Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

«Իմամուդդինը մոտեցավ սեղանին ու ասաց. «Բայց ես նրան արդեն սպանել եմ»: Ու դրանով լիցքաթափեց լարված մթնոլորտը, և խորհրդակցության բոլոր մասնակիցները թեթևացած շունչ քաշեցին»

09:33, Вторник, 27 Апреля, 2021 года
«Իմամուդդինը մոտեցավ սեղանին ու ասաց. «Բայց ես նրան արդեն սպանել եմ»: Ու դրանով լիցքաթափեց լարված մթնոլորտը, և խորհրդակցության բոլոր մասնակիցները թեթևացած շունչ քաշեցին»

1978 թվականի ապրիլի 27-ին սպանվել է Աֆղանստանի Նախագահ Սարդար Մուհամեդ Դաուդ Խանը:

1973 թվականի հուլիսի 16-ի գիշերը նա Աֆղանստանում պետական հեղաշրջում է կատարել: Հեղաշրջման ժամանակ Իտալիայում գտնվող միապետը՝ Զահիր շահը, օգոստոսի 24-ի հրաժարվել է գահից, իսկ Դաուդը գլխավորել է իշխանության բարձրագույն օրգանը՝Աֆղանստանի կառավարության Կենտրոնական կոմիտեն՝ միաժամանակ ստանձնելով պետության գլխի, վարչապետի, ազգային պաշտպանության նախարարի և արտաքին գործերի նախարարի պաշտոնները: Մի շարք նախարարական պաշտոններ նա վստահել է երիտասարդ սպաների:

Հեղաշրջումից անմիջապես հետո արձակվել է երկրի խորհրդարանն ու Գերագույն դատարանը, արգելվել է քաղաքական կուսակցությունների գործունեությունը:

1977 թվականին ընդունվել է երկրի նոր սահմանադրությունը, որն Աֆղանստանը հռչակել է նախագահական պետություն: Նախագահ է դարձել ինքը՝ Դաուդը: Միակուսակցական համակարգում գործունեության իրավունք է ունեցել միայն կառավարող Ազգային-հեղափոխական կուսակցությունը: Ձախ արմատական բոլոր գործիչները ստիպված են եղել հեռանալ կառավարությունից: 1977 թվականին աշխատանքից ազատվել է խորհրդային կողմնորոշում ունեցող փոխվարչապետը՝ Մուհամեդ Հասան Շարկը, որը բազում տարիներ եղել է Դաուդի մերձավոր զինակիցներից մեկը: Միակուսակցական համակարգի հաստատումը հարուցել է ձախ հայացքներ ունեցող Ժողովրդադեմոկրատական կուսակցության դժգոհությունը: Դաուդի հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ բարդացել են, դրա փոխարեն տեղի է ունեցել մերձեցում մուսուլմանական երկրների հետ, բարելավվել են հարաբերությունները Պակիստանի հետ: Հաղորդվել է, թե Դաուդ Խանը դիմել է Իրանի ՍԱՎԱԿ հետախուզական գործակալությանը՝ Աֆղանստանում կոմունիստական ազդեցության դեմ պայքարելու համար: Իրանի շահը համապատասխան մասնագետներ է ուղարկել Աֆղանստան, որպեսզի թույլ չտրվի կոմունիստների ազդեցության աճը երկրում:

Նորաստեղծ հանրապետության գոյության առաջին հինգ ամսում բացահայտվել է երկու խոշոր հակակառավարական դավադրություն: Դրանցից առաջինը, որ վիժեցվել է 1973-ի սեպտեմբերին, գլխավորել է նախկին վարչապետ Մ. Մայվանդվալը: Այս դավադրությանը մասնակից լինելու կասկածանքով ձերբակալվել է նախկին ռեժիմի 100-ից ավելի ազդեցիկ գործիչ: Նրանցից հինգը՝ խորհրդարանի նախկին պատգամավոր, չորսը՝ մեծահարուստ առևտրական, 11-ը՝ մտավորական, և բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ: Դավադիրները մտադիր են եղել օդային հարված հասցնել ցամաքային զորքերի Քաբուլի, Ղանդահարի և այլ վայրերի ստորաբաժանումներին: Ձերբակալությունից մի քանի օր անց Մ. Մայվանդվալը կախված է եղել իր բանտախցում: Ռազմական դատարանը դավադրության մասնակիցներից հինգին, այդ թվում Մայվանդվալին, մահվան է դատապարտել, մնացյալին՝ տարբեր ժամկետներով բանտարկության:

Երկրորդ դավադրությունը կազմակերպել են ազդեցիկ հոգևորականները՝ Հաբիբուլա Ռահմանի գլխավորությամբ: Բացահայտվել է 1973 թվականի վերջում: Մեկ գիշերվա ընթացքում ձերբակալվել է 600 կրոնական գործիչ, զինվորական, մտավորական: Ռահմանը դատապարտվել է մահապատժի, դավադիրներից մեկը՝ ցմահ բանտարկության, տասը մարդ՝ տարբեր ժամկետներով ազատազրկման: Երրորդ խոշոր դավադրությունը վիժեցվել է 1974 թվականի հուլիսին: Ձերբակալվել է 200 իսլամիստ արմատական:

1975 թվականի հուլիսի 21-ին, «Մուսուլման երիտասարդներ» կազմակերպության ղեկավարությամբ, ապստամբություն է սկսվել երկրի մի շարք շրջաններում: Կառավարությունը կարողացել է ճնշել ապստամբությունը: Ապստամբներն ավելի քան 600 զոհ են տվել, հարյուրավորները բանտ են նետվել:

70-ականների վերջերին Դաուդ Խանը ձգտել է նվազեցնել իր երկրի կախվածությունը Խորհրդային Միությունից: Նա փորձել է ստանալ Եգիպտոսի, Հնդկաստանի և Սաուդյան Արաբիայի աջակցությունը, բարելավել է հարաբերությունները Պակիստանի հետ, որոնք ինքն էր փչացրել: Այս քայլերը զգաստացրել են ԽՍՀՄ-ին:

1977 թվականի ապրիլի 12-ին Դաուդ Խանն այցելել է ԽՍՀՄ: Լեոնիդ Բրեժնևի հետ զրույցի ժամանակ նա անդրադարձել է իր պետությունում արգելված Աֆղանստանի կոմունիստական կուսակցության երկու ֆրակցիաները միավորելու՝ Խորհրդային Միության ջանքերին: Բրեժնևը Դաուդ Խանին նախազգուշացրել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի փորձագետների գտնվելու կապակցությամբ, իսկ Դաուդն ուղղակի հայտարարել է, թե Աֆղանստանն անկախ պետություն է և ԽՍՀՄ-ին երբեք թույլ չի տրվի թելադրել, թե ինչպես է պետք կառավարել երկիրը:

Դրանից հետո Դաուդն ուժեղացրել է արտաքին քաղաքական գործունեությունը՝ Կրեմլի շղթաներից ազատագրվելու համար: Նա մեծացրել է Եգիպտոսում, Թուրքիայում և Հնդկաստանում ռազմական գործը սովորելու համար ուղարկված սպաների թիվը: 1978 թվականի սկզբին Քաբուլը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից 500 միլիոն դոլարի տնտեսական օգնություն ստանալու մասին: Սեպտեմբեր ամսին նախատեսված է եղել Դաուդի հանդիպումը ԱՄՆ Նախագահ Ջիմ Քարտերի հետ:

Դաուդ Խանի կառավարման վերջում երկրում ակտիվացել է արգելված, բայց Խորհրդային Միության կողմից աջակցություն ստացող Ազգային-դեմոկրատական կուսակցության գործունեությունը, որին հաջողվել է համակիրներ գտնել բանակում: Դաուդ Խանի դեմ դավադրության կազմակերպմանն ազդակ է ծառայել հիշյալ կուսակցության ղեկավարների դեմ սկսված ոստիկանական գործողությունները: Երկրի սահմանադրությունը խախտելու մեղադրանքով ձերբակալվել են հիշյալ կուսակցության առաջնորդներ Նուր Մուհամեդ Թարաքին, Հաֆիզուլա Ամինը, Բաբրակ Քարմալը և ուրիշներ: Բայց ձերբակալությունից առաջ Հաֆիզուլա Ամինը որդու միջոցով կարողացել է Ազգային-դեմոկրատական կուսակցությանը հավատարիմ զորամասերին փոխանցել դեռևս մարտ ամսին կազմված հրամանը խռովություն սկսելու մասին: Մայրաքաղաք Քաբուլին են մոտեցվել կառավարական զորքեր, բայց խռովարարների կողմում են եղել տանկային ստորաբաժանումները: Ապրիլի 26-ին բանակն սկսել է անցնել Աբդուլո Քադիրի գլխավորությամբ ստեղծված ռազմահեղափոխական կոմիտեի ձեռքը: Ապրիլի 27-ի առավոտյան խռովարարների խումբը, տանկերի և ավիացիայի աջակցությամբ, կոտրել է նախագահական պալատը պաշտպանող գվարդիայի դիմադրությունը: Պալատի հրթիռակոծումից ու ռմբակոծումից հետո սկսվել է գրոհը, որի ժամանակ սպանվել են Դաուդ Խանն ու նրա ընտանիքի 18 անդամները՝ ներառյալ հինգ երեխաները: Այդ օրվա ընթացքում և հաջորդ օրը սպանվել են նախագահի շատ կողմնակիցներ՝ այդ թվում կառավարության շատ անդամներ ու զորահրամանատարներ:

