Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիային մեծ ծառայություններ մատուցած փառապանծ զորահրամանատարին չեն ներել 22 տարի անց Կապիտուլյացիայի ակտ ստորագրելու և երկիրը նվաստացնելու համար (2)

23:20, Пятница, 08 Января, 2021 года
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիային մեծ ծառայություններ մատուցած փառապանծ զորահրամանատարին չեն ներել 22 տարի անց Կապիտուլյացիայի ակտ ստորագրելու և երկիրը նվաստացնելու համար (2)

Ֆրանսիայի Գերագույն դատարանը նրան մահապատժի է դատապարտել: Հանցանքը՝ պետական դավաճանություն:

Մայիսի 19-ին ֆրանսիական զորքերի գերագույն գլխավոր հրամանատար նշանակված Մաքսիմ Վեյգանը Պետենի հետ հանդիպում է մայիսի 28-ին: Չնայած անձնական վատ հարաբերություններին՝ նրանք երկուսն էլ միակարծիք են լինում, որ պետք է, ծայրահեղ դեպքում, նախապատրաստվել զինադադարի: Վեյգանը փորձում է պահպանել ռազմաճակատի գիծը, որն այդ ժամանակ Էննայի և Սոմմայի միջև էր, և նախազգուշացնում է, որ եթե ռազմաճակատի այդ գիծը չպահվի, ապա Ֆրանսիան կպարտվի: Նույն օրը նա այդ մասին գրում է Ռեյնոյին:

Հունիսի 3-ին ռմբակոծվում է Փարիզը, հունիսի 5-ին ընկնում է Դյունկերկը, իսկ հունիսի 6-ին Սոմմայում ճեղքվում է ռազմաճակատի գիծը: Այնուամենայնիվ, Ռեյնոն մտադիր է եղել շարունակել պատերազմը: Ուինսթոն Չերչիլի հետ զրույցում Ռեյնոն հայտարարել է. «Մենք զենքը վար չենք դնի, եթե դուք այն վար չդնեք»: Բացի այդ նա նախարարների խորհրդում պաշտոնավարման է նշանակում պատերազմը շարունակելու կողմնակից Շարլ դը Գոլին:

Հունիսի 13-ին Պետենը պահանջում է անհապաղ զինադադար կնքել: 1940-ի հունիսի 14-ին գերմանացիներն առանց կռվի գրավում են Փարիզը, և Ռեյնոյի կառավարությունը, որն արդեն Բորդո էր տեղափոխվել, հրաժարական է տալիս: Հունիսի 16-ին կազմվում է նոր կառավարություն Պետենի գլխավորությամբ, որը հրամայում է անհապաղ խաղաղության բանակցություններ սկսել: Նոր կառավարությունում շատերը դեմ են եղել նոր կուրսին: Դրանցից մեկն էլ Շարլ դը Գոլն էր, որը մեկնել է Լոնդոն ու հունիսի 18-ին ռադիոյով ֆրանսիացիներին կոչ է արել շարունակել պայքարն իր ղեկավարությամբ: Հունիսի 20-ին Պետենը կառավարության անդամներին արգելում է լքել երկիրը, բայց արդեն հաջորդ օրը 27 խորհրդականներ մեկնում են Մարոկկո՝ պայքարը շարունակելու մտադրությամբ:

Հունիսի 22-ին ստորագրվում է Կոմպենյան Երկրորդ հաշտության պայմանագիրը: Հունիսի 25-ին զինադադարի պայմաններն ուժի մեջ են մտնում. Գերմանիան, ըստ այդ զինադադարի, օկուպացնում է Ֆրանսիայի հյուսիսային և արևմտյան հատվածը ու դրա հետ մեկտեղ այլ սահմանափակումներ էլ են մտցվում: Պետենի կառավարությունը նստավայր է ընտրում կուրորտային Վիշի քաղաքը:

1940-ի հունիսի 25-ին Պետենը ռադիոյով ուղերձ է հղում ֆրանսիացիներին, որում հայտարարում է, թե պարտության մեղավորը նախկիններն են, նախկին դեմոկրատական կառավարությունները և հայտարարում է, թե Ֆրանսիային նոր կարգ է հարկավոր:

«Մեր պարտությունը, - ասել է նա, - մեր թափթփվածության արդյունք է: Համընդհանուր ոգեշնչվածությունն ավերեց այն ամենը, որն ստեղծվել էր զոհաբերության ոգով: Այդ իսկ պատճառով ես ձեզ նախ ինտելեկտուալ և բարոյական վերածննդի կոչ եմ անում»:

Հուլիսի 1-ին Ֆրանսիայի այդ ժամանակվա նախագահ Ալբեր Լեբրենը համաձայնում է գումարել խորհրդարանի արտահերթ նիստ: Այն տեղի է ունենում հուլիսի 9-ին: Պատգամավորները համաձայնում են փոխել 1875 թվականին ընդունված սահմանադրությունը: Հուլիսի 10-ին տեղի է ունենում սահմանադրական նոր օրենքի ընդունման քվերարկություն: Այն Պետենին դիկտատորական լիազորություններ էր տալիս: 569 ձայն «կողմ» է եղել, 80 ձայն՝ «դեմ», և 20 ձայն՝ «ձեռնպահ»: Այս օրենքը նշանակում էր, որ վերջ է դրվում Ֆրանսիայի Երրորդ հանրապետությանը, և ի հայտ է գալիս Ֆրանսիական պետություն, որն առավել հայտնի է «Վիշիի ռեժիմ» հորջորջմամբ, քանի որ այս նոր պետության փաստացի մայրաքաղաքը Վիշի քաղաքն էր: Վիշիի ռեժիմը ճանաչում են ոչ միայն Գերմանիան ու Իտալիան, այլև ԱՄՆ-ը և Խորհրդային Միությունը:

«Գիտե՞ք արդյոք, պարոն մարշալ, թե որքան ընդարձակ են ձեր լիազորությունները: Դրանք ավելի ընդարձակ են, քան Լյուդովիկոս 14-րդի լիազորությունները, որը ստիպված է եղել իր ստորագրած հրամանագրերը հանձնել խորհրդարանի հաստատմանը: Իսկ դուք պարտավոր չեք դա անել, քանի որ այլև ոչ մի խորհրդարան էլ չկա», -ասել է Ֆրանսիայի Երրորդ հանրապետության և Վիշիի կառավարության վարչապետ Պիեր Լավալը:

Նկարում՝ պետենյան սահմանադրական օրենքին դեմ քվեարկած 80 պատգամավորների անուններով հուշատախտակը:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4002 | 0 | 0
Facebook