Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Ողբերգական այգաբաց

Son Yan
Автор:
Son Yan
14:32, Среда, 06 Мая, 2020 года
Ողբերգական այգաբաց

Տեսանյութը ոստիկանության պաշտոնական էջից

     ... Ու ցավն այնպես պիտի մնա հավերժ խոր,
     Մեր հոգիներն արյունոտի ու տանջի՝
     Մինչև նրանց ճակատներին մեղավոր
     Ճշմարտության խարազանը շառաչի...
     Իգնատ Մամյան


     Ոսկեպարի արյունոտ ճանապարհներից գրեթե ոչինչ չի պահպանվել: Սաղարթախիտ անտառները, ծաղկած ծառերը, բուրավետ ծաղիկները կարծես թե փորձում են մոռացության մատնել 29 տարի առաջ նույն անտառում հայ ոստիկանների դեմ կատարված դավադրությունը: Սակայն այն ամենը ինչ կատարվել է այդ անտառում ոչ մի նոյեմբերյանցի երբեք չի մոռանա:
    
     Քսանինը տարի առաջ՝ 1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը, արդեն մեկ շաբաթ շրջափակված Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական Օմոն-ի դավադիր ծուղակն ընկած Նոյեմբերյանի ոստիկանության աշխատակիցներից 13-ը սպանվում են, մի քանիսը` գերվեվարվում, վիրավորվածներից երեքը մահանում են Գյանջայի բանտում:


     Արդեն 29 տարի ամեն ամգամ մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը զոհվածների հարազատները, գերեվարվածները այցելում են շրջափակման վայր, խարույկ վառում իրենց պատմություններով ու հուշերով կիսվում միմյանց հետ:
    
     Դեպքի մասնակիցներից մեկը՝ Կարեն Անտոնյանն այն ժամանակ ծառայում էր Վանաձորի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում: «91-ի մայիսի 1-ին ահազանգ ստացանք, որ ադրբեջանցիները հատել են Նոյեմբերյանի սահմանն ու շարժվում են առաջ, - պատմում է նա: - Վանաձորի կամավորների հետ եկանք միացանք Նոյեմբերյանի ներքին գործերի բաժնի տղաներին եւ նրանց հետ առաջացանք դեպի սահմանամերձ Ոսկեպար գյուղը. հատկապես այստեղ էր իրավիճակը լարված: Դիրքեր գրավեցինք եւ սկսեցինք պաշտպանել բնակիչների ու սահմանի անվտանգությունը»:
    
     Դեպքերի հետագա ընթացքը ներկայացնում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետի տեղակալ Շահո Մելքոնյանը: Նա, որ հարյուր մեկ օր գերության մեջ է մնացել, այն ժամանակ տեղամասային տեսուչ էր: «Մայիսի 6-ի գիշերն էր. սարի ճանապարհով շարժվեցինք Ոսկեպարի ուղղությամբ: Մեկ-մեկուկես կիլոմետր կար մինչեւ գյուղ, երբ հանկարծ դեմներս դուրս եկան զինվորականներ ու կանգնեցրին մեր մեքենաները: Դեռ գլխի չէինք ընկել՝ ովքեր են, անսպասելի սկսեցին կրակել մեր վրա... Հետո իմացանք, որ Կիրովաբադում տեղակայված խորհրդային բանակի զինվորներն էին՝ «Կոլցո» օպերացիան իրականացնողները...»:
     Տղաները դիմադրեցին հերոսաբար, բայց ուժերն անհավասար էին. տասնմեկ ոստիկան զոհվեց:
    
     Գեորգի Քոչարյանն այն ժամանակ պարեկապահակետային ծառայության ոստիկան էր. հարյուր մեկ օր մնաց գերության մեջ. «Մեզ տեղափոխեցին Ղազախի ՆԳ բաժին, այնտեղից էլ՝ Կիրովաբադի բանտ: Բոլորս էլ երկու-երեք տեղից վիրավոր էինք, բայց ոչ մի բժշկական օգնություն ցույց չտրվեց: Տղաներից երեքի վերքերը ծանր էին, մահացան բանտում...»:
    
     Ոսկեպարի անտառներում տեղի ունեցած ողբերգությունից ժամեր անց խորհրդային զինվորները գերի վերցրին նաեւ գյուղը պաշտպանող քառասունհինգ ոստիկանի ու հանձնեցին ադրբեջանցի օմոնականներին...
     Գերության մեջ տղաներն անասելի խոշտանգումների ենթարկվեցին, բայց չընկճվեցին, դիմացան արժանապատվորեն: «Իրար ոգեւորում էինք, գոտեպնդում, որ հանկարծ որեւէ մեկը չհուսալքվի: Նույնիսկ ծեծվելու հարցում էինք իրար աջակցում. տղաներ կային, որ ավելի դիմացկուն էին ու ամեն անգամ մյուսների փոխարեն իրենք էին գնում ծեծվելու», - ասում են ադրբեջանական բանտերի դժոխքով անցածները...
     Բանտային դժոխքի մասին այսօր արդեն ժպիտով է հիշում Կարեն Անտոնյանը. «Ես, Կորյուն Մարգարյանն ու Գարիկ Քոթանջյանը նույն խցում էինք: Կորյունին, որպես հրամանատարի, շուտ-շուտ կանչում էին, տանում-ծեծում: Հաջորդ օրը որ եկան, թե՝ ո՞վ է Կորյուն Մարգարյանը, ասի՝ ես եմ: Տարան մի լավ ծեծեցին: Որոշ ժամանակ անց նորից եկան, թե՝ ո՞վ է Կորյուն Մարգարյանը: Հիմա էլ Գարիկն ասաց՝ ես եմ: Տարան Գարիկին ծեծեցին: Դրանից հետո մյուս խցերում տղաները նույնն էին անում: Ստացվում էր՝ խցում բոլորի անունը կա՛մ Կորյուն էր, կա՛մ Հարութ, կա՛մ... Այդպես էինք վարվում, որ դիմանանք ֆիզիկական ցավին, թե չէ օրը մի քանի անգամ տասը-տասնհինգ ասկյարով ջարդում էին: Մենք էլ՝ անջուր, անխնամ, վիրավոր...»:
    
