Լոս Անջելեսում հայ գործարարը՝ Լևոն Թերմենժյանը մեղավոր է ճանաչվել 1 միլիարդ ԱՄՆ դոլարի խարդախության համար
Յուտայի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի դաշնային ատենակալները կալիֆոռնիացի գործարար Լև Ասլան Դերմենին, որը նաև հայտնի է որպես Լևոն Թերմենժյան, այսօր մեղավոր են ճանաչել 1 միլիարդ դոլարի վառելիքի հարկային խարդախության սխեմայի գործով: Այս մասին հայտարարել է Արդարադատության դեպարտամենտի հարկային բաժնի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռիչարդ Է. Ցուկերմանը, ԱՄՆ Յուտա նահանգի դատախազ Ջոն Վ. Հյուբերը և գործին առնչվող մի շարք պաշտոնյաներ: «Այսօրվա մեղադրական դատավճիռը Լև Դերմենին և նրա հանցակիցներին արդարադատության առջև է կանգնեցնում: Նրանք ստեղծել և իրականացրել են բիովառելիքի այս զանգվածային խարդախության սխեման, որպեսզի բոլոր հարկատուների հաշվին հագեցնեն իրենց ագահությունը», - ասել է Ռիչարդ Է. Ցուկերմանը: Հարկային ծառայության քրեական հետաքննությունների բաժնի ղեկավար Դոն Ֆորթն էլ նշել է․ «Այս դատավարությունը հանգուցալուծումն էր տարիների քննչական ջանքերի, որոնց արդյունքում հայտնաբերվել էր խարդախության բարդ սխեման, որի միջոցով տարբեր երկրների և պետությունների միջոցով փողերն, ի վերջո, հայտնվել էին պարոն Դերմենի գրպանում: Սխեմայի բարդ բնույթը ցույց է տալիս, թե ինչ վճռականությամբ են ամբաստանյալները խաբել ամերիկյան հասարակությանը` իրենց սեփական գրպանները լցնելու նպատակին հասնելու համար»: ԿԱՐԵՎՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Յոթ շաբաթ տևած դատավարության ընթացքում ներկայացված ապացույցների համաձայն ՝ Դերմենը եղել է Կալիֆոռնիայում գործող Noil Energy Group վառելիքային ընկերության, Բևերլի Հիլզում գտնվող SBK Holdings USA անշարժ գույքի ներդրումային ընկերության և Նևադայում գտնվող Viscon International վառելիքի հավելանյութերի կորպորացիայի սեփականատեր և գործարկող: 2010-2016թթ.-ին Դերմենը հանցավոր համաձայնության մեջ է մտել Յուտայում գործող Washakie Renewable Energy (Washakie) բիոդիզելային ընկերության սեփականատերերի և գործարկողների հետ, այդ թվում՝ դրա գործադիր տնօրեն Ջեյքոբ Քինգսթոնի, նրա եղբայր, ֆինանսական տնօրեն Իսայա Քինգսթոնի և այլոց հետ։ Արդյունքում խարդախ գործընկերների այս խմբին ԱՄՆ-ն սուբսիդավորել է 1 միլիարդ դոլարի չափով' իբրև բիո վառելիք արտադրելու համար: Հարկային ծառայությունն էլ տրամադրել է անհրաժեշտ վարկերը՝ նպատակ ունենալով ավելացնել Միացյալ Նահանգներում օգտագործվող և արտադրվող վառելիքի քանակը: Մինչդեռ Դերմենը և Ջեյքոբ Քինգսթոնը միլիոնավոր գալոն բիոդիզելային վառելիք են տեղափոխել ԱՄՆ, ինչպես նաև ԱՄՆ-ից դեպի տարբեր երկրներ, այնուհետև կրկին վերադարձրել են ԱՄՆ, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե որակին համապատասխանող վերականգնվող վառելիք են արտադրվում և վաճառում: Նրանք նաև կեղծել են արտադրության և տեղափոխման արձանագրությունները, որպեսզի հիմնավորեն Washakie-ի կողմից ավելի քան 1 միլիարդ դոլարի կեղծ պահանջները։ Հանցակիցները բազմաթիվ բանկային հաշիվների միջոցով ավելի քան 3 մլրդ դոլար են շրջանառել, որպեսզի շարունակեն տպավորություն ստեղծել, թե վառելիք են գնում և վաճառում: ԻՍԿ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՏՆՕՐԻՆՎԵԼ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ Հարկային ծառայությունը Washakie-ին և Քինգսթոններին վճարել է ավելի քան 511 մլն դոլար, որը բաշխվել է նրանց և Դերմենի միջև: Ջեյքոբ և Իսայա Քինգսթոններըը ավելի քան 21 միլիոն դոլարի կեղծ հասույթ են ուղարկել Կալիֆոռնիայում գործող Դերմենի ընկերությանը, ինչպես նաև Դերմենի պահանջով 11 մլն դոլար են ուղարկել նրա գործընկերներից մեկին: Խարդախությունից ստացված հասույթից 1, 8 միլիոն դոլարն օգտագործել է Դերմանին 2010թ.-ի Bugatti Veyron գնելու համար և նրանք նվերներ են փոխանակել, այդ թվում՝ քրոմապատ Lamborghini և ոսկեգույն Ferrari: 3 միլիոն դոլարով էլ Ջեյքոբ Քինգսոոնի և նրա կնոջ՝ Սալիի համար Յուտայում առանձնատուն են գնել: Դերմենը նաև կալիֆոռնիական իր ընկերության՝ SBK Holdings USA, Inc.-ի միջոցով 3, 5 միլիոն դոլար է լվացել, որպեսզի Կալիֆոռնիայի Հանթինգթոն Բիչում առանձնատուն գնի նաև իր համար։ Այս սխեմայի ողջ ընթացքում Դերմենը Ջեյքոբ Քինգսթոնին հավաստիացրել է, որ ինքը և Քինգսթոնները անձեռնմխելի կլինեն քրեական հետապնդումից, քանի որ իրենց կպաշտպանի կոռումպացված իրավապահների իր պաշտպան «հովանոցը»: Դերմենի հրահանգով ավելի քան 134 միլիոն դոլար կեղծ հասույթ է փոխանցվել Թուրքիայում և Լյուքսեմբուրգում գտնվող ընկերություններին՝ որպես պաշտպանության համար ենթադրյալ վճար: Քինգսթոն ընտանիքի չորս անդամների դատավճիռը պարզ կլինի առաջիկա շաբաթների ընթացքում: |