Ապրիլի 27-ի օրվա երկրորդ կեսին Ազգային-դեմոկրատական կուսակցության կալանավորված ղեկավարներն ազատ են արձակվել: Ռազմահեղափոխական խորհրդի ղեկավարները ռադիոյով դիմել են ժողովրդին և հայտարարել են Ապրիլյան հեղափոխության հաղթանակի մասին ու իշխանությունը հանձնել են Հեղափոխական խորհրդին՝ խորհրդային դրածո Նուր Մուհամեդ Թարաքիի գլխավորությամբ:

Ապրիլի 29-ին հեղաշրջում կատարածները հայտարարել են, թե հեղաշրջման ընթացքում սպանվել է 200 մարդ՝ ներառյալ նախագահ Դաուդը, փոխնախագահը, կառավարության երկու նախարար և ռազմաօդային ուժերի հրամանատարը:

Դաուդին գնդակահարել է աֆղանական բանակի սպա Իմամուդդինը, որը 80-ականների հասել է գեներալի աստիճանի: Հաֆիզուլա Ամինը, «Նովոյե վրեմյա» ամսագրի հետ զրույցի ընթացքում ասել է հետևյալը.

«Ավարտը շատ արագ է եղել: Նախագահին մի քանի անգամ առաջարկել են հանձնվել: Նա չի համաձայնել, և պալատ ներխուժած երիտասարդ սպան, որի անունը Իմամուդդին է, Դաուդին հայտարարել է. «Իշխանությունը վերցրել է հեղափոխությունը»: Նախագահն ատրճանակից կրակել է նրա վրա: Ծանր վիրավորված Իմամուդդինն ընկել է: Սպային ուղեկցող զինվորները կրակել են»:

Իսկ Աֆղանստանի դրածո նախագահ Նաջիբուլան հետևյալն է պատմել.

«…Դաուդի նստավայրը և Քաբուլի այլ կարևոր օբյեկտները գրավելուց հետո Ազգային-ժողովրդավարական կուսակցության քաղբյուրոն խորհրդակցության հավաքվեց, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվում էր նաև Դաուդի ճակատագրի հարցը: Խորհրդակցության մասնակիցները մի կողմից հասկանում էին, որ քանի դեռ Դաուդը ողջ է, նախկին իշխանության վերադարձի վտանգն առկա է: Բայց ոչ ոք չէր ուզում արտաբերել նրան գնդակահարելու մասին խոսքը, որպեսզի, համենայն դեպս, խույս տա պատասխանատվությունից: Խոսակցությունն արդեն մի քանի ժամ էր, ինչ ընթանում էր: Հանկարծ սենյակ ներխուժեց Իմամուդդինը՝ մի ձեռքին ինքնաձիգ, մյուս ձեռքը՝ վիրակապված: Նա ինչ-որ բան էր ուզում ասել, բայց նրան չլսեցին ու խնդրեցին ավելի ուշ մտնել: Նա չգնաց: Երբ խորհրդակցության մասնակիցների միջև վեճը թեժացավ, Իմամուդդինը մոտեցավ սեղանին ու ասաց. «Բայց ես նրան արդեն սպանել եմ»: Ու դրանով լիցքաթափեց լարված մթնոլորտը, և խորհրդակցության բոլոր մասնակիցները թեթևացած շունչ քաշեցին»:

Սպանված նախագահին, նրա ընտանիքի անդամներին ու ամենամերձավորներին ծածուկ թաղել են Քաբուլի մերձակայքի եղբայրական գերեզմանում, և ռադիոյով պաշտոնապես հայտարարվել է, թե Դաուդը, առողջական վիճակով պայմանավորված, հրաժարական է տվել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1650 | 0 | 0
Facebook