Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Երեխաների դաստիարակության դրվածքը հին Հռոմում (3)

23:08, Суббота, 10 Апреля, 2021 года
Երեխաների դաստիարակության դրվածքը հին Հռոմում (3)

Դասի ժամին հիմնականում խոսել է դասավանդողը: Նա աշակերտներին քիչ է հարցրել և հազվադեպ է նրանց խոսք տվել: Աշակերտները, նստած նստարաններին, սահմանափակվել են նրանով, որ նշումներ են արել: Այդ վարժանքում նրանք կատարելության բարձր աստիճանի են հասել: Աշակերտը ջանացել է գրի առնել հնարավորինս շատ բան ու տուն հասցնել ամբողջովին գրոտված տախտակներ: Ընդ որում, նրա դերը բացարձակ կրավորական չի եղել: Նա նաև առաջադրանքներ է ունեցել, որոնք պարտավոր է եղել կատարել: Այդ առաջադրանքներն են՝ գրավոր վարժությունները դասարանում, բանաստեղծություններն արձակ շարադրելը, խրատական ասացվածքի մեկնությունը, առասպելաբանական կամ բանաստեղծական թեմայով փոքրիկ պատմվածքի կազմումը: Թարգմանությունը քերականի դասավանդման մաս չի կազմել:

Այս բոլոր վարժանքներից հետո պատանին 16 տարեկանում գնացել է ուսանելու հռետորի մոտ: Հռետորի նպատակն է եղել իր աշակերտներին տալ մի շարք ցուցումներ, որոնք նրան կնախապատրաստեին քաղաքական և դատական հռետորաբանության ոլորտում գործունեության ծավալու համար: Նկատի առանելով դա՝ աշակերտներին տրվող ստեղծագործությունները ինչ-որ մի ընդհանրական գաղափարի զարգացում չեն եղել: Նրանց ստիպել են գրել ինչ-որ մեղադրական ճառ ինչ-որ հանցագործության կամ արատի, հպարտության, սրբապղծության կամ բռնակալության դեմ: Շատ հաճախ նրանք կազմել են մի որևէ նշանավոր անձնավորության, հերոսի և նույնիսկ որևէ աստծու երևակայական ճառը ինչ-որ մի թեմայով: Օրինակ՝ Յուպիտերի նախատինքի խոսքը արևին, թե ինչու է նա իր կառքը վստահել Փաետոնին, կամ Մեդեայի ճառն իր որդիներին զոհաբերելու մասին, կամ էլ իր զավակներին ողբացող Նիոբայի խոսքը, կամ էլ Աքիլեսի խոսքը, որ ազատություն է տվել Ագամեմնոնի դեմ իր զայրույթին և այլն: Երբեմն աշակերտներին հանձնարարել են դատողություն գրել մի ինչ-որ ընդհանուր թեմայի վերաբերյալ: Հռետորի աշակերտները չեն սահմանափակվել նմանատիպ ճառեր գրելով, նրանք, բացի այդ, այդ ճառերը բարձրաձայնել են ընկերների և ուսուցիչների ներկայությամբ, որոնք այդ ընթացքում իրենց նկատողություններն են արել խոսքի հնչողության, ժեստերի ու ճառի ներքին իմաստի ու ոճի վերաբերյալ: Աշակերտների եռանդը խրախուսվել է փոքրիկ հաղթահանդեսներով, որոնք կազմակերպել են նրանց ընկերներն ու սնապարծ ծնողները, որոնք ոչ միայն անձամբ են ներկա եղել աշակերտների ելույթներին, այլև բերել են իրենց բարեկամներին: Շատ երիտասարդների են այդ տնային մրցույթներում մեծ հռետոր հռչակել և ողջունել որպես ապագա Կիկերոններ:

Եղել են հունարենի հռետորներ և լատիներենի հռետորներ: Վերջիններին բավականին դժվարությամբ է հաջողվել հաստատվել Հռոմում: Դաստիարակության հին համակարգի կողմանակիցները ստիպված են եղել համակերպվել հունարենով դասավանդմանը, որը իրականացրել են հունական ծագմամբ ուսուցիչները: Բայց երբ նրանք տեսել են, որ իրենց հայրենակիցները նույնպես դառնում են նոր գաղափարների քարոզիչներ ու այդ գաղափարները կիրառում են լատիներենի դասերին, ապա համախմբվել են:

Բնական և մաթեմատիկական գիտությունները պիտի որ առանձնահատուկ ախորժելի լինեին գործնական մտածողության տեր հռոմեացիներին, բայց այդ առարկաների պարապմունքները, ինչպես երևում է, բավականին ցածր մակարդակի վրա են եղել: Կիկերոնն ինքն է ասում, որ երկրաչափությունը հասցվել է չափելու արվեստի մակարդակին: Ոչ թե երկրաչափի գիտությունն են սովորել, այլ հողաչափի արհեստը: Օգոստոս կայսեր ժամանակ եղել են երկրաչափության հատուկ դպրոցներ, բայց կարելի է ենթադրել, որ դրանք ևս ունեցել են այդպիսի պրակտիկ նպատակներ: Աստղագիտության մասին տեղեկությունները չեն անցել այն բանեից հեռու, որ անհրաժեշտ է եղել առօրյա կյանքի ու բանաստեղծական շարադրանքների համար:

Արվեստներով զբաղվելու ճաշակը հռոմեական հասարակություն ներթափանցել է հույների ազդեցությամբ, բայց այդ էսթետիկական զարգացումը դանդաղ է ընթացել և չի հանգեցրել ինչ-որ նշանակալի արդյունքների: Նախկինի պես քանդակագործներին ու նկարիչներին արհեստավորներ են համարել՝ չնայած Կվինտուս Ֆաբիուս Պիկտորի օրինակին, որը պատկանում էր արիստոկրատական դասին: Մեսալլան, օրինակ, իր որդուն գեղանկարչություն է սովորեցրել, բայց լոկ այն պատճառով, որ այդ որդին համր է եղել և նկարչության պարապմունքները կարող էին նրան որոշ զվարճություն պարգևել: Կարելի է անդրադառնալ նաև Պոմպեյում հայտնաբերված մի նկարի, որում պատկերված է հրապարակում նստած մի երիտասարդ, որը ձիու արձան է արտապատկերում: Երաժշտությունն ու պարերը երկար ժամանակ լիովին արհամարված են եղել: Պրետոր Անիցիոսը (մ.թ.ա. 168 թվական) տեսնելով, որ հույն երաժիշտներն սկսում են նվագել, կարգադրել է դադարեցնել այդ անտանելի աղմուկը և սկսել ձեռնամարտը: Բայց և այնպես երաժշտությանը հռոմեացիները համարել են կրոնական երգերի ուղեկից, իսկ պարը՝ որպես եկեղեցական ծեսի բաղադրիչ: Նույնիսկ երգիչ կայսրի՝ Ներոնի օրինակը չի կարողացել արմատախիլ անել այդ նախապաշարմունքը: Եվ եթե կայսր Հուլիանոսը սովորել է քայլել պիրիսպի (Կրետե կղզին ու Սպարտան բնակեցրած դորիացիների ռազմական պար, որ կայսրների ժամանակ սովորեցրել են պատանիներին) երաժշտության ներքո, ապա դա եղել է ավելի շուտ ֆիզիկական վարժություն ճկունություն և նրբաշարժություն զարգացնելու համար, քան պարի դաս: Նույնիսկ մարմնամարզությունը չի արժանացել այս ռազմիկ ժողովրդի համակրանքին: Մարզիկների մերկությունը նրանց միշտ թվացել է անբարոյականություն ու զայրացուցիչ, իսկ պալեստրաները (մարմնամարզական հատուկ դպրոցներ) համարվել են այլասերվածության ու պարապության դպրոցներ: Սենեկան ասել է, թե այդ գիտությունը բաղկացած է յուղից ու ցեխից: Ի դեպ, այս յուրօրինակ վարակն այնքան զորեղ է եղել, որ հռոմեացիները կամա, թե ակամա պարտավոր են եղել, գոնե տեսականորեն, թույլ տալ այդ «խայտառակ արվեստներ» -ի մուտքը իրենց զավակների դաստիարակության ոլորտ: Քվինտիլիանոսը դպրոցներում երաժշտությանը որոշ տեղ է հատկացրել նրա համար, որպեսզի աշակերտները կարողանան ավելի լավ հասկանալ պոեզիան, որպեսզի մշակեն իրենց ձայնը ճառեր արտասանելու և շնչառությունը և մարմնի շարժումները կառավարելու համար: «Ceironomia» եզրույթի տակ մարդիկ ենթադրել են այնպիսի պարեր, որոնք հանգեցրել են ուղիղ ու անբռնազբոս կեցվածք ընդունելու հմտության: Այդ վարժությունների կատարումը պահանջվել է միայն երեխաներից, իսկ չափահաս քաղաքացիները պիտի կարմրեին հենց միայն պար ուսանելու մտքից: Ինչ վերաբերում է ֆիզիկական վարժություններին, ապա դրանով մշտապես են զբաղվել՝ բայց ոչ թե մարմնի գեղեցկության, այլ առողջության ու ռազմական գործի համար: Մարսյան դաշտը հռոմեացի երիտասարդների համար սովորաբար եղել է զվաճավայր: Զվարճանքի ամենասովորական տեսակներն են եղել վազքը, լողը, ցատկը, փայտիկներով, սկավառակով և օղակով խաղերը:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1557 | 0 | 0
Facebook