Դրվագ գրողի կյանքից։ Մաքսիմ Գորկին է պատմում․
«Մի անգամ նրան ճոխ հագնված երեք տիկին այցեցին։ Սենյակը լցնելով մետաքսե շրջազգեստների աղմուկով և թունդ օծանելիքի բույրով՝ նրանք պարկեշտաբար նստեցին տանտիրոջ դիմաց և, ձևացնելով, իբր թե քաղաքականությունը շատ է հետաքրքրում, սկսեցին «հարցեր առաջադրել» ։
-Անտոն Պավլովիչ, իսկ դուք ինչպե՞ս եք կարծում, ինչո՞վ կավատվի պատերազմը։
Անտոն Պավլովիչը հազաց, մտորեց և հանդարտ, լուրջ տոնով, բարեհամբույր պատասխանեց․
-Հավանաբար․․․ խաղաղությամբ։
-Դե, իհարկե։ Բայց ո՞վ է հաղթելու։ Թուրքե՞րը, թե՞ հույները։
-Ինձ թվում է, կհաղթեն նրանք, ովքեր ուժեղ են։
-Իսկ ովքե՞ր են ավելի ուժեղ, -իրար խոսք կտրելով՝ վրա եկան կանայք։
-Նրանք, ովքեր ավելի լավ են սնվում և առավել ուսյալ են․․․
-Ախ, որքա՜ն սրամիտ է, -բացականչեց մեկը։
-Իսկ դուք ու՞մ եք ավելի սիրում՝ թուրքերի՞ն, թե՞ հույներին։
Անտոն Պավլովիչը գորովանքով նայելով նրան՝ պատասխանեց սիրալիր ժպիտով․
-Ես մարմելադ եմ սիրում։ Իսկ դուք․․․ սիրու՞մ եք։
-Շա՜տ, -աշխուժացած՝ բացականչեց տիկինը։
-Այնքա՜ն անուշ է, -լրջորեն հաստատեց մյուսը։
ՈՒ բոլորը սկսեցին ոգեշնչված խոսել՝ ցուցաբերելով մարմելադի մասին հրաշալի խորագիտություն և նրբիմացություն։ Ակնհայտ էր՝ տիկնայք շատ էին գոհ, որ հարկ չկա լարել միտքը և հետաքրքրվածություն ձևացնել թուրքերի ու հույների հանդեպ, որոնց մասին մինչ այդ չէին էլ մտածել։
Գնալիս Անտոն Պավլովիչին խոստացան․
-Մենք ձեզ մարմելադ կուղարկենք։
-Դուք փառավոր զրուցեցիք, -նկատեցի ես, երբ նրանք հեռացան։
Անտոն Պավլովիչը հուշիկ ծիծաղով ասաց․
-Պետք է յուրաքանչյուր մարդ խոսի իր լեզվով․․․» ։
Թարգմանությունը Արամ Հովհաննիսյանի