Идет загрузка...
Сегодня:  Четверг, 13 Августа, 2020 года

Статьи

Խորամանկամիտ կնոջ յոթ հնարքները (սկիզբը՝ նախորդում)

12:23, Среда, 08 Июля, 2020 года
Խորամանկամիտ կնոջ յոթ հնարքները (սկիզբը՝ նախորդում)

Ճանապարհորդության երրորդ օրը նրանք մոտեցան Գենի հարազատ վայրերին: Տնից երկու-երեք լի հեռավորության վրա ընչազուրկների զույգն իջևանեց հին լքված տաճարում, որպեսզի մի քիչ սնվի և ուժը պահպանի: Գենն իր ուղեկցի ուտեստի մեջ ևս մեկ մանրատված լոբի դրեց: Տղամարդը նորից տապալվեց ու այլևս չկարողացավ ոտքի կանգնել՝ նրա մեջ ուժ չէր մնացել:

-Այս անիծյալ հիվանդությունից ոգիս հյուծվել է, - հոգոց հանեց նա: - Երևում է, շուտով մեռնելու եմ, ես զգում եմ մահվան մոտենալը: Եթե քո մեջ ամուսնական հավատարմություն կա, գնա, խնդրում եմ, հեքիմիներից դարման բեր: Խնդրում եմ, փրկի՛ր ինձ: Թե չէ ոտքերս կձգեմ, մահս սարերի հետևում չէ:

-Վաղն անպայման մի բան կճարեմ, - հանգստացրեց Գենը:

Հաջորդ օրը, երբ լույսը դեռ չէր բացվել, Գենն արդեն վեր էր կացել: Ավազակին ասելով, որ գնում է դեղ բերելու, կինն ուղղվեց հարազատ տուն: Դուռն անսպասելիորեն բացեց ամուսինը: Կնոջ անակնկալ հայտնվելը (ասես երկնքից ընկավ) նրա մեջ ոչ այնքան ուրախություն հարուցեց, որքան զարմանք ու նույնիսկ որոշակի տագնապ:

-Ինչպե՞ս կարողացար ավազակների ձեռքից դուրս պրծնել, - հարցրեց նա:

Կինը կարճ բացատրեց, թե ինչպես է իրեն հաջողվել ավազակին խաբել: «Կեցցե՛ կինս: Կարողացել է նրանց մատների վրա խաղացնել», - եզրակացրեց ամուսինը: - Բայց կարողացե՞լ է իր մաքրությունը պահպանել», - փորձեց գուշակել նա:

-Քանի որ ավազակը մոտակայքում թաքնված է, փորձեմ նրան սպանել, - բացականչեց նա:

-Մի՛ շտապիր, - կանգնեցրեց նրան կինը: -Ավազակին կարելի է որևէ կերպ օգտագործել, և ես գիտեմ՝ ինչպես: Բայց առայժմ ոչ մեկին ոչինչ մի՛ պատմիր: Քանի դեռ մութ է, մի տեղ պիտի գնաս: Այնտեղ՝ կամրջի տակ, իրերով հակ կտեսնես: Դրանում առնվազն երկու հազարի թանկարժեք իրեր են: Դրանք բոլորն անհապաղ տո՛ւն բեր…Մի ծրագիր էլ ունեմ:

Ամուսինը լսեց խորհուրդը և քամու նման թռավ նշված վայրը, իսկ կինը գնաց դեղագործի կրպակ, որը նրան ֆուլինի սնկից, ժենշենից ու բայչժու բույսից պատրաստված փոշի տվեց: Կինը տաճար վերադարձավ ու ավազակին հանձնարարեց դեղ խմել: Լուծը մի քիչ պակասեց, բայց և այնպես հիվանդը դեռ երեք-չորս օր պիտի համբերեր, մի խոսքով՝ վերջնական բուժվեր, հետո նոր գաղտնարանը փնտրեր:

-Թաքստոցը բացելու համար մեզ բահ է պետք, - ասաց կինը: - Գնամ դարբնոց, կաշխատեմ գործիք ճարել:

Այս պատրվակով նա հեռացավ տաճարից ու նորից տուն գնաց: Պարզվեց, որ այն իրերը, որոնք ամուսինը գտել էր կամրջի տակ, արդեն տանն էին:

-Հիմա կարելի է այդ չարագործի վերջը տալ, բայց չարժե շտապել: - Կինն ամուսնուն բացատրեց, թե նա ինչ պետք է անի: - Եվ, խնդրո՛ւմ եմ, չ՛սխալվես:

Հագուստները փոխելով, նա մնաց տանը և լքված տաճար այլևս չվերադարձավ:

Ամուսինն արեց ճիշտ այնպես, ինչպես ասել էր կինը: Ամենասկզբում նա գտավ թուջե շղթան, հետո երկու համագյուաղու հետ գնաց տաճար, որտեղ ավազակն էր:

-Հե՛յ, ավազակ, - բարձր գոռաց նա, - որտե՞ղ ես:

Ավազակի հոգին ոտնաթաթերին հասավ: Գենն օգնականների հետ շղթայեց ու մարդաշատ վայր քարշ տվեց:

-Հարևաննե՛ր, հարազատնե՛ր ու մերձավորնե՛ր, - խոսեց նա՝ միաժամանակ խփելով պղնձե ափսեին, - շուտ վազե՛ք այստեղ: Բոլորի ներկայությամբ այս չարագործ ավազակին մահապատժի ենք ենթարկելու:

Բազմություն հավաքվեց: Ավազակին անմիջապես կապեցին գերանից, իսկ Գենը, ձեռն առնելով դագանակը, սկսեց նրան ամբողջ ուժով թակել:

-Դո՛ւ տարար կնոջս, ավազա՛կ, - ճչաց ամուսինը: - Դու նրան օգտագործեցի՛ր, դու նրա հետ անառակացա՛ր:

-Ո՞վ է քո կինը, ես չգիտեմ: Ես գերի եմ տարել ոչ թե մեկ, այլ շատ կանանց, - արդարացավ ավազակը:

- Նրա անունը Գեն Երկրորդ է:

-Նա ինձ ասաց, թե իր ամուսինն իր աչքի առաջ զոհվել է, - զարմացած ասաց ավազակը: - Կնշանակի, այն ամենը, ինչ նա ինձ ասաց, խաբեությո՜ւն է..Բայց ես քեզ կասեմ՝ ճշմարիտ է, որ որ ես նրան տարել եմ, ինչպես ճշմարիտ է նաև այն, որ նրա հետ եմ ես այստեղ եկել: Բայց նրան ես ոչ մի վատ բան չեմ արել: Խնդրո՛ւմ եմ, հարգելինե՛ր, ինձ իզուր մի՛ խփեք:

-Ինչպես երևում է, լեզուդ լավ էլ բլբլում է: Ավազա՛կ, - գոռաց ամուսինը: - Դու տասը գիշերից ավելի անցկացրել ես կնոջս հետ, ու համարձակվում ես ասել, թե ձեր միջև ոչինչ չի՞ եղել: Ո՞վ կհավատա քեզ: - Ամուսինը նորից ձեռքն առավ դագանակը:

-Թու՛յլ տուր բացատեմ, - աղաչեց ավազակը: - Կա մի հանգամանք…

-Ես քեզ չե՛մ ուզում լսել, սրիկա՛, - գոռաց Գենը:

-Ո՛չ, թո՛ղ խոսի, - միջամտեց հարևաններից մեկը: Դագանակը միշտ կա ու կա:

Գենն իջեցրեց վրեժի գործիքը: Հավաքվածները լռեցին: Նրանք սպասում էին ավազակի բացատրությանը: Եվ նա պատմեց:

(շարունակելի)

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
3328 | 0 | 0
Facebook
COMMENT.am