Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Ժպտացող աղջկա Ագապե սերն ու մեծ երազանքը

Son Yan
Автор:
Son Yan
15:52, Среда, 22 Июля, 2020 года
Ժպտացող աղջկա Ագապե սերն ու մեծ երազանքը
     Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հերթական զրուցակիցը հայ թատրոնի և կինոյի սիրված դերասանուհի, թատերական ռեժիսոր Լիլի Էլբակյանն է։
    
     — Միտք, որ առաջինն է ծագում արթնանալիս
    
     — Գոհանում եմ Աստծուն, որ արևը նորից բացվեց, ու իսկապես էդպես է, որովհետև որ օրը որ մոռանում եմ, շատ տխուր եմ արթնանում և նյարդային եմ լինում առավոտյան, իսկ երբ գոհանում եմ ու հասկանում եմ, որ այս կյանքը հրաշալի է, օրս միանգամից փոխվում է
    
     — Էդգար Էլբակյան ավագ, Էլբակյան հայր․․․ավելի շատ ազգանվան պատասխանատվությունը ճնշո՞ւմ է, թե՞ ՝ հպարտություն եք ապրում
    
     — Ազգանվան պատասխանատվությունը և ճնշում է, և հպարտանում եմ, երկուսն էլ կա, մի կողմից ճնշվում եմ, քանի որ ես պատասխանատու մարդ եմ և միշտ կրում եմ իմ մեջ այդ պատասխանատվությունը և ամեն քայլ անելիս մտածում եմ, որ սխալ քայլեր շատ չանեմ և կարծես ես, այո, ես իմ ազգանվան կրողն եմ, հետնորդն եմ և պիտի կարողանամ արժանապատիվ այն կրել, բայց նաև հպարտություն է, որովհետև երբ, օրինակ, ասում են, որ ճանաչում են, կամ, ուղղակի, դու գիտես դու ո՞վ ես, դա որոշակի ինքնավստահություն է տալիս և դու հասկանում ես, որ դու էլ պիտի արժանի լինես այդ ազգանվանը
    
     — Արտահայտություն, որն անում եք շատ հաճախ
    
     — Չեմ կարողանում մտաբերել հատուկ արտահայտություն, որն անում եմ, սովորություն ունեմ շատ հաճախ ասելու ես քեզ սիրում եմ, և մանկուց, բացարձակ, կոմպլեքս չունեի այդ խոսքերից, բայց նաև հիմա, երբ մեծացել եմ, փորձում եմ այդ խոսքերը, իրոք, ասել այնպես, որ չարժեզրկվի
    
     — Ձեր ամենատարօրինակ սովորությունը
    
     — Չգիտեմ տարօրինա՞կ սովորություն է, թե՞ ոչ, բայց սովորություն է, երբ աչքերս բացում եմ, պետք է անպայման մի փոքրիկ, թեկուզ, սև շոկոլադով թեյ խմեմ, և ընդհանրապես, երբ ազատ եմ լինում թեյ եմ խմում, դա երևի իմ ամենալավ կամ ամենատաք սովորությունն է, որովհետև սիրում եմ, որ թեյը շատ տաք լինի
    
     — Բնավորության գիծ, որից կցանկանաք ազատվել
    
     — Բնավորության գծերից է այն, որ շատ անհամբեր եմ և թե մեքենա վարելիս, թե բեմադրություն անելիս, թե երեխաներին դաստիարակելիս ինձ շատ է խանգարում․․․ Սիրում եմ, որ ամեն ինչ արագ-արագ լինի ու շատ եմ շտապում և դրանից շատ բան տուժում է
    
     — Երազած դեր, որը դեռ չեք խաղացել
    
     — Երազած դեր, որը բեմադրել եմ և այդպես էլ չեմ խաղացել «Ռոմեո և Ջուլիետ» -ում Ջուլիետի դերն է, երևի բոլոր աղջիկներն են երազում Ջուլիետ խաղալ, բայց իմ Ջուլիետը մի քիչ ուրիշ Ջուլիետ պիտի լիներ, որը բեմադրեցի, բայց ինքս կուզենայի այդ Ջուլիետին ներկայացնել, բայց երևի արդեն վերջ, էլ չեմ խաղա, որովհետև տարիքս Ջուլիետի չէ։ Չնայած բոլորն ասում են, որ դեռ արտաքինով այդքան չեմ մեծացել, բայց, միևնույնն է, արդեն ես ինքս ինձ, օրինակ, Ջուլիետ չէի տա
    
