Идет загрузка...
Сегодня:  Суббота, 31 Октября, 2020 года

Статьи

Մանկության մասին. թող աշխարհում այլևս չլինեն մանկություն չունեցող մարդիկ

17:09, Понедельник, 01 Июня, 2020 года
Մանկության մասին. թող աշխարհում այլևս չլինեն մանկություն չունեցող մարդիկ

Պատերազմը նոր էր ավարտվել, ավելի ճիշտ հրադադարը նոր էր հաստատվել...հիմնովին ավերված գյուղն ազատագրված էր, բայց դատարկ, կենդանի շունչը միայն ծառից ծառ վախեցած թռչկոտող ճնճղուկն էր։ Ազատագրված գյուղ առաջինը վերադարձան հիմնականում մեծահասակները, ովքեր հող ու ջրին ավելի էին կապված, ովքեր քաղաքում ապրելու տեղ չունեին….դե, դպրոց չկար, բնականաբար… այստեղ-այնտեղ միայն ազերիների ձեռքով հրդեհված երբեմնի ծաղկուն տներից միայն սև մոխրակույտեր էին...ասես բնությունն էլ էր հոշոտված, արկերից վիրավոր, ճղակոտոր հաստաբուն ծառերը կիսված, խեժե արցունքներով ողբում էին...վիրավոր գյուղը առաջին վերադարձածների հետ վերակենդանացման նշույլ էր ցույց տալիս։ Իսկ մեծերի հետ առաջինը վերադարձած երեխան ես էի...մայրս, ձեռքիցս բռնած, մտավ մեր «տունը», մի երկաթե ձող վերցրեց և սկսեց աջուձախ քանդել, փորել մոխիրը, որը կոչվում էր տուն...մանուկ հոգիս չէր ընկալում այդ գործողության իմաստը...դա կոչվում էր մոխիրներից վեր հառնելու ճիգ, հույս, որը պիտի ապրեցներ մեզ ու գյուղին… հետո, տեղի տալով իմ՝ այդտեղից դուրս գալու, հեռանալու խնդրանքներին, ձեռքիցս ամուր բռնեց, սովորականից ուժեղ սեղմելով, ասես ուզում էր ուժ ստանալ իմ փոքրիկ ափից, արցունքոտ աչքերը, որի կանաչ գույնը արցունքի մշուշից զինվորական համազգեստի գույն էր ստացել (այդ օրերին ամենատարածված և փրկության հույսի գույնն էր) հարցական հառեց ինձ.

-Հոգնեցի՞ր, ձանձրանու՞մ ես, ուզու՞մ ես քեզ տանեմ քո դպրոցը տեսնես...

-Հա, մամ, գնանք, շատ եմ ուզում, -միանգամից ոգևորվեցի մտքից, որ երեխաներ կտեսնեմ, կխաղամ, մի անգամ կնստեմ դպրոցական նստարանին...

Մտանք դարպասով, դպրոցս չէի գտնում....մոխրակույտեր ու պատեր էին միայն, ասես դեպի երկինք խոյացող, փրկություն աղերսող ձեռքեր լինեին, որոնք անհույս կարկառված են, սեւազգեստ...

Լուռ էինք, ոչինչ չկար խոսելու, ավերակներից անբացատրելի վախ էր զգում մանուկ հոգիս ու միայն փախչել էի ուզում այդտեղից, ականջներումս պահած հուշերի աղմուկը, զանգի ղողանջը, երեխաների ուրախ ու կայտառ ճռվողյունը....

Մենք լուռ քայլում էինք դեպի մեր պատերը, որտեղ հայրս տանիքի նման մի բան էր շինել, իսկ միտքս անհանգիստ էր. «Բա ես դպրոց չեմ գնալու՞...», - ու մեծերի մեծական լուրջ զրույցներին չէի ուզում խանգարել իմ մանկական մտահոգությամբ....

Չգիտեմ որտեղից մայրս մի բուռ գույնզգույն կոճակներ էր գտել եւ մեկնեց ինձ.

-Տես, ինչ սիրուն գույնի կոճակներ են, տար, խաղա...

Ես վերցնում եմ կոճակները և հիմարացած մտածում, թե ինչպես կարելի է կոճակներով խաղալ, չէ՞ որ դա խաղալիք չէ, մեծերը ասեղով ու թելով այն կարում են շորերին...

Ձանձրույթից, մենակությունից ու մտահոգությունից էլ ծնվում է կոճակներով խաղալու իմ հրաշալի գաղափարը։ Կոճակները զույգերով՝ երկու-երկու, իրար հետևից շարում եմ, ճիշտ այնպես, ինչպես դասարանում աշակերտները, ընդ որում մեծ ու մուգ գույնի կոճակները տղաներն էին, իսկ փոքրիկ ու գեղեցիկները, վառ գույները՝ աղջիկները, ես ձևավորեցի իմ երևակայական դասարանը, ու սկսեցի դաս տալ, ես նրանց ուսուցիչն էի, դաստիարակում էի, հայերեն տառերն էի սովորեցնում ու թվաբանություն...օրերն անցնում էին, ես արդեն սիրում էի իմ կոճակները, որոնք իմ մանկության մենակ ու տխուր օրերը ամենապայծառ գույներով էին զարդարում, որոնք իմ խաղալիքն ու ընկերներն էին....մինչև...մինչև գյուղում կամաց-կամաց շատացան վերադարձած երեխաները, ու ղեկավարությունը որոշեց դպրոց հարմարեցնել, որ գյուղում գործի դպրոցը, որ գյուղը շարունակի շնչել, որ մանուկների զրնգունը կրկին հնչի այնտեղ....

Մենք պատերազմի երեխաներն էինք, մեր խաղալիքները դատարկ պարկուճներն էին, մեզ տրվող խրատը` ձեռք չտաք անծանոթ իրերին ու գույնզգույն, հատկապես կանաչ գույնի երկաթներին, որոնք գրավիչ իրերի պես խոտերի արանքից թաքուն նայում էին մեզ, մենք մեծացել ենք արկերի ու կրակոցների ձայների ներքո, մենք բերկրանք ենք ապրել, երբ արկը մեր կողքին ընկել է, բայց չի պայթել, որովհետև խրվել էր փափուկ հողի մեջ ու մանկան շուրթերով փառք ենք տվել Աստծուն` մահից մեզ փրկելու հրաշքի համար….

Թող աշխարհում ոչ մի մանուկ իր տարիքից շուտ չհասունանա, թող աշխարհում այլևս չլինեն մանկություն չունեցող մարդիկ, թող մանուկները ունենան անհոգ մանկություն:

Զարինե Սառաջյան
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1816 | 0 | 0
Facebook