Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 20 Сентября, 2020 года

Статьи

Մի քանի հետաքրքիր պատում Ալեքսանդր Մեծի կյանքից

21:00, Вторник, 28 Июля, 2020 года
Մի քանի հետաքրքիր պատում Ալեքսանդր Մեծի կյանքից

Ալեքսանդրը ցանկացել է Ասիային տիրանալ ոչ թե որպես զավթիչ, այլ որպես ժառանգորդ՝ ամենաիմաստունի ու ամենաքաջի իրավունքով: Երբ նա անցնում է Փռյուգիայով, նրան տաճարում ցույց են տալիս Գորդեոս թագավորի մարտակառքը, որի առեղը լծին կապված է եղել հոնի ծառի կեղևից պատրաստված ճոպանի հանգույցով: Ասել են, թե ով կարողանա արձակել այդ հանգույցը, նա կժառանգի իշխանությունն ամբողջ Ասիայի վրա: Ալեքսանդրը փորձել է ու չի կարողացել արձակել, որովհետև այն շատ խճճված է եղել: Այդժամ նա հանել է սուրը և կտրել է Գորդեոսյան հանգույցը:

Երբ նա նվաճում է Եգիպտոսն ու տեղեկանում է, որ այստեղ թագավորներին կենդանի աստվածներ են համարել, նա իրեն աստված՝ Զևս-Ամոնի որդի է հռչակում: Ասիական ժողովուրդները նույնպես ընդունում են նրան ու աստված են հռչակում: Բայց հույները դժգոհում են, իսկ հպարտ սպարտացիները արհամարhաբար ասում են Ալեքսանդրի դեսպանին. «Եթե Ալեքսանդրն ուզում է աստված լինի, թո՛ղ լինի»:

Ասիային տիրելու ճանապարհին նրա գլխավոր հակառակորդը եղել է պարսից արքա Դարեհ 3-րդը: Ալեքսանդրը նրան արդեն մեկ ճակատամարտում հաղթել էր: Շուտով տեղի էր ունենալու երկրորդը: Դարեհը նրան հաշտություն է առաջարկում իր պետության կեսի դիմաց: Ավագ զորահրամանատար Պարմենիոսն ասում է. «Ես կհամաձայնեի, եթե Ալեքսանդրը լինեի»: «Իսկ ես կհամաձայնեի, եթե Պարմենիոսը լինեի», - պատասխանում է Ալեքսանդրը և Դարեհին գրում է. «Երկնքում երկու արև չի կարող լինել. Հնազանդվի՛ր, կամ կռվի՛ր»: Ճակատամարտից առաջ Դարեհը նորից է Ալեքսանդրին առաջարկում թագավորության կեսն ու նաև մեծ փրկագին: Ալեքսանդրը պատասխանում է. «Դու առաջարկում ես այն, ինչն այլևս քեզ չի պատկանում»:

Ճակատամարտը տեղի է ունեցել Գավգամելայի մոտ: Ալեքսանդրը հաղթել է: Ճակատամարտի վճռորոշ մարտը կողքերին պտտվող մանգաղներ ունեցող պարսկական մարտակառքերի հետ բախումն է եղել: Մանգաղներն Ալեքսանդրի զինվորներին ծնկներից վար հնձելիս են եղել: Ալեքսանդրն իր զինվորներին հրամայել է նիզակներով խփել վահաններին. սարսափելի աղմուկը խուճապահար է արել թշնամական ձիերին, և մարտակառքերը ետ են դարձել:

Դարեհը փախել է: Ավելի ուշ նրան սպանել է իր իսկ սատրապը՝ Բեսը՝ ցանկանալով արժանանալ Ալեքսանդրի բարեհաճությանը, բայց վերջինիս արձագանքը դավաճանի նկատմամբ ատելությունն է եղել: Ալեքսանդրը չի ցանկացել սպանել Դարեհին. նա նպատակ է ունեցել նրանից արքայավայել ստանալ իշխանությունը և նրան դարձնել իր բարեկամն ու խորհրդատուն, ինչպես Կյուրոսն է վարվել Կրեսոսի հետ:

Նա Բեսին հանձնել է Դարեհի ազգականների ձեռքը, որպեսզի նրա հետ հաշվեհարդար տեսնեն: Դավաճանին կտոր-կտոր են արել ու այդ կտորները պարսատիկով անապատի բոլոր կողմերն են նետել:

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
4875 | 0 | 0
Facebook
COMMENT.am