Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

«Տիգրիսի ափերից մինչև Նեղոսի ափերը սարակինոս մայրերն իրենց անկարգ երեխաներին վախեցրել են սոսկալի «Չումուշտիգինի» անունով»

21:14, Четверг, 22 Апреля, 2021 года
«Տիգրիսի ափերից մինչև Նեղոսի ափերը սարակինոս մայրերն իրենց անկարգ երեխաներին վախեցրել են սոսկալի «Չումուշտիգինի» անունով»

Նիկեփորոս Փոկասին սպանելուց յոթ օր անց, ամրապնդելով իր իշխանությունը, հայազգի Հովհաննես Չմշկիկը ցանկացել է հանդիսավորապես թագադրվել, բայց պատրիարքը հայտարարել է, թե ինքը նրան թույլ չի տա մտնել ս. Սոֆիայի տաճար այնքան ժամանակ, քանի դեռ նա պալատից չի վտարել Թեոփանեին ու չի վերացրել եկեղեցու դեմ ուղղված այն օրենքները, որոնք ընդունել էր Նիկեփորոսը (այդ օրենքներն արգելել էին պատրիարքին եպիսկոպոսներ նշանակել առանց կայսրի համաձայնության): Չմշկիկը համաձայնել է. նա կայսրուհուն Պրինկիպ կղզի է արտաքսել ու վերականգնել է պատրիարքի իրավունքները: Դրանից հետո միայն պատրիարքը թույլ է տվել Հովհաննես Չմշկիկին մտնել սբ. Սոֆիա ու թագադրել է նրան:

Հետագա իր գործունեությամբ Չմշկիկը դարձել է Բյուզանդիայի մեծ կայսրներից մեկը: Փայլուն հաջողությունները ստվերել են նրա գործած ոճիրը: «Նրա քաջության և վեհանձնության, բարության, քաղցրության, շիտակության, ողջամտության գեղեցիկ հատկությունները, - ասում է պատմաբանը, - նրան ժողովրդական էին դարձրել, նրա զարմանալի ռազմական քաջությունը, անբաղդատելի ամեհիությունը, նրան դարձրել էին գուցե ամենափայլուն անձնավորությունը զինվորական առաքինությունների այդ ժամանակներում և դրա հետ մեկտեղ՝ նաև կայսրության ամենափայլուն պաշտպանը…Նա ուներ այն բոլոր մոգական հատկությունները, որոնք մոռացնել և ներել են տալիս մեծ ոճիրները և բոլոր սիրված մոլությունները, որոնք ժողովուրդը դյուրությամբ է ներում»:

Ժամանակի պատմիչ Լևոն Դիակոնուսը (Սարկավագ) գրել է, թե նա եղել է տաքարյուն բարքի տեր տղամարդ և, չնայած կարճահասակությանը, մարտադաշտում իրեն դրսևորել է աներևակայելի համարձակ ու կրակոտ, պատանեկան տարիքից՝ շատ անդադրուն: Ցատկամրցումներում, գնդակախաղում, նիզականետման մեջ ու նետարձակման մրցումներում նա գերազանցել է իր բոլոր հասակակիցներին: Նա այնպես դիպուկ է տեգը դեպի թիրախը նետել, որ այն անցել է մատանու մեծության անցքի միջով: Բայց նա չափազանց շատ էր սիրում գինին ու համադամ կերակուրները, զվարճությունները և մարմնական վայելքները»:

Հույն ժամանակագիր Մոնոստեսը նրան համեմատել է մի նոր դրախտի հետ, որտեղից բխում են արդարադատության, իմաստության, խոհեմության և քաջության գետերը»: «Եթե նա իր ձեռքերը չպղծեր Նիկեփորոսի սպանությամբ, - ասում է տարեգիրը, - երկնակամարի վրա կփայլեր իբրև մի աննման աստղ»:

Ռոմանոս Երկրորդ կայսրը նրան, որպես ունակ զորահրամանատար, առաջ է քաշել, իսկ Փոկաս կայսրը մագիստոսի կոչում է շնորհել և արևելքի զորքերի հրամանատար է կարգել: Չմշկիկն հատկապես աչքի է ընկել 964-965 թվականներին Կիլիկիան նվաճելու մարտերի ընթացքում, և նրա գլխավորած բանակի միջուկը կազմել են հայերն ու վրացիները: Նախորդ դարի ֆրանսիացի հայտնի բյուզանդագետ Շլյումբերժեն Չմշկիկին նվիրված աշխատության մեջ հետևյալն է գրել նրա մասին.

«964 թվականի ամբողջ ձմռանը կռիվը Կիլիկիայում անընդհատ էր ու արյունահեղ, և անվեհեր դոմեստիքոսը (հրամանատար) սակավաթիվ զորագնդով մեծ քաջություններ գործեց: Մեծ կռիվ է մղվել Մսիս նշանավոր քաղաքի համար: Կայսերական բանակը քաղաքի պարիսպների մեջ 60 տեղից անցք է բացել, բայց դարձյալ չի կարողացել տիրել քաղաքին: Այս կռվի ընթացքում տեղի է ունեցել այն հռչակավոր ճակատամարտը, որի արձագանքը տարածվել է ամբողջ մահմեդական աշխարհում: Տարսոն քաղաքի ամիրան 15 հազար զորքով շտապել է Մսիսին օգնության: Իմանալով այս մասին՝ Չմշկիկը արագ ընդառաջ է գնացել արաբներին և մարտի բռնվել Ադանայի մոտ: Սկզբում բյուզանդական զորքն ընկրկել է, բայց հետո մահմեդականները, դարանի մեջ ընկնելով, կորցրել են իրենց զորքի մեկ երրորդից ավելին: Մնացածները հալածվելով ու նեղն ընկնելով՝ իջել են ձիերից ու մի բլրի գլուխ են բարձրացել: Բլրի գագաթ հասած մոտ 500 արաբ զինվորներն անձնատուր լինել չկամենալով՝ գերադասել են տղամարդու նման կռվել ու մեռնել: Նրանք երկու օր շարունակ հետ են մղել հայերի ու վրացիների հարձակումները, իսկ երրորդ օրը Չմշկիկն անձամբ է իր գունդը հարձակման առաջնորդել: Նետերի և քարերի տարափի տակ բյուզանդական զորքը հասել է բլրի գագաթ ու կոտորել է բոլոր արաբներին: Ոչ մեկը չի ցանկացել անձնատուր լինել, բոլորը մարտում են ընկել: Այս պարտության լուրը տարածվել է իսլամական աշխարհով մեկ, և կատաղի դոմեստիքոսի անունն արաբական երկրներում դարձել է սարսափի նշանակ: «Տիգրիսի ափերից մինչև Նեղոսի ափերը, - գրել է ժամանակագիրը, - սարակինոս մայրերն իրենց անկարգ երեխաներին վախեցրել են սոսկալի «Չումուշտիգինի» անունով»:

Նկարում պատկերված է Հովհաննես Չմշկիկի թագադրությունը:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1791 | 0 | 0
Facebook