մեր ընդհանուր քաղաքականության զարգացման համար վերը շարադրածիս իմաստով, ապա ես հաճույքով նորից Մոսկվա կգամ, որպեսզի Ձեզ հետ, մեծարգո պարոն Ստալին, շարունակեմ մտքերի փոխանակությունը և զրուցեմ, գուցե, Ճապոնիայի և Իտալիայի ներկայացուցիչների հետ միասին, այն քաղաքականության հիմքերի մասին, որը միայն կարող է բոլորիս ընդհանուր գործնական օգուտ տալ:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1637 | 0 | 0
Facebook