Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Հուլիսի 5՝ տարվա 186-րդ օր, թե՞ պետականության կերտման ազդարար

16:45, Воскресенье, 05 Июля, 2020 года
Հուլիսի 5՝ տարվա 186-րդ օր, թե՞ պետականության կերտման ազդարար
    
    

Այսօր ՀՀ Սահմանադրության ընդունման օրն է: Սահմանադրությունն ընդունվեց 1995թ. հուլիսի 5-ին: 1995 թվականի այդ օրը երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Դա պետականության կայացման գործընթացում շատ կարևոր իրադարձություն էր։ Այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը: Հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությունը անկախ Հայաստանի Սահմանադրության առաջին մոդելն էր: Այն երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների, որոնցից առաջինը կատարվել է սահմանադրության ընդունումից մեկ տասնամյակ անց՝ 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով, իսկ երկրորդը՝ վերջինը, կատարվել է սահմանադրության ընդունումից երկու տասնամյակ անց՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով:
     ՀՀ Սահմանադրության ընդունմամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը և հիմնը: Տեղի ունեցան մի շարք փոփոխություններ նաև պետական համակարգում: Սկսեցին ձևավորվել պետաիրավական նոր կառույցներ։
     Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին, վերապահված լայն լիազորություններով՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, վերանվանվեց Ազգային ժողով։
     ՀՀ տարածքային կառավարման կառուցվածքի բարելավման նպատակին էին ծառայում 1995թ. դեկտեմբերին կատարված վարչատարածքային փոփոխությունները և նոր միավորումների՝ մարզերի ու համայնքների հիմնումը։ Հանրապետության շուրջ չորս տասնյակի հասնող շրջանների միավորման միջոցով ստեղծվեցին 10 մարզեր և 1 մարզ ևս` քաղաքամայր Երևանը:
     Հետագայում ստեղծված տեղաշարժերը ստիպեցին բարեփոխումներ կատարել Սահմանադրության մեջ: 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության կիսանախագահական կառավարման մոդելը էական բարեփոխումների ենթարկվեց։ Այդ փոփոխությունների արդյունքում էականորեն սահմանափակվեցին ՀՀ նախագահի լիազորությունները, ընդլայնվեցին խորհրդարանի և Կառավարության իրավասությունների շրջանակները․ արդյունքում ձևավորված կիսանախագահական կառավարման մոդելը կարելի է բնորոշել արդեն որպես խորհրդարանական-նախագահական։
     2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը անցում կատարեց խորհրդարանական կառավարման ձևին։ Այդ սահմանադրական փոփոխություններից հետո պետական իշխանության համակարգում առաջնային մանդատ ունեցող մարմին դարձավ Ազգային ժողովը ։
     Իսկ ի՞նչ ենք հասկանում «սահմանադրություն» ասելով:
     Սահմանադրությունը պետության ու հասարակության հիմնական օրենքն է, որն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, ամրագրում է հասարակական և պետական կարգերի հիմնական սկզբունքները, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները, ազատությունները և պարտականությունները, ինչպես նաև պետական իշխանության մարմինների համակարգը:
     Սահմանադրության հասկացության բուն իմաստը պարզելու համար նաև անհրաժեշտ է հասկանալ սահմանադրականության գաղափարի առաջացման անհրաժեշտությունը եւ այն նպատակը, որին հասնելու միջոց կարող է դառնալ սահմանադրությունը: Անհրաժեշտ է պարզել, թե որ գաղափարներն են դարձել սահմանադրության ստեղծման ելակետը և ինչ նախադրյալներ են առկա եղել դրա ստեղծման համար:
     Առաջին սահմանադրությունները ստեղծվել են 18-րդ դարի վերջում (ԱՄՆ՝ 1787թ., Ֆրանսիա՝ 1791թ.): Մարդկության պատմության ողջ ընթացքում մարդիկ անվերջ պայքարել են իրենց իրավունքների և ազատությունների համար, պայքարել են անսահմանափակ եւ անվերահսկելի իշխանության դեմ և ահա այդ անսահմանափակ ու անվերահսկելի իշխանությունը սանձելուն էր ուղղված XVII-XVIII դարերում ձեւավորված սահմանադրականության գաղափարը, որից հետո մարդկանց բազմաթիվ խախտված իրավունքների ու իրավական պաշտպանության միջոցը դարձավ իրավական կայուն համակարգի և սահմանադրությունների ստեղծումը՝ որում արդեն մանրամասն կարգավորվում էին մարդկանց հիմնարար իրավունքների և ազատությունների մասին դրույթները: Սակայն միակ պատճառը սա չէր սահմանադրություններ ստեղծելու, կար նաև մեկ այլ լուրջ պատճառ. դա յուրաքանչյուր հասարակությունում առկա բազմաթիվ ու բազմաբնույթ հակասություններերն էին, քաղաքական, տնտեսական, սոցիալական, անձնական ու հա¬սա¬րա¬կական շահերի բախումները, որոնք իրենց բնույթով շատ դեպքերում բնական են և օրինաչափ: Այս պարագայում անհրաժեշտ էր ստեղծել մի կայուն համակարգ, որտեղ կհամընկնեին անձնական եւ հասարակական շահերը: Եվ այսպիսով ստեղծվեց սահմանադրությունը, որում ամրագրվեցին բազմաթիվ հիմնարար սկզբունքներ, որոնցից թերևս ամենակարևորն էր՝ իրավահավասարության սկզբունքը, որը նպատակ ուներ ցույց տալու, որ բոլորը հավասար են, և չկան այս կամ այն արտո¬նու¬թյունն ունեցողներ: Այս կարևորագույն և ելակետային սկզբունքն ամրգրված է նաև ՀՀ Սահմանադրությում:
     Մասնավորապես 28, 29 և 30-րդ հոդվածները սահմանում են հետևյալը ՝ բոլորը հավասար են օրենքի առջև, խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից (…) արգելվում է, կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

Իսկ ինչպիսի՞ն է մեր «երազանքների Սահմանադրությունը» ...

Սահմանադրությունը չպետք է դառնա ամեն եկող իշխանության քմահաճույքը, չպետք է արժեզրկվի դրա դերն ու նշանակությունը, այն չպետք է դիտվի որպես մի թղթի կտոր, որի վրա գրված են հերթական հոդվածները: Իմ երազանքների սահմանադրությունը այնքան ամուր պետք է լինի, որ նույնիսկ չափազանց բարձր լեգիտիմություն ունեցող իշխանությունը փոփոխություններ կատարի միայն ու միայն ծայրահեղ դեպքում, իմ երազած սահմանադրության փոփոխությունները պետք է ունենան քաղաքական մեծ հետևանքներ, ես ուզում եմ կայացած սահմանադրություն, ոչ թե ամեն քաղաքական առիթով փոխվող սահմանադրություն:
     Ներկայիս հասարակությունը պետք է հասկանա և գնահատի սահմանադրության կարևորությունը և ամեն մի սահմանադրական բարփոխման վերաբերյալ ունենա իր կամքի ու գիտակցության վրա հիմնված հստակ կարծիք, այլ ոչ թե զուտ հասարակության մեծամասնության կարծիքի վրա հիմնված դիրքորոշում: Մեր երկիրը կդառան հզոր և պաշտպանված, երբ մեր հասարակության բոլոր տարրերը վարքագծային և վերաբերմունքային առումով ընդունեն այն՝ որպես խաղի միակ կանոն, և իրենց որոշումների ու գործողությունների կատարման մեջ անգամ չմտածեն սահմանադրական նորմերի շրջանցման մասին։
     Եվ ես՝ որպես «ԵՍ» նախաձեռնության անդամ, մեր հասարակության ու պետության ապագան տեսնում եմ երիտասարդության ձեռքերում. այս երիտասարդությունը պետք է ապացուցի, որ ինքը կարող է դառնալ վաղվա փայլուն ապագան կերտողը, և սա ամեն ոք պետք է սկսի իր ԵՍ-ից:
    
     Մարիամ Թումոյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5603 | 0 | 0
Facebook