Идет загрузка...
Сегодня:  Четверг, 20 Февраля, 2020 года

Статьи

«Մտքիցս չեն գնում Ղարաբաղում ընկած մեր էդ տղաները…». Համո Սահյանը և Ղարաբաղը

21:36, Пятница, 17 Января, 2020 года
«Մտքիցս չեն գնում Ղարաբաղում ընկած մեր էդ տղաները…». Համո Սահյանը և Ղարաբաղը

Արցախյան ազգային վերազարթոնքը հենց սկզբից ողջունել և դրական էր գնահատել հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանը: 1988-ին Արցախում հանուն պատմական արդարության և ազգային արժանապատվության վերականգնման ոտքի ելած հայ ժողովրդի համար առաջնորդող էին նաև հայ մեծերի հայրենասիրական գործերը: Հանրահավաքներում ամբիոններից հաճախ էին լսվում նաև Սահյանի բանաստեղծությունները, որոնք մի նոր կրակով էին բորբոքում ժողովրդի հայրենասիրական ոգին.

«Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ…»

Բանաստեղծ Համո Սահյանի «նաիրյան մորմոքները» առավել մեծ շեշտադրում ստացան հատկապես Արցախյան շարժման և ապա ազատամարտի տարիներին:

Որտեղի՞ց այսքան ցավ ու թախիծ, -

Քարեր են փշրվում սրտիս վրա…

Գույժեր են գալիս Ղարաբաղից,

Սարեր են փշրվում սրտիս վրա,

Կռվում են այնտեղ քաջերն ազգի…

Եվ, ահա, նախերգը նրանց ասքի

Ողբի է փոխվում եւ մահազդի,

Դարեր են փլվում սրտիս վրա:

Սահյանը, բնականաբար, մեծ վիշտ էր ապրում Արցախյան պատերազմում մեր ժողովրդի ունեցած մարդկային կորուստների համար, եւ ահա 1992 թվականի դեկտեմբերին նա գրում է. «Մտքիցս չեն գնում Ղարաբաղում ընկած մեր էդ տղաները: Ես լաց եմ լինում. ի՜նչ մերեր են բերել, ինչ ոգի են, ազգի ոգի ասածդ իրենք են: Ազգի փրկության համար մարտադաշտ իջածը այլևս վեր է ամեն մի կուսակցության անդամ լինելուց, վեր է ամեն մի բանից: Բոլորը միասին ազգի զավակներ են, ազատամարտիկներ, փրկիչներ, հրաշալիներ:

Ամենասարսափելի բանը, ամենացավալի բանը, որ էս ընթացքում մեզ հետ կատարվեց, էդ տղաների կորուստն է: Ազգի ընտրանին, ամենալավ տղերքը գնացին: Գենը գնաց, տեսակը գնաց: Ոնց որ հատուկ ընտրես տանես: Բայց թե՝ իրենք իրենց են ընտրում: Պատրաստված, խելոք, կարդացած տղաներ: Մեռան գնացին: Անուններն էլ չկան: Վա՜յ, վա՜յ, ո՞նց պիտի վերականգնենք: Այս տղաները գերազանցում են մեր ֆիդայիներին, նախորդ մեր բոլոր նվիրյալներին: Էդպես էլ պիտի լիներ, այլապես ազգը չէր գոյատևի: Էդ տղերքը պիտի ազգն առաջնորդեին, երկիրը ղեկավարեին…Սրանք մեծերի մեջ են….»:

Եվ որքան էլ տրամադրությունները հոռետեսական լինեն, այնուամենայնիվ, անգամ ամենահուսահատ պահին, գրողին չեն լքում ժողովրդական լավատեսությունն ու հավատը: Խոսելով մեր զոհված քաջերի մասին՝ հառաչում է նա՝ ինչ մերեր են բերել…

«Եթե Մարտիրոս Սարյանը էս ժողովրդի աչքն է, նրանց միջոցով պիտի տեսնի, Կոմիտասը՝ ականջն է, նրանցով պիտի լսի, եթե Թումանյանը միտքն է ու լեզուն, եթե Մաշտոցը ոգին է, էությունը, Աբովյանը թոքերն են, շնչառությունը և եթե Չարենցն էլ այս ժողովրդի սիրտն է, ապա այս տղաները ազգի արյունատար անոթներն են, երակներն են, զարկերակն են ազգի: Ազգի սիրտը, որ խփում է, աշխատում, ամեն մի զարկը էս տղաների շնորհիվ է: Իրենք են արյուն մատակարարում՝ իրենց արյունը չխնայելով, իրենց երազը փշրելով, իրենք իրենց ողջակիզման տանելով», -գրել է Սահյանը 1992 թ. դեկտեմբերին այն տղաների մասին, ովքեր կերտեցին արցախյան ազատամարտի հաղթանակը:

Պարզ է, որ նման հերոսներ ծնող ժողովրդի հավերժությունը կասկած չի կարող հարուցել, եւ գրողի տխրությունն անգամ դառնում է մի նոր խիզախման, ելքի դուռ և պատգամում ապրողներիս հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնց շնորհիվ առողջ պետք է տրոփի ազգի սիրտը:

Զարինե Սառաջյան, բանասիրական գիտությունների թեկնածու

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1003 | 0 | 0
Facebook