Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Ռուսաստանի կառավարությունը ցանկացել է «Հայկական մարզ» անվամբ խաբուսիկ պատրանքով մի որոշ ժամանակ կերակրել հայոց պետականություն երազողներին

19:18, Среда, 04 Марта, 2020 года
Ռուսաստանի կառավարությունը ցանկացել է «Հայկական մարզ» անվամբ խաբուսիկ պատրանքով մի որոշ ժամանակ կերակրել հայոց պետականություն երազողներին

Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը վավերացնելուց անմիջապես հետո Նիկոլայ 1-ինը մի հրամանագիր է ստորագրել, որում ասված էր. «Համաձայն Պարսկաստանի հետ կնքած պայմանագրի՝ հրամայում եմ Պարսկաստանից Ռուսաստանին միացած Երևանի և Նախիջևանի խանություններն այսուհետև բոլոր գործերում անվանել «Հայկական մարզ» և այն ներմուծել մեր տիտղոսի մեջ: Այս մարզի բարեկարգման և կառավարման մասին կառավարիչ սենատը համապատասխան հրամանագիր կստանա, երբ դրա ժամանակը գա»:

Երևանի ժամանակավոր վարչությանը փոխարինում էր վարչական մեկ այլ օրգան, և նորաստեղծ մարզի կառավարման գործը փոխանցվում էր մարզային վարչությանը: Վարչության պետ է նշանակվելԵրևանում ռուսական զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Ճավճավաձեն: Վարչության անդամներ են նշանակվել երկու զինվորական և տեղի հայ ու մահմեդական իշխող խավերի մեկական ներկայացուցիչ: Մինչև 1833 թվականը վարչությունում հայ բնակչության ներկայացուցիչն է եղել Սահակ Մելիք Աղամալյանը (ի դեպ, այս մելիք Սահակը, իր տոհմին ժառանգաբար շնորհված թիուլային իրավունքով, այդ ժամանակներում տիրել է Կրխբուլաղի մահալի Արինջ, Էլար, Արզաքյան, Դալուլար, Գյումուշ և Բեդկիս գյուղերին):

Հայկական մարզը բաժանվել է Երևանի ու Նախիջևանի գավառների և Օրդուբադի օկրուգի: Գավառներում ստեղծվել են ոստիկանական վարչություններ և գավառական դատարաններ, իսկ Երևանում և Նախիջևանում՝ քաղաքային դատարաններ: Նախիջևանի գավառում և Օրդուբադի օկրուգում իշխանությունը թողնվել է տեղական մահմեդական նաիբների՝ Էսհան խանի և նրա եղբայր Շեյխ Ալի բեկի ձեռքը, որը դժգոհություն է առաջացրել հայ բնակչության մեջ: Ռուսական իշխանություններն այս անձնավորությունների ձեռքում տեղական իշխանության թողնելը բացատրել են նրանով, թե ռուս-պարսկական պատերազմի ընթացքում նրանք իբր թե մեծ ծառայություններ են մատուցել ռուսական զորքերին:

Հայկական մարզի քուրդ և ադրբեջանցի բնակչությանն էլ կառավարելու էին իրենց ցեղապետերը:

Սկզբնական շրջանում մահալների և առանձին գյուղերի կառավարման նախկին ձևը պահպանվել է, և դրանց կառավարիչներ են մնացել միրբոլուքները, մելիքները և աղաները:

Հայկական մարզի ստեղծումը մասնակի զիջում, մանիպուլյացիա պետք է համարել: Ռուսաստանի իշխանությունները ինքնավարական և ազգային պետականության վերականգնման ձգտումներին ժամանակավորապես այս կերպ գոհացում տվեցին: Ռուսաստանի կառավարությունը ցանկացել է «Հայկական մարզ» անվամբ խաբուսիկ պատրանքով մի որոշ ժամանակ կերակրել հայոց պետականություն երազողներին: Եվ վերջիններս, իրոք, խաբվել են ու ցանկալին իրականության տեղ են ընդունել: Պատմաբան Լեոն գրել է.

«Դեռ բոլորովին նոր էր այս անունը մտցվել Ռուսաստանի վարչական աշխարհագրության մեջ, երբ Երևանի և նրա շրջակա գյուղերի հայ հասարակության կողմից մի բազմաստորագիր դիմում էր խմբագրվում՝ ուղղված Էջմիածնի հոգևոր վարչությանը, որի մեջ իմիջիայլոց նաև կոչ էր արվում ամբողջ աշխարհում ցրված հայությանը գալ հավաքվել Արարատյան երկրում, ուր մի ժամանակ հայոց թագավորությունն էր եղել և ուր այժմ ռուսների ձեռքով նորից հաստատվել էր ազատությունը»:

Մինչդեռ Ռուսաստանի կառավարություն, նրա պաշտոնյաներ Պասկևիչն ու ֆինանսների նախարար Կանկրինն ամբողջ Անդրկովկասը համարել են Ռուսական կայսրության գաղութային կցորդ և ձգտել են, ինչպես գրել են Պասկևիչը, սենատորներ Մեչնիկովն ու Կուտաիսովը կենտրոնական կառավարությանը ներկայացրած նախագծում, «այն կապել Ռուսաստանի հետ քաղաքացիական և քաղաքական կապերով իբրև մեկ մարմին և ստիպել տեղի բնակիչներին խոսել, մտածել ռուսերեն և զգալ ռուսաբար»:

1830 թվականին Հայկական մարզի պետ է նշանակվել գեներալ-մայոր Վասիլի Բեհբութովը, որը պաշտոնավարում է մինչև 1838 թվականը: Նա ամեն ջանք գործադրել է մարզում ռուսական օրենքների հաստատման և կիրառման ուղղությամբ: Պասկևիչի հանձնարարությամբ նա Հայկական մարզում նաև մի շարք վերակառուցումներ է ձեռնարկել, Վրաստանի քաղաքացիական նահանգապետ Փալավանդովի հետ Հայկական մարզի կառավարման վարչության ռուսացման ուղղությամբ էական փոփոխություններ է կատարել: Նրանք միասին կազմել են կանոններ, որոնք 1833 թվականի հունիսի 23-ին վավերացրել է Նիկոլայ 1-ինը, և այն օրենքի ուժ է ստացել: Այս օրենքով նախ փոփոխությունների է ենթարկվել Հայկական մարզի վարչական քարտեզը: Երևանի գավառը բաժանվել է չորս օկրուգի (Երևանի, Շարուրի, Սուրմալուի և Սարդարապատի): Նախիջևանի գավառը և Օրդուբադի օկրուգը պահպանվել են: Նորաստեղծ օկրուգների կառավարիչներ են նշանակվել ազգությամբ ռուս աստիճանավորներ, մինչդեռ Նախիջևանը և Օրդուբադը շարունակել են մնալ նախկին նայիբների կառավարչության ներքո:

Հունիսի 23-ի օրենքով նաև վերացվել է Հայկական մարզի վարչության կոլեգիալ ձևը և հաստատվել է վարչության պետի միանձնյա իշխանություն:

Սակայն թվարկածս և մի շարք այլ միջոցառումները ևս ժամանակավոր էին. ցարիզմը նախապատրաստվում էր Անդրկովկասում համապարփակ վարչական ռեֆորմներ կատարել:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7579 | 0 | 0
Facebook