Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

«Նիկեփորոսը կարգադրել է բոլոր սպանվածների գլուխները կտրել, դրանց մի մասը ցից հանած շարել Խանջայի շուրջը, իսկ մնացյալ գլուխները քարանետ մեքենաներով նետել քաղաքի մեջ»

16:19, Вторник, 20 Апреля, 2021 года
«Նիկեփորոսը կարգադրել է բոլոր սպանվածների գլուխները կտրել, դրանց մի մասը ցից հանած շարել Խանջայի շուրջը, իսկ մնացյալ գլուխները քարանետ մեքենաներով նետել քաղաքի մեջ»

Հայրասպան Ռոմանոսն ընդամենը չորս տարի է թագավորել, և նրա գահակալության վերջին տարում ասիական մարտադաշտերում արաբների դեմ մղվող կռիվներում ավելի ու ավելի պայծառ է շողշողացել հայազգի երկու զորապետների՝ Նիկեփորոս Փոկասի և նրա զինակից ու մոր կողմից մոտիկ ազգական Հովհաննես Չմշկիկի աստղերը:

Փոկասը, եթե հավատանք պատմագրին, իր ամբողջ կյանքում քուրձից գործված հագուստ է կրել, միս չի կերել, երբեք որկրամոլության ստրուկ չի դարձել, ու ոչ մեկը չի կարողացել ասել, թե նա, թեկուզ երիտասարդ տարիներին, այլասերվածի վարքագիծ է դրսևորել: Ծառայության բազում տարիների ընթացքում նա անխորտակելի ուժի տեր անձնավորության համբավ է ունեցել: Ռոմանոս 2-րդը նրան նշանակել է հարյուր տարի առաջ Կրետե կղզուն տիրած արաբ ծովահենների դեմ կռվող զորքերի հրամանատար: 960 թվականի ամռանը Նիկեփորոսը մեծաթիվ հրարձակ նավերով մոտեցել է կղզուն: Արաբները չեն խոչընդոտել հույների ափ իջնելուն, այլ սպասել են նրանց Խանջակա քաղաքից ոչ հեռու: Նիկեփորոսը կարգադրել է իր զինվորներին վահաններն իրար հպել ու շարժվել դեպի թշնամին: Արաբները չեն կարողացել դիմակայել բյուզանդացիների նիզակներին, նրանց շարքերը փլուզվել են և նրանք փախուստի են դիմել: Հաղթողներն արաբներին հետապնդել են մինչև Խանջակա քաղաքի պարիսպների մոտ: Տեսնելով որ ամրոցի գրավելը հեշտ չէ, Նիկեփորոսը կարգադրել է պարսպի ամբողջ երկարությամբ պատ կառուցել ու այդպիսով բանտարկել հակառակորդի գլխավոր բանակը: Տեղի բնակիչներից նա տեղեկացել է, որ մեկ այլ վայրում արաբները նոր զորք են հավաքում, որպեսզի թիկունքից հարվածեն: Զորքի մի մասը թողնելով պաշարումը շարունակելու համար՝ նա մնացած զորախմբով գաղտագողի հարձակվել է արաբների վրա: Արաբները ճամբարել էին մի բլրի վրա և հարձակման չէին սպասում: Գիշերը բյուզանդացիները շրջապատել են այդ բարձրունքը, անսպասելի հարձակվել են հանգիստ քնած արաբների վրա ու կոտորել են բոլորին: Նիկեփորոսը կարգադրել է բոլոր սպանվածների գլուխները կտրել, դրանց մի մասը ցից հանած շարել Խանջայի շուրջը, իսկ մնացյալ գլուխները քարանետ մեքենաներով նետել քաղաքի մեջ: Երբ պաշարվածները սկզբում տեսել են ցցերին շարված գլուխները, հետո՝ քաղաքի մեջ կարկուտի նման թափվող իրենց հայրենակիցների գլուխները, սարսափով են համակվել: 961 թվականի գարնանը բյուզանդացիները պարիսպներին են մոտեցրել պարսպակործան մեքենաներ՝ միաժամանակ փոսեր փորելով պարիսպների տակ: Շուտով պարսպի մի հատվածը փլուզվել է, և Նիկեփորոսի զորքերը ներխուժել են քաղաք, կոտորել են բոլորին ու անասելի թլանի են մատնել քաղաքը: Կենդանի մնացածներին ստրկության են վաճառել: Այնուհետև Նիկեփորոսը կարգադրել է քանդել պարիսպները և մերձակա բլրի վրա Թեմենոս ամրոցը կառուցել, որտեղ բյուզանդական կայազոր է տեղակայվել: Հսկայական ավարը նա կարգադրում է բարձել 300 նավերը և վերադառնալ Կոստանդնուպոլիս:

Այս հաղթանակից շատ չանցած Ռոմանոսը Նիկեփորոսին նշանակել է ասիական բոլոր զորքերի հրամանատար, և նա հարձակվել է Սաիֆ ադ Դաուդ ամիրայի վրա ու գրավել է նրա իշխանության տակ գտնվող մի շարք քաղաքներ:

Հեռվից հեռու Փոկասի համբավով հիացած Թեոփանեն՝ Ռոմանոս կայսեր այն կինը, որի դրդմամբ կայսրը թունավորել էր իր հորը, տոչորվել է հայազգի հերոսին վայելելու ցանկությամբ: Նա հիացական նամակներ է գրել Նիկեփորոս Փոկասին և ցանկություն է հայտնել, որ նա կայսր դառնա: Եվ Նիկեփորոսը, հղփացած իր փայլուն հաղթանակներով, համակվել է կայսր դառնալու անկասելի ցանկությամբ: Այդ հնարավորությունը նրա առջև բացվել է այն ժամանակ, երբ մեռել է Ռոմանոս 2-րդը, ինչպես կարծում են, իր կնոջ խմեցրած թույնից:

Կայսեր մահից հետո իշխանությունն անցել է նրա մանկահասակ որդիներին՝ Վասիլիին ու Կոնստանդինին, որոնց խնամակալը նրանց մայրն էր՝ Թեոփանեն: Բայց իրականոմ ամբողջ իշխանությունը կենտրոնացված է եղել պարակոմոմեն Հովսեփոս Բրիգոսի ձեռքում: 963 թվականի ապրիլին ժամանելով Կոստանդնուպոլիս՝ Նիկեփորեսը, պատրիարքի աջակցությամբ, հռչակվել է Ասիայի «ինքնիշխան-ստրատեգոս»: Նա պատրիարքի և ամբողջ հոգևոր դասի առջև երդվել է, թե մանկահասակ կայսրներից չի խլի իշխանությունը և ոչ մի պիղծ բան չի անի նրանց կառավարման դեմ: Բայց Նիկեփորոսն ամենևին էլ մտադիր չի եղել հավատարիմ մնալ իր երդմանը:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1743 | 0 | 0
Facebook