Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԱՐՏԱՍՎՈՂ ԾՈԹՐԻՆՆԵՐ (Իրական պատմություն)

14:35, Воскресенье, 23 Февраля, 2020 года
ԱՐՏԱՍՎՈՂ ԾՈԹՐԻՆՆԵՐ (Իրական պատմություն)
     ...Գերեզմանների ալեծուփ լռության մեջ կարծես ժամանակը կանգ էր առել։ Այդ սառը հանդարտությունում և համր քարերի հարությունում մրմռացող մի ցավ էր ամբառնում, ինչպես հուղարկավորության լուռ մորմոքում կեղեքվում է կյանքի ու մահվան խորհրդավորությունը, մտքի պատկերացումները տանում երկրային ու երկնային անհասցե հորիզոններ։ Եվ անկախ որևիցե բանից, քեզ ստիպում ես թափանցել անցյալի, ներկայի ու ապագայի խորքերը, խորհել տրված կյանքի արժեքների, ապրածիդ անաղարտ հետքերի մասին։ Սրանք խոհեր են, որոնցից հետո միայն հոգիդ թողածդ արժեքներից պայծառանում, վեհանում է։
     Գուցե այսպես էր մտածում և այս գերեզմանում արդեն հուշարձան կանգնած այն մշեցի երիտասարդ պատանին, որ փարվելով արշալույսին աշնանային, մեծագույն ոգու զգացմունքով փորձեց գրկել տոհմական ժառանգականությամբ վաստակած ճշմարտությունը` դաշինք կնքելով ճակատագրի հետ ու Աստծո համաձայնությամբ բռնել ամենասրբազան ճանապարհը` մահ իմացյալ անմահություն է։
     ...
     ... Մայիս ամիսն էր։ Գարունը հանդարտ շնչում էր ննջեցյալների նիրվանա հիշեցնող հուշաքարերի մեջ։ Մեղմ քամին էր միայն զրույցի բռնվել նոր ծլած խոտերի ու լորերի վեհերոտ երգերի հետ։ Գերեզմանների լռության մեջ թեթև մի շրշյուն շեղեց նրա ուշադրությունը, շոյեց հոտոտելիքը. ծանոթ, շատ ծանոթ մի բուրմունք տարածվել էր խաղաղ ու գոլ օդի մեջ, եթերային փափկությամբ լցվել կապույտի խորքերը... Սուսաննայի հաճախակի այցելությունը որդու շիրմին, որը սև, մարմարյա հուշաքարով վեր խոյացած հպարտ ու անխոցելի, ժամանակի ու տարածության մեջ ձեռնոց նետած շիրմաքար էր,
     սովորություն էր դարձել։ Ու չնայած 20 ու ձիգ տարիեր էին անցել, սակայն հոգու վերքը դեռ չէր սպիացել, կարծես երեկ էր, որ...
     ...Ծանոթ բուրմունքը, որի մեջ ուժ կար, հուշ կար ու մորմոքվող լույս կար գալիս էր նրա որդու գերեզմանից` ինչ֊որ ճառագող ծփանք թողնելով չորսկողմ։
     Մոտեցավ ու քարացավ։ Տեսածն աննկարագրելիորեն ապշեցրեց. այն աղոթքն էր երկնային, թե ճախրանք օդեղեն, խորհրդավորություն, թե... Նրա համար անսպասելիորեն անհնար դարձավ ինչ֊որ բան ասելն ու լսելը։ Հանկարծ սկսեց որսալ սեփական ապրումներն ու հիշողությունները, թվաց, թե կրկին անցնում է անցած օրերի միջով։ Ցավի ալիքը հորձանք տվեց հոգու մեջ և ցնցվեց բնության ու ուժի առջև. միթե՞ անցյալն ու ներկան ծվարել էր այստեղ ու ծփում էր խաղաղության հանգույն։ Մի պահ ամեն ինչ թվաց մերձամատույց. այստեղ` շիրմաքարի մոտ արև էր ու սրբատեղի այնպես, ինչպես այնտեղ էր, այն վայրում։ Միտքը հստակվեց, հիշողությունները կադրերի նման կարծես էկրանից թափվեց իր դեմ...
     ...
     ...Անցյալ տարի էր։ Վարդագեղ առավոտը նրբորեն շոյելով արցախյան բնաշխարհի հրաշաթով գեղեցկությունը` դանդաղ բարձրացնում էր մալախիտե շղարշը նրբաքանդակ հանդերից ու մարգագետիններից և զմրուխտե փայլով տարածում կյանքի խորհրդավոր թրթիռը։ Քաղցրաբույր, թափանցիկ, կախարդական համպարով թանձրացած օդը խռովահույզ զգացմունքներով էր լցրել հոգին` ներսից այրելով ինքնաժայթքող հիշողությունը, որն այնքան աններդաշն էր իր և բնության միջև։ Սիրտը տրոփում էր, տառապում։
     Հայացքը մխրճվեց հրեղեն կապույտի մեջ, ոտքերը սահեցին խայտաբղետ ծաղիկների մախմուր հարսնյակների միջով, սակայն անհաղորդ մնաց բնության գայթակղիչ գեղեցկության հանդեպ։ Այն տունը, ուր հյուրընկալվել էր, հեռվում էր մնացել։ Մտազբաղ էր։Այս սարերը, դաշտերը, ծաղիկներն ու մարգագետինները ստիպում էին վերհիշել։ Ականջներում դեռ աղմկում էր չաղոտացող, անհոդաբաշխ ճիչը, երբ հանկարծակի բոթը ներխուժեց իրենց տուն։ Ահա այստեղ, այս հովտում, այս բնության քանդականախշ գոգում էր կտրվել որդու երիտասարդ կյանքի թելը։ Այս ազնիվ ու ծեր բնությունն էր իր գիրկն առել հարազատ որդուն, այս կրակված, վառոդահարված արահետներով ու կածաններով էր քայլել որդին... Բնությունը վերականգնվել է, իսկ որդին...
     Հիմա զմրուխտե խոտերի մեջ հրեղեն մարգերն են հյուսում անցած մահաբեր շաչյունների դառնահեծ պատմությունը, որը երկնքի մովից թել֊թել իջնում էր արդեն սպիտակած մազերին ու դառնում հուշերի անաղմուկ հևք։
     ...Օդում երկու արծիվ թրատեցին կապույտն ու ճախրանքով սլացան անհունի մեջ։ Հայացքը որսաց արծիվներին։ Խորը հոգոցը պատռեց շրջակայքի լռությունը։ Գնդակահարված արահետները պահել էին որդու ու ընկերների ոտնահետքերը, ուր հիմա ծաղիկներ էին աճել, արյուններից բույսեր թփակալել։ Մի պահ թվաց, թե ամբողջ տիեզերքը այստեղ է խտացել. Մարտունիում, Մարտակերտում, Թարթառի գետահովտում, ամբողջ Արցախում։ Միայն Աստծուն է հայտնի, թե ինչպիսի տառապանքների, ցավի միջով է անցել յուրաքանչյուր որդեկորույս մայր, ինչպես է հոգին ճաք տվել ամեն մի զոհի համար։
     Խռովվել էր հոգին, մտքերը տենդագին թափառում էին։ Հոգում թաքնված հուզմունքը նոր զգացումներ էր արթնացնում ։ Կանգ առավ։ Բնությունը կանաչաթույր այրումով բոցավառվում էր հայացքի տակ։ Դա մի փոքրիկ մարգ էր, ծոթրինների ածու, որոնց բույրը մեղեդու նման շոյում էր զգայարանները, որոնք զմրուխտամանուշակագույն երանգ էին ստացել ու վսեմ անդորրություն ստեղծել։
     Մի պահ այդ հանդարտ գեղեցկության մեջ հոգին որդու անցած միջանցքներով սահեց, հասավ 1988 թվականը։
    
     /շարունակելի/
    
     Հեղ.՝ Սվետա Աբրահամյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4117 | 0 | 0
Facebook