Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Երբ նեղացել են բյուզանդացուց, պարսիկին են սկսել ծառայել, երբ նեղացել են պարսիկից, ծառայել են բյուզանդացուն

20:22, Среда, 16 Сентября, 2020 года
Երբ նեղացել են բյուզանդացուց, պարսիկին են սկսել ծառայել, երբ նեղացել են պարսիկից, ծառայել են բյուզանդացուն

Արտավան իշխանի և նրա ընկերների այս դեսպանությունը զուգադիպում է Իտալիային տիրող Գոթերի թագավորության դեսպանությանը: Խոշոր պարտություն կրելով Հուստինիանոսից՝ գոթերի թագավորը փրկություն էր որոնում Պարսկաստանում: Նրա ուղարկած դեսպանությանը հանձնարարված էր համոզել Խոսրով Անուշիրվանին, որ պատերազմ սկսի Բյուզանդիայի դեմ: Այդ դեպքում կայսրության զինված ուժերի մի մասը արևելք կտեղափոխվեր, և իրենց համար հեշտ կլիներ դիմակայել կայսրությանը: Պարսից արքան առանց հայ ու գոթ բանագնացների էլ գիտեր, որ Հուստինիանոսը շատ է ուժեղանում Արևմուտքում մղած հաղթական պատերազմերի արդյունքում և որ հարկավոր է նրան թիկունքից ուժեղ հարված հասցնել: Այս նկատառումներով և մանավանդ հայ և գոթ պատգամավորների՝ պատերազմ սկսելու կոչերն հաշվի առնելով, Անուշիրվանը պետական մեծ խորհուրդ է հրավիրում, որպեսզի քննության առնվի առկա դրությունը և անելիքները: Որոշվում է 540 թվականի գարնանը պատերազմ սկսել Բյուզանդիայի դեմ՝ ներխուժելով Սիրիա: Պարսիկների արշավանքը հաղթական է եղել: Քաղաքները կա՛մ փրկագնել են իրենց ազատությունը, կա՛մ գրավվել են ու ավերվել: Անուշիրվանը գրավում ու կողոպտում է նույնիսկ Անտիոք մեծ քաղաքը, իսկ բնակչության մեծ մասին գերեվարում է: Քարուքանդ Անտիոքի փոխարեն Անուշիրվանն իր մայրաքաղաքից ոչ հեռու մի նոր քաղաք է կառուցում ու այնտեղ բնակեցնում է Անտիոքից բռնագաղթեցրածներին ու միջոցներ չի խնայում, որ այս նոր քաղաքը դառնա աչքի ընկնող մշակութային կենտրոն:

541 թվականին պատերազմական գործողությունները շարունակվում են, բայց արդեն փոփոխակի հաջողություններով: Պարսկական զորքերի շարքերում կռվել են Արտավան Արշակունին և այն հայ նախարարները, որոնք հռոմեացիների կողոպուտների դեմ ըմբոստացել էին և վերջում փախել Խոսրովի մոտ: Բյուզանդական պատմագրությունն արձանագրել է նրանց քաջությունները: Բայց նրանք շուտով հիասթափվում են, որովհետև տեսնում են, որ պարսկական իրականությունն էլ հեռու է ցանկալի լինելուց: Խոսրովը արհամարել է հայ նախարարներին, բացի այդ պարսիկների ռազմական հաջողություններն այնպիսին չէին, որ կարելի լիներ հուսալ, թե Պարսկաստանը կնվաճի Բյուզանդական Հայաստանը կամ կկարողանա փոխել այնտեղ հաստատված բյուզանդական համակարգը: Ահա թե ինչու Արտավանն ու իր ընկերները ստիպված են լինում բյուզանդացիների հետ հաշտվելու մասին մտածել: Հաշտությունը կայանում է, բայց ապստամբած հայ նախարարների նախկին կարգավիճակը չի վերականգնվում: Նրանք նույնիսկ չեն կարողանում հաստատվել իրենց բնակավայրերում, այլ իրենց ընտանիքներով և իրենց զորախմբերով գնում են Կոստանդնուպոլիս: Այստեղ Հուստինիանոսը նրանց բարյացկամորեն ընդունում է ու գործելու ասպարեզ է տրամադրում համապետական վարչա-զինվորական ոլորտներում: Այս նոր դրությունն այնքան է գոհացնում նախկին ապստամբներին, որ այժմ էլ բյուզանդական զորքերի կազմում են սկսում կռվել պարսիկների դեմ:

Կամենալով վերջ դնել ձգձգվող պատերազմին, 543 թվականի Խոսրով Անուշիրվանը հայոց կաթողիկոսին հանձնարարում է գնալ Փոքր Հայք և բանակցություններ սկսել բյուզանդացիների Վալերիանոս զորահրամանատարի հետ: Կաթողիկոսն իր հետ տանում է նաև իր Գևորգ եղբորը: Վալերիանոսին նա խորհուրդ է տվել ընդունել հաշտություն կնքելու առաջարկը՝ հավատացնելով նրան, որ ինքը, որպես քրիստոնյա, հոռոմների օգուտն է ուզում, և կաշխատի համոզել Խոսրովին ընդունել հաշտության այն պայմանները, որ կառաջարկի կայսրը: Կաթողիկոսի եղբայրն էլ հավելում է, թե պարսից արքայից արքան մեծ նեղության մեջ է, կասկածներ ունի, որ իր որդին շուտով ապստամբելու է իր դեմ, բացի այդ Պարսկաստանում ժանտախտ է սկսվել: Վալերիանոսն իսկույն տեղեկացնում է կայսրին այն ամենը, ինչ իրեն ասվել է, և կայսրը նրան հրամայում է օգտվել այդ բարեպատեհ հանգամանքից և արշավել Հայաստան: Ահա այդ արշավանքին մասնակցում է նաև Արտավանը, ինչպես նաև մեկ ուրիշ իշխան, որի անունն էր Ներսես:

Վալերիանոսը երեսուն հազարանոց բանակով ներխուժում է Արարատյան երկիր: Հայոց մարզպան Մժեժ Գնունին մեծ ընծաներով կարողանում է Վալերիանոսին համոզել, որ նա արգելի իր զինվորներին նեղացնել խաղաղ բնակչությանը: Վալերիանոսն անցնում է Բագրևանդի հովիտը և գնում պարսիկներին հանդիպում է Անգղ բերդի մոտ: Բայց նրա զորքը լավ վարժված չի եղել, իսկ բյուզանդացի հրամանատարները իրար դեմ միայն ինտրիգներ լարելում են հմուտ եղել: Չնայած արգելքին, զինվորները թալանով ու կողոպուտով են զբաղվել: Պարսիկները կարողացել ենԱնգղ գյուղի նեղ փողոցներում կասեցնել բյուզանդացիներին: Այդ միջոցին Ներսես իշխանը իր ղեկավարած հայկական գնդով հարձակվել է պարսիկների վրա, բայց այդ ընթացքում էլ ինքը սպանվել է: Բյուզանդացիները խուճապի են մատնվել և սկսել են փախչել:

562 թվականին Հուստինիանոսը Խոսրով Անուշիրվանի հետ հիսունամյա հաշտություն է կնքում: Իր կայսրության մեջ ամենայն խստությամբ հալածելով ոչ ուղղափառ եկեղեցիները՝ Հուստինիանոսը նույն այդ եկեղեցիների պաշտպանն էր կանգնում օտար պետությունների մեջ: Օրինակ՝ այս դաշնագրի մի հոդվածով պարսից կառավարությունը պարտավորվում էր թույլ տալ, որ քրիստոնյա բոլոր եկեղեցիները Պարսկաստանի ամբողջ տարածքում ազատորեն կատարեն իրենց ծեսերն ու պաշտամունքները:

Հաշտության պայմանագրի կնքումից երեք տարի անց Հուստինիանոսը մահանում է: Նրան հաջորդում է Հուստինիանոս 2-րդը (565 - 578):

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2938 | 0 | 0
Facebook