Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՄԵՐ ԳԼՈՒԽՆԵՐՈՒՄ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

23:43, Среда, 14 Октября, 2020 года
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՄԵՐ ԳԼՈՒԽՆԵՐՈՒՄ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Հայ ժողովուրդն իր վճռական խոսքով ասում է՝ այս անգամ թշնամուն պետք է տապալել, որ այլևս ոտքի չկանգնի, իսկ այդպիսի նպատակի հասնել կարող ենք միայն նրա կենսական օբյեկտներին վճռական հարված հասցնելով: Բայց, արի ու տես, մեզնից շատերի գլուխներում մի ուրվական է շրջում՝ «միջազգային հանրության կարծիք» ուրվականը, որի խոսքը ոչ ոք չի տեսել և չգիտի, թե այդ համր «կինոն» ինչ օբյեկտիվից ու պրիզմայից է այսօր մեզ նկարում: Միջազգային հանրության աչքի առաջ 1915 թվականին նույն Թուրքիան ցեղասպանեց հայ ազգին ու տիրացավ նրա հողերին, նույնը նույնպիսի դերակատարներով կատարվում է այսօր հայ ազգի արևելյան հողերի վրա, որոնք թուրքերին ու թուրք ներկայացողներին պետք են դարձյալ առանց հայի ու քրիստոնյայի: Եվ դարձյալ հայոց ֆիզիկական գոյության համար ազգիս զավակները հերոսական մարտեր են մղում:

Բոլոր կողմերից նայենք, տեսնենք, զգանք, հասկանանք ու խոսենք կամ ցույց տանք, առավել ևս քննենք այսօրվա դաժանագույն պատերազմը, որը թշնամին, նախորդ դարից ի վեր, մղում է մարտեր առանց կանոնների իրեն բնորոշ սկզբունքով: Խփում է խաղաղ բնակչությանը, մշակութային ու կրոնական օջախներին, հրադադար է պայմանավորվում ու ոչ միայն փորձում է գրավել պատերազմական գոտու քաղաքը, այլև հարվածում է ՀՀ-ին և սադրում է զոհվածների մարմինները վերցնելիս: Աշխարհն ամեն օր տեսնում է թուրքերի վայրագությունները, սուտը, միջազգային օրենքներին դեմ գնացող գազանությունները․․․ և լռում է: Բայց մենք դեռ դանդաղում ենք` պատճառաբանելիս մեջտեղ բերելով միջազգային հանրության կարծիքը և չցանկանալով խփել միջազգային սեփականատերերի եկամուտների օբյեկտներին, որ նրանց հետ խնդիր չունենանք ու նոր բացահայտ թշնամի չվաստակենք:

Եթե մինչև հիմա չենք խփել միայն Ադրբեջանին պատկանող և նրան հեշտ ծնկի բերող կենսական օբյեկտներին, Ադրբեջանը սուտ լուրեր ու իր նման սարքովի տեսանյութեր չի՞ տարածում, չի՞ ասում, թե իբր խփում ենք: Կամ՝ խփել ենք, բայց չի պայթել, խփել ենք, բայց՝ ոչ թե օդանավակայանին, այլ քաղաքի բնակչությանը: Էլ ի՞նչ պետք է անի միջազգային հանրության կարծիքի վրա թքած ունեցող Ադրբեջան վայրագը, իսկ միջազգային հանրությունն ու կառույցները քանի՞ անգամ պետք է մեր երսին շպրտեն «հակամարտող կողմերին հորդորում ենք բախումը դադարեցնել» հավասարեցնող, անվերաբերմունք որակումը, որ հասկանանք, թե այդ հանրության ու կառույցների անփոփոխ ու համահարթեցնող դիրքորոշումը հիմնված է «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքի վրա:

Մեր մեջ ասած՝ միջազգային հանրությունն ու միջազգային գերտերությունները հայ ազգի տարածքային հարցերը ժամանակին լուծել են, երբ Վուդրո Վիլսոնին հանձնարարում էին գծել հայոց կենսական տարածքների քարտեզը: Եվ հիմա, մեր հերթն է տեր կանգնելու մեր իրավունքներին: Օգտվելով պատերազմական իրավիճակից՝ պետք է վերջապես հրապարակ բերել Իրավարար վճիռը և, հրաժարվելով մադրիդյան սկզբունքներից ու կազանյան փաստաթղթերից, դեռ ուժը չկորցրած Իրավարար վճռի օրինական պահանջո՛վ վարել այս համազգային պատերազմը, որպեսզի բանակցելիս հնարավոր լինի խոսել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանողի դիրքերից, ոչ թե անհասկանալի ինքնորոշման: Իսկ եթե ոչ, ուրեմն միջազգային կարևորագույն ու կենսական վճիռն արհամարհելով՝ ի՞նչ կարծիք ու վերաբերմունք ենք սպասում աշխարհից: Այսքան վարանելով, ինչպես նաև վաղուց գոյություն չունեցող ԽՍՀՄ-ից չպոկվելով՝ արդյո՞ք մենք աշխարհից որևէ բան խնդրելու երես ունենք:

Է՞լ ինչ միջազգային օրենքներ խախտող հարվածներ պիտի կիրառեն Թուրքիան ու Ադրբեջանը, որ հասկանանք, թե մեր հաղթանակը ոչ միայն Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների, այլ ամբողջ տարածաշրջանի փրկությունն է լինելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի ժողովրդի, որի համար այդպես անհանգստանում էինք: Մեր հաղթանակն է ազատագրելու նրանց, ում թուրքերը քշում են առաջնագիծ և զոհաբերում՝ ապահովելով անհրաժեշտ գլխաքանակ, իսկ հրադադարի ժամանակ չեն շտապում նրանց մարմինները տանել, քանի որ թաքցնում են զոհերի քանակը: Եթե միջազգային հանրությունը, որ հայտարարում է, թե չի կարող միջամտել գործընթացին, իրոք ուզում է, որ կռիվ չլինի ու ամեն անգամ պատերազմ սկսող, այս անգամ լայնամասշտաբ հարձակում գործած, Ադրբեջանի ժողովուրդն ու հատկապես այլազգիները չզոհաբերվեն, պետք է ոչ թե մե՛զ մեղադրի, այլ Թուրքիայի՛ն սաստի և ընդունի, որ արդարության վերականգնմամբ ու օրինական պահանջով պետք է կասեցվի, անգամ կազմաքանդվի այդ սարքովի Ադրբեջանի բռնի ուժը: Դե ուրեմն, հիմա, քանի դեռ անկախ ենք, պետք է աշխատեցնենք ժամանակին մեզ ընձեռված միջազգային անժամկետ փաստաթուղթը, իրավատիրոջ դիրքերից խոսենք մե՛ր տարածքների ամբողջականության մասին և փրկողի ազնիվ կեցվածքով այս ամե՛նը բացատրենք միջազգային հանրությանը, որի կարծիքն իրենց ամեն մի քայլով կոխկրտում են Թուրքիան ու Ադրբեջանը:

Եվ հետո, աշխարհի կուշտերի ու անտեղյակների կարծիքների հետևից ընկնելու փոխարեն լավ կլինի մեր ներսում, մեր հանրության կարծիքի մասին մտածենք: Օրինակ, շատ տարակուսելի է մեկ տարի առաջ զորացրված զինվորից շորուկոշիկ, սաղավարտ հայթհայթելու հրապարակային խնդրանքը (այլ ձև չկա՞ր), պատերազմի գոտի փիառվող պետական դավաճանների մուտքը թույլատրելը և հետո զարմանալը, թե սահմանագծում սադրիչներ են հայտնվել: Ընդհանրապես, ի՞նչ է կատարվում հայ ազգի գլխին այսօր: Ինչո՞ւ անփորձ մարդիկ ու անհասկանալի կամավորականներն անմիջապես հասան առաջնագիծ, ինչո՞ւ դատվող, բայց տկար ու հիվանդ լինելու պատճառաբանությամբ բաց թողնված դավաճաններին թույլատրեցին անցնել Արցախ՝ իրենց թալանած հարստությունները պաշտպանելու, իսկ հանուն Արցախի նույն հողի քաղբանտարկյալ դարձածներին մերժեցին գնալ հայրենիքը պաշտպանելու: Այս ամենի արդյունքում պառակտումն ու հակաքարոզչությունը հասան ռազմաճակատի գիծ, իսկ փորձառու հրամանատարների կամավորագրվածներից շատերին ոչ միայն դեռ թույլ չեն տալիս, այլև որևէ հանձնարարություն կամ նախավարժանքային ցուցում էլ չեն տալիս:

Ինչո՞ւ մինչև վերջ գնալուց ու հաղթելուց խոսելու հետ դեռ օգտագործվում են «ինքնորոշում» բառը՝ առանց հստակեցնելու, թե ում կազմում են ինքնորոշում և Արցախի անկախություն պահանջելիս չեն հստակեցնում, թե արդյո՞ք հետո Արցախը միացվելու է Հայաստանին: Ի վերջո, ինքնորոշվում են որևէ պետության կազմում, ասենք, որպես ինքնավարություն: Ուրեմն ումի՞ց ենք ինքնորոշում Արցախը, որը իրեն անկախ է հռչակել, մենք էլ աջակցել ենք: Ընդհանրապես ո՞վ ո՞ւմ իրավահաջորդությունն է շարունակում այսօր առաջ տանել: ԽՍՀՄ-ից անկախանալուց, վերցնելով Հայաստանի Առաջին Հանրապետության զինանշանն ու դրոշը, մեր երկիրն արդեն ընդունել է ոչ թե ԽՍՀՄ-ի, այլ 1918 թվականի ՀՀ իրահավահաջորդությունը: Ադրբեջանը նույնպես հրաժարվել է ԽՍՀՄ-ի իրավահաջորդությունից: Հետևաբար, ինչը որ կատարվում է այսօր ռազմաճակատի գծում, և ինչ խնամքով ու հոգատարությամբ էլ որ խոսենք «միջազգային հանրություն» կոչված անհասցե ու անդեմ ուրվականի մասին, հայոց հարցը պետք է քննվի և իրագործվի այս ելակետից: Եթե ներկա իրավիճակում «ինքնորոշում» բառի կողքը Արցախ ենք դնում, հասկացվում է՝ ինքնորոշում ՀՀ-ից, իսկ եթե նկատի ունենք Արցախի ինքնորոշում Ադրբեջանից, պետք է չմոռանանք, որ միայն ԼՂԻՄ-ի ու նրա նախկին տարածքի մասին կարող է խոսք լինել, այն ժամանակ Արցախ բառն անգամ չի հնչել: Այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ ազատագրված մյուս շրջաննե՞րը… Ուրեմն հանձնենք այդ շրջանառվող փաստաթղթերում հիշատակվող կարգավիճակի դիմա՞ց: Դրա՞ համար ենք հիմա արյուն թափում և որդիներ զոհաբերում: ԼՂԻՄ-ի տարածքը ամբողջովին կտրված է եղել և ինքնորոշվելուց հետո էլ կտրված է լինելու Մայր Հայաստանից: Շատ-շատ թողնվի ու մի որոշ ժամանակ գուցեև մնա մեր իմացած «մարդասիրական միջանցքը», որն իրենից ներկայացնելու է օտարի կողմից վերահսկվող բարձունքների տակով անցնող ոլորուն նեղ ճանապարհ, որն էլ երևի թողնվելու է հայաթափության համար: Այս հարցն անգամ քննելու չէ, այլ մերժելու՝ ով էլ որ ցանկանա խաղաղապահ վերահսկել այդ շրջանները և կանգնել այդ ճանապարհի գլխին կախված բարձունքում:

Պատճառաբանում էին, թե Հայաստանին Արցախի միացումը պատերազմ կբերի: Չմիացանք, պատերազմ չեղա՞վ: Ավելին, հայտնի դաշնագրային պայմանագիրը գործում է միայն ՀՀ -ի համար և չի գործում Արցախի տարածքում, որի անկումը նշանակելու է ողջ Հայաստանի մոտալուտ կործանումը: Իսկ եթե Արցախը Հայաստանի մաս լիներ, պատկերն էլ իհարկե այլ կլիներ: Թե չէ, անկախ է Արցախը, թե ՀՀ-ին միացած, ցույց է տալիս այս պատերազմական Աստծո ամեն օրվա այն ակնհայտությունը, թե ում քաղաքացիներն են կռվում ու զոհվում Արցախում: Սա է իրականությունը, որը իրական ժողովրդավարությամբ վճռում է հենց հայ ազգը՝ իր քայլով վերջ դնելով «պետություն-պետություն» խաղալու և ղեկավար պաշտոն ունենալու ամեն տեսակ քաղաքական մոտեցման: Այս պատերազմը ոչ թե միայն Արցախի, այլ ամբողջ Հայաստանի դեմ է, իսկ հերոսամարտը՝ ամբողջ Հայաստանի ու հայ ազգի համար: Այս պատերազմը չի կարող նախորդների մտածողությամբ, փաստաթղթերով ու ձեռագրով վարվել, չի կարող 2016-ի անփառունակ ճակատագրին արժանանալ: Այլևս պետք է լայն ու հեռահար մտածել: Ուստի այս պատերազմը, ինչ գնով էլ լինի, պետք է հասցվի կենսական տարածքների ազատագրման և նպաստավոր բարձունքների գրավման, թշնամու անձնատուր լինելուն ու ռազմատուգանքի պարտադրման: Այլևս ոչ մի թղթե շերեփ ու փայտե պոչ ընկալելի չէ, որպեսզի մեր անտառը հերթական անգամ չփրթվի՝ արդեն մինչև վերջին ծառը, մինչև վերջին սերունդ տվող 18-21 տարեկանը:

Անահիտ Արփեն


    
    
Источник: Հրապարակ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2157 | 0 | 0
Facebook