Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ…Արցախը ապրում է նաև Սահյանով.այսօր Հ. Սահյանի 107-ամյակն է

15:57, Среда, 14 Апреля, 2021 года
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ…Արցախը ապրում է նաև Սահյանով.այսօր Հ. Սահյանի 107-ամյակն է

Ծանր օրեր ենք ապրում: Սահյանի ասած՝ խառն ու խրթին ժամանակներում ենք ապրում:

Ինքներս մեզ ապրեցնելու համար մենք ջանքեր պետք է գործադրենք, ուժ պետք է գտնենք մեր մեջ, նորից ապրենք ու ապրեցնենք:

Ինքներս մեզ ապրեցնելու համար պետք է նաև ամուր կառչենք մեր ազգային արժեքներին, մեր հիմնասյուներին, մեր ազգային արժանապատվությունը, մեր լինելիությունը, մեր էությունը սնուցող երակներին: Այդ սնուցող երակներից մեկն էլ Համո Սահյանի պոեզիան է, որ ապրեցրել, ապրեցնում և ապրեցնելու է հային որտեղ և ինչ իրավիճակում էլ լինի՝ հայի հոգևոր աշխարհը պահելով հայեցի, հայաբույր, հայ:

Սահյանի գերագույն պատգամը նախ և առաջ մարդուն մարդ պահելուն է ուղղված՝ անկախ ազգությունից, կրոնից, մաշկի գույնից: Նա նաև համամարդկային արժեքներ դավանող ու տարածող բանաստեղծ է՝ ուղնուծուծով ազգային լինելով հանդերձ:

Աշխարհը դարձնել ավելի բարի, հանդուրժող, ազնիվ. ճշմարիտ արվեստագետին բնորոշող այս որակներով կարելի է նկարագրել մեծ գրողի պոետական բնավորությունը: Բնավորություն, որը, ասես, քայլում է մեզ հետ կողք կողքի մեզ բաժին հասած ճակատագրական այս օրերին ևս:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ….

Այս տողերը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ և հետո յուրաքանչյուր արցախցու մտքերի ծիրում շրջանառվող հարցերն էին, որոնք վերջում մնացողներիս համար Սահյանի մտահանգումների պես դարձան.

Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ….

Ու մնացինք մնացողներս, մնացինք, որ ապրենք Արցախում ու ապրեցնենք, ապրեցնենք այս հողը նաև Սահյանով, Մաշտոցով, որովհետև տղաները նույնպես այդպես մտածեցին մնալով ու…մնացին՝ անմահության ճամփան բռնելով, հերոսանալով…Հավերժ փառք ու խոնարհում…

Սահյանն իր պոեզիայում արծարծել է այնպիսի խնդիրներ, որոնք այսօր էլ արդիական են: Բանաստեղծը կարծես զգացել էր այսօրվա մեր մտահոգությունները և օր առաջ բարձրաձայնել՝ արտագաղթի խնդիր, մայրենի լեզվի պահպանման խնդիր, հայրենի տան պաշտամունք, տոհմի, գերդաստանի մեծի պաշտամունք, հայրենասիրություն, մարդասիրություն և այլն:

Ուզում եմ՝ բոլորս ունենանք Հ. Սահյանի լավատեսությունն ու հավատը և մեծ բանաստեղծի հետ ամեն օր աղոթքի պես մրմնջանք՝

Թող Աստված եղածը պահի,

Եվ հետո ինչ էլ որ պատահի

Գարունդ հայերեն է գալու,

Ձյուներդ հայերեն են լալու,

Հայերեն են գալու դարերդ:

Յուրաքանչյուրս պահենք ու փայփայենք մեր մեջ մի քիչ Սահյան: Այսօր մեր սիրելի բանաստեղծի 107-ամյակն է:

Զարինե Սառաջյան, ԱրՊՀ դասախոս, բ.գ.թ., դոցենտ

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2173 | 0 | 0
Facebook