Идет загрузка...
Сегодня:  Пятница, 14 Мая, 2021 года

Статьи

Երեխաների դաստիարակության դրվածքը հին Հռոմում (2)

22:47, Пятница, 09 Апреля, 2021 года
Երեխաների դաստիարակության դրվածքը հին Հռոմում (2)

Սկսած Պունիկյան պատերազմների ժամանակներից այդ փոփոխություններն ակնառու են դարձել: Դաստիարակությունը դեռ մասնավոր բնույթ է կրել, հոր իշխանությունը դեռ անսասան է եղել, բայց ընդհանուր կրթական գաղափարների ու տեղեկությունների անբավարարությունն աստիճանաբար լրացվել է Հունաստանի ուժեղացող ազդեցության շնորհիվ:

Հռոմեական դպրոցի իսկական անունը ոչ թե «schola» է եղել, այլ՝ «ludus»: Այդպիսի հաստատության բացումը ոչ մի ձևականություն չի պահանջել: Ով ցանկացել է դպրոցի ուսուցիչ լինի, ինչպես արհեստավորն է իր համար մի կրպակ բացել, այնպես էլ տվյալ անձնավորությունը փողոցի ծայրին մի կրպակ է վարձակալել: Պետությունը ձեռնպահ է մնացել որևէ միջամտությունից (ո՛չ խրախուսել է, ո՛չ արգելել, ո՛չ էլ որևէ վերահսկողություն է հաստատել): Երեխայի հայրն ինքն է որոշել, թե ում վստահի իր երեխային: Այդպիսի տարրական դպրոցներում սովորեցրել են կարդալ, գրել և հաշվել: «Ludi magister» անվանյալ դպրոցը սովորաբար պատկանել է հասարակության ստորին դասակարգի ներկայացուցչի, և հաճախ դա եղել է ազատարձակ ստրուկ: Ընտանիքներում ուսուցումը հանձնարավել է «litteratus» կամ «paedagogus» անվանյալ ստրուկին: Երեխաների ուսուցման ծրագրում ընդգրկել են որոշ օրենքներից քաղվածքներ, որոնք դպրոցականները անգիր են արել՝ տակտի ներքո երգելով: Ցիցերոնը մանկության տարիներին անգիր է արել Տասներկու տախտակների օրենքները, բայց նրանից հետո այդ սովորույթը վերացել է: Գրագիտությունը հռոմեացիների շրջանում բավականին տարածված է եղել, այնքան տարածված, որ հույն պատմիչ Պոլիբիոսի (մ.թ.ա 200 – 120 թթ.) ժամանակներում նշանաբառը զինվորականներին գրավոր է տրվել:

Դպրոցական ուսուցչի կրպակի կահույքը սեղաններն ու նստարաններն են եղել: Հաճախ դասը շարունակվել է դրսում: Ուսուցիչն ամբողջ խմբին տարել է քաղաքի արվարձան կամ տեղավորվել է խաչմերուկում ու սկսվել է ընթերցանությունը: Կարդալ սովորել են գրկապելով (վանկ-վանկ կարդալով): Երեխաներն առաջինը սովորել են տառերի անունը, հետո վանկերով դրանք կապակցել են, հետո ամբողջական բառեր են կազմել և, վերջապես, նախադասություններ են կազմել: Գրելու համար գործածել են մոմապատ տախտակներ և ծայրը սրած փայտիկներ («ստիլ»), որով խազվել են տառերը: Երեխան տնից դպրոց է բերել հիշյալ պարագաները, իսկ երբեմն էլ դրանք դպրոց է հասցրել երեխային ուղեկցող ստրուկը: Գրել սովորեցնելու համար սկզբում նրա ձեռքը բռնել են, կամ էլ ուսուցիչը գրելէ տառը, և աշակերտը գրածին նմանակել է: Հետագայում աշակերտին ստիպել են պատճենել բառը կամ նախադասությունը: Հաշվել սովորել են բարձրաձայն երգելով, հետո վարժվել են հաշվել մատներով, ինչպես նաև հաշվիչներով և վերջում տախտակների վրա թվաբանական գործողություններ են կատարել: Միջին ուսումնական դասընթացը քերականի դպրոցում է ուսուցանվել: Յոթ տարեկանում նախնական դպրոց ընդունված երեխան քերականություն սովորել սկսել է 12 – 13 տարեկանից և մոտավորապես 16 տարեկանում ընդունվել է հռետորական դպրոց:

Քերականի դպրոցի շինությունը առավել հարմարավետ և առավել հարուստ է կահավորված եղել, քան տառաճանաչության ուսուցչի Ludus-ը: Այդ դպրոցը զարդարված է եղել նշանավոր գրողների կիսանդրիներով, հարթաքանդակներով, հոմերոսյան պոեմների գլխավոր տեսարանների պատկերներով, հնարավոր է, նույնիսկ աշխարհագրական քարտեզներով: Դասասենյակները լիովին մեկուսացված չեն եղել հասարակությունից: Դատելով Պոմպեյից հայտնաբերված նկարներով՝ այդ դպրոցները հաճախ տեղակայված են եղել ինչ-որ սյունասրահում, փողոցի ծայրին: Հնարավոր է, վարագույները խանգարել են անցորդներին ներսը տեսնել, որպեսզի աշակերտները շատ չշեղվեն: Մասնագետները պարզել են, որ այն ժամանակ կողմնակի անձանց համար առավել մատչելի, տեսաարժան վայրը եղել է դպրոցը: Այստեղ միշտ մարդկային կուտակումներ են եղել: Մտել ու դուրս են եկել աշակերտների ծնողները, ընկերները, նշանավոր մարդիկ: Նրանք բոլորն իրավունք են ունեցել ներկա լինել դասին:

Քերականի դպրոցում ուսուցանվող գլխավոր առարկան եղել է ընթերցանությունն ու բանաստեղծների ստեղծագործությունների մեկնաբանությունը, գրավոր և բանավոր վարժությունները հունարենով ու լատիներենով: Grammaticusս-ը սկզբում լատին է եղել և դասավանդումը վարել է լատիներենով: Հունական գրականության ստեղծագործություններին ծանոթացել են թարգմանություններով: Օրինակ՝ Հոմերոսի հետ աշակերտները երկար ժամանակ ծանոթացել են լոկ Լիվիոս Անդրոնիկոսի ընդօրինակումներով, իսկ հունական երգիծաբանությանը՝ Պլավտոսի և Տերենցիոսի վերափոխություններով: Բայց Հռոմում, հունարենի տարածմանը զուգահեռ, հույն հեղինակներին սկսում են բնագրով կարդալ: Կայսրության ժամանակներում դպրոցներում հատուկ ուսուցիչներ են եղել յուրաքանչյուր լեզվի և գրականության համար:

Հունարենով են կարդացել Հոմերոսին, մասամբ՝ Հեսիոդոսին, Մենանդրեսին, Եզովպոսի առակները, քնարերգուների ընտրանիները: Լատիներենով են կարդացել Լիվիոս Անդրոնիկոսի «Ոդիսականը», «Էնեականը»: Պատմությունն այդ ժամանակների դպրոցներում երկրորդական է համարվել: Ի դեպ, սովորույթ է եղել քաղվածքներ կատարել իրենց ժամանակակից հեղինակներից՝ Տիտոս Լիվիոսից, Սալյուստոսից, Վերգիլիոսից, Հորացիոսից, Օվիդիոսից, Լուկիանոսից: Սովորաբար, հունարենի ուսուցանումը լատիներենից շուտ են սկսել: Դասավանդման առարկաներ են եղել «Քերականություն» -ը, «Մետրիկա» -ն, «Ընթերցանություն» -ը, «Տեքստի քննադատություն» -ը:

(շարունակելի)

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
454 | 0 | 0
Facebook
COMMENT.am