     — Եթե հանդիպեիք ոսկե ձկնիկին․․․3 ցանկություն, որ կպահեիք
    
     — Եթե հանդիպեի ոսկե ձկնիկին երևի կասեի, որ աշխարհում, հատկապես Հայաստանում խաղաղություն լինի, երկրորդը պետք է առողջություն խնդրեի հիմա, որովհետև ամենակարևոր բանն է բոլորի համար, որ կորոնավիրուսը վերանար, և երրորդը, որ թատրոնները նորից սկսեն աշխատել, երևի դա կլինի առանց ոսկե ձկնիկի և նաև դրա մեջ միասին կուզենայի մի մեծ թատրոն ունենալ, հենց իմ թատրոնը, որտեղ ես կբեմադրեի մյուզիքլներ, այնպես ինչպես ինքս դա տեսնում եմ, ու ինչը որ Հայաստանում, կարծում եմ, երբեք ոչ ոք չի արել
    
     — Արևածագ թե՞ մայրամուտ
    
     — Մայրամուտ
    
     — Երազանք, որ գալիս է մանկությունից
    
     — Երազանքս ոսկե ձկնիկի մեջ ասեցի, ես երազանք ունեմ, որովհետև մենք միշտ ունեցել ենք «Էդգար Էլբակյան» թատրոն և այդ թատրոնը միշտ դեգերել է ու շենք չի ունեցել և հետո խամաճիկների թատրոնում փորձում էինք խաղալ այդ ներկայացումները, և այդ ներկայացումները հրաշալի ներկայացումներ էին, նույն «Ուշացած թռչունը» և «Ռոմեո Ջուլիետ» -ն է էդտեղ ծնվել և շատ-շատ հրաշալի ներկայացումներ։ Ես երազում եմ, որ այդ թատրոնն ունենա իր շենքը, որտեղ ազատ թեմայով կկարողանամ ստեղծագործել։
    
     — Ի՞նչ է այսօր ձեզ պակասում կատարյալ երջանկության համար
    
     — Կատարյալ երջանկության համար պակասում է հասկանալ, որ դու կատարյալ երջանիկ ես, և միշտ-միշտ մարդուն ինչ-որ մի բան պակասում է, և ինձ էլ, բայց երբ որ հետ ես նայում տեսնում ես, որ, ախր, դու երջանիկ էիր, դու ամեն ինչ ունեիր և քեզ թվում էր, որ էլի ինչ-որ մի բան պակասում էր։ Ես ուզում եմ, որ չպակասի և ասելու եմ, որ չի պակասում։ Ես ունեմ ծնողներ, փառք Աստծո առողջ, երեխաներ, ընտանիք և կարծում եմ, որ դա կատարյալ երջանկություն է
    
     — Չարաճճի արարք, որ հիշելիս ծիծաղ է արթնացնում
    
     — Չարաճճի արարքները հիմնականում կուլիսային կյանքից են, երբ, օրինակ, չգիտեմ, մյուս դերասանի բաժակի մեջ ալյուր էինք լցնում, որևէ այդպիսի ծիծաղելի արարք էինք անում, և երբ հիշում եմ, միշտ ծիծաղում եմ, երևի շատ կան չարաճճի արարքներ ուղղակի էդպես հիմա կյանքից չեմ մտաբերում
    
     — Կարմի՞ր թե սպիտակ գինի
    
     — Վարդագույն գինի
    
     —Ինչպե՞ս կնկարագրեք ձեզ
    
     — Միշտ նկարագրում են ժպտացող աղջիկը․․․կարծում եմ, որ իմ դեպքի այցեքարտը հենց ժպիտն է
    
     — Կա՞ հավերժական սեր
    
     — Չգիտեմ, ճիշտն ասած հավերժական սեր կա թե չէ, երևի թե կա, նայելով ծնողներիս հասկանում եմ, որ կա, բայց որ սեր կա, հաստատ, այո՛, կա։ Կա Աստվածային սեր, Ագապե սերը, որի վրա վստահ եմ, մնացած բոլոր սերերը ինձ համար կասկածելի են
    
     — Հարց, որ մշտապես տալիս եք ձեզ
    
     — Միշտ մտածում եմ, որ եթե չծնվեի այս ընտանիքում որտեղ որ ծնվել եմ, ես ի՞նչ երկրում կլինեի, ո՞վ կլինեի, ինչպե՞ս կապրեի իմ կյանքը, ու, արդյո՞ք, կիմանայի թե ի՞նչ բան է թատրոնը, ի՞նչ բան է այս աշխարհը, և արդյո՞ք այսքան հետաքրքիր կլիներ իմ կյանքը, թե չէ։ Այ այդ հարցը ինձ միշտ հետաքրքրում է
    
    
     Սոնա Գիշյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3325 | 0 | 0
Facebook