Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիային մեծ ծառայություններ մատուցած փառապանծ զորահրամանատարին չեն ներել 22 տարի անց Կապիտուլյացիայի ակտ ստորագրելու և երկիրը նվաստացնելու համար (4)

23:49, Воскресенье, 10 Января, 2021 года
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիային մեծ ծառայություններ մատուցած փառապանծ զորահրամանատարին չեն ներել 22 տարի անց Կապիտուլյացիայի ակտ ստորագրելու և երկիրը նվաստացնելու համար (4)

Ֆրանսիայի Գերագույն դատարանը նրան մահապատժի է դատապարտել: Հանցանքը՝ պետական դավաճանություն:

1940-ի հոկտեմբերի 24-ին Հիտլերն ու Պետենը հանդիպում են Լուարի Մոնտրուա քաղաքի կայարանում: Բանակցությունների արդյունքում Ֆրանսիական պետությունը, թեպետ պահպանում է անկախությունը, բայց սկսում է իրականացնել կոլաբորացիոնիստական (համագործակցային) քաղաքականություն: Ֆրանսիան պարտավորվում է օգնել Գերմանիային Անգլիայի դեմ պատերազմում, մասնավորապես, գերմանական և իտալական զորքերին հենակայաններ են տրամադրվում Ֆրանսիայի գաղութներում: Բացի այդ ընդունվում են հակասեմիտական օրենքներ և հաստատվում է «տնտեսական համագործակցություն», որը բացարձակապես ձեռնտու չէր Ֆրանսիային: Ի վերջո, Հիտլերի և Պետենի ձեռքսեղմման լուսանկարը տարածվում է ամբողջ աշխարհում և օգտագործվում է, մասնավորապես, գերմանական քարոզչամեքենայի կողմից:

Մյուս կողմից, Հիտլերն առաջին հերթին ցանկացել է Ֆրանսիային ներքաշել Մեծ Բրիտանիայի դեմ պատերազմի մեջ, որին Պետենը մերժմամբ է պատասխանել, և զիջումները, որոնք կատարել է Պետենը, հնարավոր է, փոխհատուցում էին չպատերազմող երկրի կարգավիճակի պահպանման դիմաց: Մոնտուարում տեղի ունեցած հանդիպումից երկու օր առաջ Ֆրանկոն և Հիտլերը բանակցություններ էին վարել պատերազմին Իսպանիայի մասնակցության վերաբերյալ, և հաշվի առնելով Պետենի բարեկամական հարաբերությունները Ֆրանկոյի հետ, առաջինը, հավանաբար, նախապես իմացել է Հիտլերի նպատակը և համաձայնեցրել է իր գործողությունները Ֆրանկոյի հետ: Հաշվի առնելով կողմերի ակնհայտ անհավասար կարգավիճակը բանակցություններում՝ այդ բանակցությունների արդյունքը բավականաչափ բարենպաստ է եղել Պետենի համար:

Հոկտեմբերի 30-ին, դիմելով ժողովրդին, նա հայտարարում է, թե կոլաբորացիոնիստական քաղաքականությունն ինքը վարում է սեփական կամքով և որ իրեն ոչ մեկը չի ստիպել հադիպել Հիտլերի հետ.

«Այս քաղաքականությունն իմ քաղաքականությունն է: Նախարարները պատասխանատու են միայն իմ առջև: Պատմությունը միայն ինձ է դատելու», - ասել է նա:

Այս նույն ռադիոուղերձում «համագործակցություն» (ֆրանսերեն՝ «collaboration») եզրույթն առաջին անգամ հնչել է «թշնամու հետ համագործակցություն» իմաստով, որը և ծնունդ է տվել «կոլաբորացիոնիզմ» հասկացությանը:

Բանակցություններից հետո Պետենը բազմիցս ընդգծել է իր հակակրանքը Հիտլերի նկատմամբ: Գեներալներից մեկի հետ զրույցի ժամանակ նա հետևյալն է ասել Հիտլերի մասին.

«Ես հանդիպեցի մի մարդու, որի հետ շփումն ինձ համար տհաճ էր. նա ոչ մի անգամ աչքերիս մեջ չնայեց: Նա փքված դուսպրծուկ է: Ես փորձեցի նրան հասկացնել, որ իր դիրքորոշումը ոչ կոռեկտության սահմանագծին է: Մենք նրանից ոչ մի լավ բան սպասել չենք կարող»:

Հետագայում Պետենը, չնայած չի հրաժարվել կոլաբորացիոնիստական քաղաքականությունից, այնուամենայնիվ, դեմ է եղել Գերմանիայի հետ սերտ գործակցությանը և հնարավորինս հակադրվել է նրա որոշ պահանջներին: Այդ պատճառով Պետենին քննադատել են Ֆրանսիայի առավել գերմանամետ գործիչները: 1940-ի դեկտեմբերի 13-ին Պետենը վարչապետի պաշտոնից ազատում է Լավալին՝ այն պատճառով, որ վերջինս չափից ավելի սերտորեն է համագործակցել գերմանացիների հետ: Նոր վարչապետ է նշանակվել Պիեր Էթիեն Ֆլանդենը: Լավալին պաշտոնանկ անելը դուր չի եկել գերմանացիներին, և 1941-ի հունվարին գերմանացի դիվանագետ Օտտո Աբեցը պահանջել է Լավալին վերականգնել իր պաշտոնում: Բայց նա կարողացել է ընդամենը հասնել նրան, որ փետրվարի 9-ին Ֆլանդենն ազատվել է պաշտոնից, և վարչապետ է նշանակվել Դարլանը:

Երբ Գերմանիան հարձակվում է ԽՍՀՄ-ի վրա, Պետենի թույլտվությամբ ստեղծվում է «Հակաբոլշևիկյան լեգեոն», որն ուղարկվում է Խորհրդային Միության դեմ կռվելու: Այդ նույն ժամանակ էլ Պետենը Հիտլերին խնդրում է վերադարձնել Էլզասն ու Լոթարինգիան՝ ԽՍՀՄ-ի դեմ պատերազմելու փոխարեն, բայց Հիտլերը մերժում է ու հավելյալ զիջումներ է պահանջում. օրինակ՝ մտցվում է աշխատանքային պարհակ ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց համար: Նրանք պետք է գնային Գերմանիայում աշխատելու՝ ռազմաճակատ ուղարկված գերմանացի բանվորների փոխարեն: Ընդհանու առմամբ Գերմանիա է ուղարկվել 350 հազար մարդ:

1941-ի օգոստոսի 12-ին Պետենը հայտարարում է երկրում իշխանության դերի մեծացման մասին: Մասնավորապես, քաղաքական կուսակցություններն արձակվում են, արգելվում են հավաքներն ու ցույցերը, և ոստիկանության ֆինանսավորումը կրկնապատկվում է:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4489 | 0 | 0
Facebook