Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Դժոխքի կառուցվածքի մասին. քրիստոնյաների և մուսուլմանների դժոխքը

21:38, Четверг, 04 Марта, 2021 года
Դժոխքի կառուցվածքի մասին. քրիստոնյաների և մուսուլմանների դժոխքը

Քրիստոնյաների դժոխքի կերպարները մեծապես ներշնչված են հույներից, և այս դավանանքի հայրերի երևակայությամբ կառուցված դժոխքի աշխարհագրությունն առավել մանրամասնորեն է ուսումնասիրված: Քրիստոնեական դժոխք հասնելը մի քիչ դժվար է: Պարականոն ավետարաններում (դրանք այն գրություններն են, որոնք Նոր կտակարանի մաս չեն կազմել կամ հետագայում Նոր կտակարանից դուրս են նետվել) տարբեր տեսակետներ են հայտնվել դժոխքի տեղակայման վայրի մասին: Այսպես, «Ենոքի գիրքը» այդ դժոխքը տեղակայել է «արևելյան ամայի անապատում», որտեղ Ռաֆայել հրեշտակապետը, Աստծու հրամանով, կապել է Ազազելի ձեռներն ու ոտները, անապատում անցք է բացել, նրան գցել է այդ փոսը և կոպիտ ու սուր քար է դրել վրան, որպեսզի նա այնտեղ հավիտյան մնա և դատաստանի օրը կրակը նետվի: Բայց, ըստ այդ նույն պարականոն գրքի, մարդու հոգին գնում է արևմուտք, և բարձրաբերձ լեռնաշղթաների խորը կիրճերից հառաչ է լսվելու:

Գիրգորիս Մեծ պապը (6-րդ դար) երկու դժոխք է տարբերակել՝ վերին և ստորին. վերին դժոխքը տեղադրել է երկրի մակերեսին, իսկ ստորինը՝ գետնի տակ:

Դժոխքի մասին պատմող իր գրքում (հրատարակվել է 1714 թվականին) անգլիացի Թոբիաս Սուինդենը իշյալ «հաստատությունը» տեղադրել է արևի վրա: Իր համոզմունքը նա պատճառաբանել կամ հիմնավորել է մեզ Հայտնության գրքի հետևյալ հատվածով. «Չորրորդ հրեշտակն իր սկավառակից թափեց արևի վրա։ Եվ նրան թույլատրվեց մարդկանց խորշակահար անել կրակով. և մարդիկ այրվեցին սաստիկ տապից։ Նրանք հայհոյեցին Աստծուն, որ իշխանություն ունի այս պատուհասների վրա, և սակայն չապաշխարեցին, չփառաբանեցին Աստծուն» (Հայտնություն 16, 8 - 9):

Այս Սուինդենի ժամանակակից ու հետևորդ Ուիլյամ Ուսթոնը «դժոխք» է անվանել բոլոր գիսաստղերը, որոնք ընկնելով արևի շուրջը տարածվող շիկացած տարածք, խորովում են մարդկանց հոգիները, իսկ երբ հեռանում են, այդ հոգիները սառում են:

Քանի որ մենք դժվար թե հայտնվենք գիսաստղի վրա ու տեսնենք վերին դժոխքը, ապա մնում է «մխիթարվենք» նրանով, որ օրերից մի օր անպայման կտեսնենք ստորգետնյա դժոխքը, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ շատ շատերի համոզմամբ դժոխքը գտնվում է Երկրի կենտրոնում և առնվազն մեկ ելք ունի դեպի երկրի մակերես: Հավանաբար, այդ ելքը Երկրի հյուսիսում է, թեպետ այլ տեսակետներ էլ կան: Օրինակ՝ իռլանդացի սուրբ Բրենդանի թափառումների մասին պատմող հին պոեմն ասում է, թե նա ճանապարհորդելով հասել է մինչև ծայրագույն արևմուտք, որտեղ գտել է ոչ միայն դրախտային տաղավարներ, այլև մեղավորների տանջահարության վայրեր: «Տիրամոր ճամփորդությունը տառապանքի ուղիներով» պարականոն ավետարանի ներկայացրածի հանգույն՝ դժոխքը զետեղված է և՛ երկնքում, և՛ գետնի տակ, և՛ երկրի վրա: Այս գրքում ավելի քան առատ են տարատեսակ պատիժների մանրամասները: Խնդրելով Աստծուն, որպեսզի ցրի լիակատար խավարը արևմուտքում կուտակված տառապյալների վրայից, Մարիամը տեսնում է, թե ինչպես է եռացող խեժը լցվում անհավատների վրա: Հենց այստեղ էլ կրակի ամպերում տանջվում են նրանք, ովքեր «կիրակի օրն առավոտյան մեռելների պես քնած են», իսկ շիկացած նստարաններին նստած են նրանք, ովքեր կենդանության ժամանակ եկեղեցի չեն մտել:

Իսկ հարավի հրե գետում ուրիշ կարգի մեղավորներ են. ծնողների կողմից նզովվածները հրե գետում ընկղմված են մինչև գոտկատեղը, պո ռնիկները՝ մինչև կուրծքը, իսկ մինչև կոկորդը՝ «նրանք, ովքեր մարդու միս են կերել», այսինքն դավաճանները, երեխաներին գազանների առաջ նետածները կամ իրենց եղբայրներին թագավորին մատնածները: Բայց ամենից խորը՝ մինչև գլխի գագաթը, ընկղմված են երդմնազանցները: Տիրամայրն այստեղ տեսնում է նաև ուրիշ պատիժներ, որոնք նախատեսված են անաշխատ եկամուտ ստացողների համար (դրանք ոտքերից են կախված), թշնամություն սերմանողները (սրանք կախված են ականջներից): «Դրախտի ձախ կողմում» եռացող կուպրի ալիքների մեջ տանջվում են Քրիստոսին խաչած հրեաները:

«Կորուսյալ դրախտ» պոեմի հեղինակ Ջոն Միլթոնը դժոխքը տեղակայել է նախասկզբնական քաոսի ծիրում: Ըստ նրա կոնցեպցիայի՝ սատանան երկնքից ցած է նետվել դեռևս երկրի ու երկնքի արարումից առաջ, և, ուրեմն, դժոխքը ևս գտնվում է երկնքից ու երկրից դուրս: Սատանայի նստավայրը Պանդեմոնիումն է, որտեղ նա ընդունում է նշանավոր դևերին: Պանդեմոնիումը վիթխարի պալատ է, որը նախագծված ու կառուցված է Երկնային Թագավորի պալատի նմանությամբ: Ճարտարապետ հրեշտակը, որը հարել է սատանայի բանակին, երկնքից վտարվել է սատանայի հետ միասին: Ոգիների շարասյուները սլանում են սատանայի պալատի միջանցքներով, վխտում են երկրի վրա ու երկնքում: Նրանք այնքան շատ են, որ եթե չլիներ սատանայի կախարդելու կարողությունը, նրանց հնարավոր չէր լինի տեղավորել այդ պալատում:

Խճճելու ավելի մեծ հմտություն է դրսևորել միջնադարյան քրիստոնյա աստվածաբան Էմանուել Սվեդենբորգը: Նա երեք դժոխք է տարբերակել, որոնք համապատասխանեցրել է երկինքների երեք մակարդակներին: Եվ քանի որ Աստված տիրում է ամենին ու ամեն տեղ չի կարող ժամանակին հասնել, այդ իսկ պատճառով բոլոր երեք դժոխքների կառավարումը հանձնել է հատուկ լիազորությամբ օժտված հրեշտակներին: Սվեդենբորգի կարծիքով, ընդհանրապես գոյություն չունի սատանա որպես չարի թագավորության տիրակալ: Սվեդենբորգի ըմբռնմամբ՝ «դև» -ն առավել վտանգավոր «չար ոգիների» հավաքական անվանումն է: Վելզեվուլը միավորում է այն ոգիներին, որոնք տիրապետության են ձգտում նույնիսկ երկնքում: Իսկ Սատանան էլ «ոչ այնքան չար» ոգիների հավաքական անունն է: Այս բոլոր ոգիներն արտաքուստ սարսափելի են և, ինչպես դիակները, զուրկ են կյանքից: Որոշների դեմքը սև է, ուրիշներինը՝ հրեղեն, իսկ երրորդներինը՝ պզուկներից, խոցերից ու գորտնուկներից այլանդակված: Շատ շատերի դեմքն էլ տեսանելի չէ: Կան նաև այնպիսիները, որոնց միայն ատամներն են տեսանելի: Սվեդենբորգի համոզմամբ՝ դժոխքն իր ամբողջության մեջ մեկ դևի արտացոլանքն է: Դիվային երախը դուռն է հանդերձյալ կյանքի գարշահոտության, և այդտեղով է լինելու բոլոր մեղավորների անցնելիք ճանապարհը:

Որոշ «մասնագետներ» պնդում են, թե դժոխքի մուտքը կարող է փակ լինել, քանի որ Քրիստոսը «Հայտնություն» -ում ասում է, թե «ունեմ դժոխքի և մահվան բանալիները»: Բայց Միլթոնը պնդել է, թե Գեհենի բանալիները (ասում են՝ Քրիստոսի հանձնարարությամբ) պահպանում է սարսափազդու կիսակին-կիսաօձը:

Երկրի մակերեսին դժոխքի դարպասները կարող են շատ անմեղ տեսք ունենալ. Կարող է թվալ, թե դրանք փոսեր են կամ քարանձավներ: Ըստ «Աստվածային կատակերգություն» հանճարեղ ստեղծագործության հեղինակ Դանթե Ալիգերիի՝ հոգիները կարող են դժոխքում հայտնվել՝ անցնելով խիտ ու մշուշոտ անտառի միջով:

14-րդ դարում գրված «Աստվածային կատակերգություն» -ը դժոխքի կառուցվածքի մասին ամենահեղինակավոր աղբյուրն է: Ըստ Դանթեի՝ դժոխքը դա Լյուցիֆերի մարմինն է, ներսից ունի ձագարաձև կառուցվածք: Սկսելով ճանապարհորդությունը դժոխքում՝ Դանթեն ու իր ուղեցույց Վերգիլիոսն ավելի ու ավելի խորն են իջնում, ոչ մի կողմ չեն շեղվում, և արդյունքում հայտնվում են այն տեղում, որտեղից մուտք էին գործել: Այդ դժոխային երկրաչափության տարօրինակությունը ժամանակին նկատել է ռուս նշանավոր մաթեմատիկոս, փիլիսոփա և աստվածաբան Պավել Ֆլորենսկին: Նա շատ փաստարկված ապացուցել է, որ Դանթեի դժոխքը դիմնված է նորէվկլիդեսյան երկրաչափության վրա:

Մուսուլմանների դժոխքը նման է քրիստոնեական դժոխքին: «Հազար ու մի գիշեր» -ում պատմվում է նրա յոթ հատվածների մասին: Առաջինը նախասահմանված է անարգ մահով մեռած ուղղահավատների համար, երկրորդը՝ հավատն ուրացողների, երրորդը՝ հեթանոսների: Ջիները և Իբլիսի (սատանայի) սերունդները զբաղեցնում են չորրորդ և հինգերորդ հատվածները, քրիստոնյաներն ու հրեաները՝ վեցերորդ, իսկ յոթերորդը՝ երեսպաշտները: Այստեղ ընկնելուց առաջ հոգիները սպասում են Դատաստանի մեծ օրվան, որը գալու է ժամանակների վերջում: Ընդ որում, ժամանակների վերջի սպասումը մահացածների հոգիներին երկար չի թվալու:

Ինչպես մյուս կրոնների մեղավորները, այնպես էլ իսլամական դժոխքի կենվորները շարունակ տապակվում են կրակի վրա, ընդ որում, ամեն անգամ, երբ նրանց մաշկն ինչպես հարկն է խորովվում է, նոր մաշկ է աճում: Մուսուլմանների դժոխքում «Զակում» անունով ծառն է աճում, որի պտուղները նման են սատանայի գլուխների: Այդ գլուխներն են պատժվողների կերակուրը: Չարժե համտեսել տեղի խոհանոցի այս միակ կերակուրը, որովհետև դրանք փորի մեջ հալված պղնձի նման խլթխլթում են: Սատանայի գլուխների նմանվող պտուղներն ուտողներն անասելի ծարավում են, և ծարավը հագեցնելու միակ միջոցը գարշահոտ արձակող այն հեղուկն է, որը նրանց համար եփվում է մարդու ներքին օրգանների ու մաշկի քամուկից: Մի խոսքով, դա շատ, շատ կիզիչ վայր է, իսկ Ալլահն էլ խոշորացնում է անհավատների մարմինները, որպեսզի առավել մղկտալի լինի նրանց մրմուռը:

Ներկայացված դժոխքներից ոչ մեկն էլ, եթե համեմատում ենք մեր մեղսական աշխարհի հետ, բանի պետք չէ ու հավերժորեն ապրելու տեղ չէ: Այնպես որ, ջանանք հնարավորինս հետաձգել այն օրը, երբ մեզ այնտեղ կճանապարհեն: Դրախտում հայտնվելու հույսեր չփայփայենք, որովհետև ոչ մեկս էլ այնտեղ բնակվելու արժանի չենք:

Նկարում Վերածննդի հռչակավոր նկարիչ Բոտիչելիի «Դժոխքի քարտեզը» կտավն է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4737 | 0 | 0
Facebook