Համեղ խմորեղեն բոլորն են սիրում, իսկ սուրճի սիրահարները հատկապես սիրում են առավոտյան սուրճը վայելել անուշահամ տորթերի հետ:
Ու թեև ճաշակին ընկեր չկա, սակայն որոշ տորթեր ու խմորեղեններ անվիճելիորեն լավագույնն են սուրճի հետ վայելելու համար:
Տորթ Միկադո
Սուրճի հետ վայելելու լավագույն խմորեղեններից մեկն է՝ անշուշտ շոկոլադային համի շնորհիվ: Բարակ և փխրուն շերտերով, կակաոյով ու շոկոլադով հագեցած միկադոն տասնյակ տարիներ ի վեր սիրված է և հեղինակություն է վայելում մեր հասարակությունում, իսկ խմորեղենի վաճառք իրականացնող գրեթե բոլոր կետերը անպայման իրենց տեսականու մեջ ներառում են միկադոն: Այնպես որ սուրճը հաճույքով վայելելու համար անհրաժեշտ է պարզապես գնել տորթ միկադո, իսկ նրանք, ովքեր սիրում են եփել-թխել և չեն զլանում այդ հարցում, կարող են ինքնուրույն պատրաստել:
Տորթ Էսկիմո
Շոկոլադային տորթ, որը հիշեցնում է նույնանուն պաղպաղակը: Նուրբ ու փափուկ շոկոլադային բիսկվիթ, անչափ համեղ կրեմի հաստ շերտ և շոկոլադե ջնարակ. այս ամենի համադրությունը պարզապես հալչում է բերանում և ստիպում էլի ու էլի վայելել այս խմորեղենը: Էսկիմոն պատրաստվում է բիսկվիթի մեկ հաստ շերտով՝ վրան կրեմ և ապա ջնարակ: Շատ հրուշակագործներ էսկիմոն պատրաստում են բիսկվիթի երկու շերտով՝ կրեմի հաստ շերտը քսելով բիսկվիթների արանքում և տորթի երեսին: Երկու դեպքում էլ Էսկիմոն անկրկնելի նուրբ է և համեղ:
Տորթ Թռչնի կաթ
Դասական և միշտ սիրված Թռչնի կաթը երբեք չի զիջում իր դիրքերը և սիրված է արդեն մի քանի տասնամյակ: Ավանդական՝ խմորի մի քանի բարակ շերտից, կրեմից ու ջնարակից պատրաստված Թռչնի կաթին վերջին տարիներին փոխարինելու է եկել նոր բաղադատոմս՝ խմորի 1-2 բարակ շերտից ու սուֆլեի հաստ շերտից պատրաստված թռչնի կաթը: Երկու դեպքում էլ, սակայն Թռչնի կաթը սուրճի հետ վայելելու լավագույն տորթերից մեկն է:
Տորթ Հարբած բալ
Լավագույն տորթերից մեկը՝ հատկապես հյուրասիրության համար: Կոնյակի մեջ պահված թարմ բալը թեթևակի արբեցնում է նաև տորթը համտեսողներին՝ բարձրացնելով տրամադրությունն ու առույգացնելով: Թեթև շոկոլադե բիսկվիթն ու շոկոլադե կրեմը նույնպես նպաստում են տրամադրության բարձրացմանը, կանխում սթրեսներն ու ստիպում համտեսել ևս մեկ կտոր:
Հայկական փախլավա
Փախլավան հիրավի արևելյան խմորեղենների թագուհին է: Բոլոր նրանք, ովքեր սիրում են արևելյան թխվածքներ՝ շատ բարակ ու նուրբ խմորի թերթիկներով և քաղցրաջրով ներծծված, բերանում հալչող խմորեղեններ, անշուշտ նաև փախլավայի սիրահար են: Հայկական փախլավան, ինչ խոսք, կարող է տարբերվել մյուս ժողովուրդների փախլավայից, ավելին՝ նույնիսկ Հայաստանի տարբեր մարզերում փախլավան տարբեր բաղադրատոմսերով է պատրաստվում (օր.՝ Գավառի փախլավա և այլն), սակայն մեկ բան հստակ է. ընկույզի, շաքարավազի ու մեխակի խառնուրդով միջուկը անզուգական համ է հաղորդում այս խմորեղենին և դարձնում շատ սիրված քաղցրավենիք:
Շերտախմորով պատրաստված խմորեղեն
Նապոլեոն, գաթա, բադամբուրի, լոխումով և տարբեր քաղցրահամ միջուկներով պատրաստված սիգարետներ, զանազան ձևավորմամբ թխվածքներ շերտավոր խմորից: Հրուշակագործների երևակայությունը սահման չունի, և միայն մեկ տեսակի խմորով հմուտ հրուշակագործները պատրաստում են մի քանի տասնյակ քաղցրահամ խմորեղեն՝ մեկը մյուսից համեղ, մեկը մյուսից ցանկալի հյուր սուրճի սեղանին:
Էկլեր
Եվս մեկ դասական ու երբեք չհնացող խմորեղեն՝ միշտ սիրված, միշտ ցանկալի հյուրասիրության համար: Խտացրած կաթով պատրաստված կամ եփովի կրեմով լցոնված, շոկոլադե ջնարակով պատված նուրբ ու թեթև այս խմորեղենն առավոտյան սուրճի հետ երաշխավորում է ձեր օրվա բարեհաջող սկիզբն ու ավարտը:
Լավագույն խմորեղենների ցանկն, ինչ խոսք, այսքանով չի ավարտվում: Նշվածները մեզ մանկուց ի վեր ծանոթ, սիրված ու ընդունված, միշտ ցանկալի խմորեղեններն են, իսկ քանի դեռ կան լավ հրուշակագործներ, այդ ցանկը մշտապես ընդլայնվելու է: Իսկ մեզ՝ քաղցրասերներիս ու սրճասերներիս, մնում է միայն հետևել հրուշակագործների գլուխգործոցներին, վայելել դրանք ու գնահատել ըստ արժանվույն: