Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Апреля, 2020 года

Статьи

Թուրքական առասպելներն իրենց ցեղի ու ցեղակիցների ծագման մասին

23:51, Понедельник, 24 Февраля, 2020 года
Թուրքական առասպելներն իրենց ցեղի ու ցեղակիցների ծագման մասին

Թուրքալեզու ազգությունները չորս հիմնական լեզվախմբի են բաժանվում.

ա) տունգուսական կամ մանջուրական,

բ) մոնղոլական,

գ) բուն թուրքական,

դ) ֆիննա-ուգրական:

Ի դեպ, միջնադարում «մոնղոլ» անունը քիչ գործածական է եղել, և դրան շատ հաճախ փոխարինել է «թաթար» անունը:

Թուրքական մարտական դրոշների վրա ոսկեհյուս գայլի գլուխ է պատկերվել: Այդ խորհրդանշանի իմաստը բացատրում է թուրքերի ծագման մասին պատմող հետևյալ առասպելներից մեկը: Ըստ այդ առասպելի՝ թուրքերի նախնիներն առանձին այմակ (ցեղ) են եղել ու սերվել են Աշին անունով մի հոնի շառավիղներից: Աշինի ցեղի անկախ կյանքը հանգիստ չի տվել հարևան ցեղի իշխանին: Հարմար պահ ընտրելով՝ նա զորք է ուղարկել նրանց վրա: Զորքը կոտորել է Աշինի ամբողջ ցեղն ու տարել է նրանց անասունը: Բայց կոտորածի ժամանակ Աշինի տասնամյա տղան ողջ է մնացել: Նրան խղճացել են, բայց վախենալով իրենց արյունարբու խանի զայրույթից, որը հրամայել էր կոտորել Աշինի ամբողջ ցեղը, նաև վախենալով երեխայի հետագա վրեժից, կտրում են նրա ձեռքերն ու ոտքերը և նետում են խոտածածկ ծանծաղ լիճը, որտեղ նա պիտի մեռներ: Բայց կիսամեռ տղայի առաջ հայտնվում է էգ գայլը: Նա պտտվում է տղայի շուրջը, հոտոտում է ու թաքնվում խոտերի մեջ: Որոշ ժամանկ անց գայլն աննկատ մոտենում է՝ բերելով խորհրդավոր դարման, որով բուժում է տղայի վերքերը, իսկ երբ տղան ուշքի է գալիս, սկսում է նրան կերակրել վայրի կենդանիների մսով:

Տարիներ անց էգ գայլը հղիանում է հասունացած տղայից և այդ ժամանակ էլ դաժան խանին տեղեկացնում են, թե տղան ողջ է: Խանն անհանգստանում է ու նորից զինվորներ է ուղարկում, որ երեխային սպանեն: Այս անգամ զինվորները կատարում են հրամանը և ուզում են գայլին էլ սպանել, բայց նա կարողանում է փախչել և ապաստանում է մի քարայրում, որտեղ էլ միանգամից տասը երեխա է ծնում, որոնցից յուրաքանչյուրն իր տոհմի հիմնադիրն է դառնում: Գայլի տղաներից մեկը կրում է Աշինի անունը, որն, ի հիշատակ հրաշափառ ծնունդի, ցեղի դրոշին գայլի գլուխ է պատկերում: Նրա ցեղն աստիճանաբար բազմանում է, և նրա մեջ մտնում է 700 ընտանիք:

Թուրքական մեկ այլ առասպել այս ցեղի ծագումնաբանությունը կապում են Թուրք անունով մի հերոսի հետ: Այս հերոսից սերվել է ոմն Ալինջե խան, որից էլ սերվել են նրա երկվորյակները՝ Թաթար խանը և Մողոլ (Մոնղոլ) խանը: Մողոլ խանը չորս որդի է ունեցել՝ Կարա խանը, Ոզ խանը, Գուզ խանը և Գուռ խանը:

Կարա խանը մի հրաշք որդի է ունեցել, անունը՝ Օղուզ կամ Օքուզ (նշանակել է եզ), և եզը թուրքերի խորհրդանիշն է, օղուզ ցեղի անվանադիրը: Սրանից են սերված համարվում հինգ ուրիշ ազգեր՝ ույգուրները, կանկլիները, ղփչաղները, կալաչները և կայլուկները:

Այս Օղուզ խանի որդիներն են Գյուն (արեգակ) խանը, Քյոյուկ կամ Գյոգ (կապույտ, այսինքն՝ երկինք) խանը, Տաղ կամ Դաղ (սար, այսինքն՝ երկիր) խանը և Տիկգիզ կամ Դանգիզ (ծով) խանը: Գյուն խանը համարվել է արեգակի որդին, Քյոյուկը՝ երկնքի որդին, Դաղը՝ երկրի որդին և Տինգիզը՝ ծովի որդին: Մոնղոլների գլխավոր հրամանատարին անվանել են Իլ խան (ազգերի խան), որը եղել է Տինգիզի որդին: Իլ խանը պատերազմում է թաթարների խանի դեմ, և քանի որ թաթարների դաշնակիցներն էին ղրղզներն ու մի քանի թուրքական ցեղեր, մոնղոլները պարտվում են:

Թուրքերն այսպես են սկսում իրենց պետության առասպելական պատմությունը, որի գործողություններն Ալթայի լեռնային շրջաններում են ընթացել:

(շարունակելի)

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
2585 | 0 | 0
Facebook
COMMENT.am