Դիմացան արժանապատվորեն, հերոսաբար, իսկ գերությունից ազատվելուց հետո դարձյալ զինվորագրվեցին հայրենիքի սահմանների պաշտպանությանը:
     «Ազատվելուց հետո մեզ արձակուրդ տվեցին, որ հանգստանանք մի քիչ, բայց տասը օր չանցած՝ նորից սահմանում էինք, - ասում է Գեորգի Քոչարյանը: - Ի՞նչ հանգստանալ. ավելի պինդ էինք, ավելի վճռական, վրեժխնդիր... Մի քսան կիլոմետր էինք մեր տներից հեռու, բայց ամիսներով տուն չենք գնացել, սահման ենք պահել»:
     «
Քանի տարեկան էլ լինենք, Աստված չանի, մեր սահմաններին վտանգ սպառնա, կրկին զենք ենք վերցնելու: Այն ժամանակ ջահել տղաներ էինք, հիմա մեր որդիների հետ ենք պահելու մեր հողը»:
    
Հայրենիքն այսպիսի մարդկանցով է անառիկ:
     Իսկ Հիշողությունը անցյալը չմոռանալու եւ ապագային հպարտ նայելու համար է...
    
     Ոսկեպարի կոտորածի ժամանակ սպանվածների անունները անգիր գիտեն բոլոր Նոյեմբերյանցիները… Գիտեն յուրաքանչյուրի պատմությունը… սխրանքը… Չնայած նրանցից շատերի զավակները զուրկ են մնացել հայրական դաստիարակությունից, հայրական պատգամից և բախտ չեն ունեցել տեսնելու իրենց հորը, բայց սովորել են նրանց սխրանքից, ու նրանց երակներում նյուն հայրենանվեր արյունն է հոսում:
     Ազիբեկյան Արմեն Վազգենի (նոյեմբերի 30, 1969 - մայիսի 6, 1991)
     Աղաբաբյան Վահրամ Հրանտի (ապրիլի 13, 1964 - մայիսի 6, 1991)
     Ամիրաղյան Աշոտ Սարիբեկի (հունիսի 1, 1956 - մայիսի 6, 1991)
     Ամիրաղյան Սպարտակ Նիկոլայի (մարտի 17, 1942 - մայիսի 6, 1991)
     Անանյան Սաշիկ Ռաֆիկի (մայիսի 6, 1950 - մայիսի 6, 1991)
     Անանյան Վաչիկ Ռուբենի (հոկտեմբերի 13, 1938 - մայիսի 6, 1991)
     Գիշյան Մարտիկ Հայկազի (մարտի 13, 1970 - մայիսի 6, 1991)
     Թանագյան Յոսա Ֆելիքսի (փետրվարի 12, 1969 - մայիսի 6, 1991)
     Խաչատրյան Լյովա Հակոբի (նոյեմբերի 13 1963 - մայիսի 6, 1991)
     Հակոբյան Գեղամ Ֆահրադի (հուլիսի 19, 1956 - մայիսի 6, 1991)
     Հանիսյան Վարդան Հմայակի (հունվարի 3, 1958 - մայիսի 6, 1991)
     Ղարազյոզյան Ստեփան Սերյոժայի (ապրիլի 19, 1963 - մայիսի 6, 1991)
     Մալինյան Հարություն Թորոսի (մայիսի 6, 1955 - մայիսի 6, 1991)
     Մամյան Արտաշ Վահանի (մարտի 5, 1962 - մայիսի 6, 1991)
     Մանթաշյան Սոս Ազալխանի (փետրվարի 10, 1964 - մայիսի 6, 1991)
     Մնացականյան Ռաֆիկ Վոլոդյայի (հունվարի 10, 1960 - մայիսի 6, 1991)
     Մուղդուսյան Սարգիս էլյազի (հունվարի 22, 1960 - մայիսի 6, 1991)
     Մուրադյան Միշա Հայկի (փետրվարի 23, 1963 - մայիսի 6, 1991):


     Պատմական տվյալները վերցված են Գրող Իգնատ Մամյանի «Վիրավոր լեռան ճիչը» գրքից։
    
     Սոնա ԳԻՇՅԱՆ
    
    

Տեսանյութը ոստիկանության պաշտոնական էջից
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5699 | 0 | 0
Facebook