Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Апреля, 2020 года

Статьи

«Մի վստահեք, հույս մի կապեք օտարների խոստումներին: Մեր պայքարը պիտի հյուսել ժողովրդի ուժից». Զորավար Անդրանիկ

17:45, Вторник, 25 Февраля, 2020 года
«Մի վստահեք, հույս մի կապեք օտարների խոստումներին: Մեր պայքարը պիտի հյուսել ժողովրդի ուժից». Զորավար Անդրանիկ

ԱՆԴՐԱՆԻԿԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Կան անհատներ, ովքեր դեռ իրենց կենդանության օրոք դառնում են լեգենդներ ազգի համար: Ժողովուրդը պաշտում է այն հերոսին, ով մեռնել գիտե հանուն իր ժողովրդի: Այդպիսինն էր Անդրանիկ Օզանյանը:

«Անդրանիկ հայ ժողովրդի համար անհատ չէ, -գրում է Ավետիս Ահարոնյանն իր «Անդրանիկ» հերոսապատումի մեջ, -այլ մարմնացումն է մի հզօր ու անսասան գաղափարի: Եվ իբրեւ այդպիսին՝ նա ժողովրդի երեւակայութէան մէջ անանձնացած, դիւցազնացած է»:

Զորավար Անդրանիկի կերպարին անդրադարձել են արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Նրա մասին նկարահանվել են ֆիլմեր, հյուսվել են երգեր, կտավներ: Հերոսին նվիրված գեղարվեստական գործեր են ստեղծել նաեւ հայ գրականության նշանավոր դեմքերը:

Արեւմտահայ բանաստեղծ Սիամանթոն գրել է «Անդրանիկ» բանաստեղծությունը, որը տպագրվել է Ժնեւում, 1905 թ. (ՀԱՅՈՐԴԻՆԵՐ): Երազում հերոսը այցի է գալիս բանաստեղծին եւ կոչ է անում միանալ իր խմբին դեպի ազատություն, դեպի զոհաբերություն, դեպի պայքար՝ հանուն հայրենիքի, հերոսը դիմում է նրան.

Ոտքի՜ կեցիր այն ատեն, եղբայրացի՜ր խումբերուս ու մրրկու՜է անոնց հետ,

Որովհետեւ, գիտցիր որ այս զոհաբերումի, ընդվզումի եւ յոյսի օրերուն

Մեր ամեն մէկուն համար անկողնի մէջ հոգի տալը վատութիւնն է վատութիւններուն…»

Եվ բանաստեղծի երազում հանկարծ խմբերը հեռանում են արեւածագի կրակների միջից, պոետը «նախանձությամբ ու տարփանքով հողին վրայ ծնրադիր» հերոսի քայլերի հետքը երկյուղածորեն համբուրում է…

Առաջին գիրքը Զորավարի մասին լույս է տեսել նրա կենդանության օրոք՝ 1920 թ., Կ. Պոլսում՝ «Զորավար Անդրանիկ եւ իր պատերազմները»: Հեղինակները երկուսն են՝ զորավարին նվիրված զինակիցներ, մտերիմ մարդիկ՝ Լեւոն Թութունջյանն ու Վահան Թոթովենցը, որոնք հանդես են եկել մի գրական անունով՝ Արսեն Մարմարյան («Վերածնված Հայաստան» ամսագիր): Անդրանիկի կյանքը աներեւակայելի մի վիպասանություն է, անհավատալի մի հերոսապատում: Եվ այդ վիպասանության վավերական շարադրանքը հերոսի ծննդից սկսած տրված է գրքում: Գրքի ուշագրավ մի կողմն էլ այն է, որ այդտեղ տեղ են գտել նաեւ Անդրանիկի մարտական հրահանգների կարեւոր մասերը: Ժողովրդական երգում հերոսը մի արծիվ է լեռից լեռ սավառնող: Սա սոսկ բանաստեղծական պատկեր չէ, այլաբանություն չէ, այլ իրականություն: Ահա Անդրանիկի հրահանգներից մեկը. «Եթե կուզես խումբը չի վտանգել, պետք է սարի գագաթը մնաս…Եթե սարի գագաթը ըլլաս, չորս կողմդ թե՛ աչքով եւ թե՛ դիտակով կտեսնես, հանկարծակիի չես գար, իսկ եթե հովիտի մեջ պաշարվիս թշնամիներով –բոլորդ ալ կկոտորվիք, առանց մեկ թշնամիի քիթ արյունելու…ավելի լավ է միշտ բարձր տեղեր մնալ»:

Անդրանիկի հրահանգներից մեկը եւս իր զինվորներին, որ դարձյալ ուշագրավ է. «Ուր որ ալ ըլլաք, գիշերը կրակ չի վառեք, մանավանդ սարերու գագաթը…երբ արեւը ծագեցավ, եւ կրակի պետք ունիք, չոր փայտով կրակ ըրեք, որպեսզի ծուխը չերեւա»: Վահան Թոթովենցը սիրելի հերոսին պատվում է Հանճարեղ հերոս, Մեծ տեսանող պատվանուններով:

Հերոսի մտքերն ու հրահանգները կարելի է դիտել որպես ճակատագրական ճշմարտություններ: Նա այն միակ մարդն էր, որ չխաբվեց թուրքի խոստումներով, օսմանյան սահմանադրությամբ եւ կանխատեսելով արյունոտ ապագան՝ խրատում էր բոլորին. «…բոլորիս համար թուրքերը մեծ եւ խոշոր թակարդ մը լարած են եւ մեզ ամենքս ալ մեջը պիտի ձգեն»:

Հայ ականավոր գրող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանը, ում ստեղծագործությունները 70 տարի շարունակ արգելված էին Մայր հայրենիքում, գրել է «Ավարայրի ոգեկոչումը: Անդրանիկ» հերոսապատումը, որը լույս տեսավ 1991 թվականին:

Հերոսապատումը հայրենաշունչ հերոսականություն է ներարկում ընթերցողին: «Ղարաքիլիսէի ճակատամարտը» գլխում Ահարոնյանը գրում է, որ բոլոր հայ կռվողների ընդհանուր կարգախոսն էր «Թուրք անպատճառ պիտի պարտուի» -ն: Ահարոնյանի հերոսների հերոսը կրկին Անդրանիկն է: Նա գրում է «…հարցրի մի անգամ Մուրատին, թե ինչո՞վ է Անդրանիկ շեֆ, երբ ինքն, իր մյուս ընկերները նրանից ոչնչով պակաս չեն: Նա ոչ ձեզնից ավելի քաջ է եւ ոչ…

-Ջանը՛մ, հա՛մ քաջ է, հա՛մ խելացի, -ընդհատեց ինձ Մուրատ ժպտալով, -ամա գինաս, բանը քաջության մեջ չի, Անդրանիկ «աչք ունի», մենք չունինք…Ոչինչ չի վրիպի նրա տեսողությունից: Եվ ինչ որ մի անգամ տեսավ, էլ երբեք չի մոռանա թե նույն ճամփով հետ գալու լինինք կռվով ու նահանջելով, նա հրաշալի գիտե, թե մինչեւ ու՞ր պիտի քաշվինք այսինչ բլրին, քարին, սարին, ժայռին, թմբին, դարերին հանդիպելու համար: Հետո նա գիտե աննման դիրք բռնել թշնամու դեմ…նա երբեք չի սխալվում.ամբողջ օրը կռիվ կանենք, եւ մեր դիրքերը միշտ լավագույնը կմնան: Անդրանիկի հրամանի տակ կռվելը խաղ ու պար է: Աչք ունի ասում եմ, -վերջացրեց Մուրատը»:

«Դաշնակցութիւն եւ Անդրանիկ» գլխում հեղինակը խոսում է կուսակցությունից Անդրանիկի հեռանալու մասին՝ գրելով. «Դաշնակցութիւնը նայել է իր յեղափոխական օջախից հեռացող հերոսին այնպէս, ինչպէս կը նայէր գորովագութ հայրը հայրենի յարկից դժկամօրէն հեռացող իր զաւակին: Հեռացող որդին չի դադարում իր ծնող ու մեծացնող հօր զաւակը լինելուց, թէկուզ խռոված…» Եվ հեղինակը խոստովանում է, որ մինչեւ վերջ էլ չկարողացավ որեւէ լուրջ պատճառ գտնել Անդրանիկի սառնության՝ ընդդեմ Դաշնակցության ու նրա ղեկավարների:

Մի բան պարզ է, սակայն: Սասունի արծվի մեծագույն կուսակցությունը իր ժողովուրդն էր եւ իր հայրենիքը:

Հայ մեծագույն գրողներից Սերո Խանզադյանը գրեց «Անդրանիկ» վեպը, որի տպագրությունը խորհրդային տարիներին կասեցվել էր: Այն լույս է տեսել 1989թ., երբ խորհրդային գրաքննությունը դադարել էր: Վեպը պատկերում է Առաջին համաշխարհայինի սարսափների ու կործանումների շրջանը, թուրքական ցեղասպան զավթիչների վայրագությունները Արեւմտյան Հայաստանում եւ Անդրկովկասում: Հայ ժողովուրդը մեծ ճիգեր գործադրեց զանգվածային բնաջնջումից ու կործանումից փրկվելու համար: Այդ ուժը խտացված է ժողովրդի ծոցից ելած հերոսների մեջ: Անդրանիկի կերպարի մեջ է հայ ժողովրդի ապրելու եւ հարատեւելու ոգին: Նախաձեռնող ոգի է, արագ կողմնորոշվող, վճռական, հաճախ հանդուգն, մեծահոգի նույնիսկ թշնամու եւ գերիների հանդեպ, նա պատկառանք է ներշնչում նաեւ թշնամուն: Երբ նրա ընկերները Եվրոպայում ընկնում էին դռնեդուռ՝ օգնության ակնկալիքով, նա ասում է. «Մի վստահեք, հույս մի կապեք օտարների խոստումներին: Նրանց սրտացավ երեւացող խոսքերից արյան հոտ է գալիս: Կխոստանան ամեն բան ու, երբ գա պահը, կլքեն մեզ: Փորձ ունեմ: Մեր պայքարը պիտի հյուսել ժողովրդի ուժից», -համոզված է Անդրանիկը (Սերո Խանզադյան «Անդրանիկ», էջ 30):

Անդրանիկի եւ մյուս ֆիդայինների մասին է Համաստեղի «Սպիտակ ձիավորը» վեպը, Խաչիկ Դաշտենցը եւս անդրադարձել է Անդրանիկի կերպարին իր «Ռանչպարների կանչը» վիպասքում, որտեղ Անդրանիկին անվանում է նաեւ Շապինանդ, Վիլյամ Սարոյանը՝ «Անդրանիկ Հայաստանի» պատմվածքում («Ներշնչում եւ արտաշնչում» ժողովածու), Հովհաննես Շիրազը գրել է «Անդրանիկի սուրը», «Արձան Անդրանիկի» բանաստեղծությունները, «Սպիտակ ձիավորը Փարիզում» պոեմը, «Հայոց դանթեական» -ում Անդրանիկը հայ ժողովրդի ուժն ու պայքարի աննկուն ոգու խորհրդանիշն է: Բազմաթիվ են Անդրանիկի հերոսական կերպարին գրական անդրադարձները:

Այսօր էլ արդիական են մեծ զորավարի պատգամները եւ այսօր էլ Անդրանիկի կերպարը շարունակում է հերոսություն ներշնչել հայ ժողովրդին:

Զարինե Սառաջյան, բ.գ.թ., դոցենտ

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1448 | 0 | 0
Facebook
COMMENT.am