Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Օլիմպիական կրակն ու ջահը Հիտլերի համաձայնությամբ ու աջակցությամբ են կյանքի ուղեգիր ստացել

21:23, Пятница, 13 Декабря, 2019 года
Օլիմպիական կրակն ու ջահը Հիտլերի համաձայնությամբ ու աջակցությամբ են կյանքի ուղեգիր ստացել

Արիական ազգի ցեղային գերազանցությունն այլ ազգերի նկատմամբ ընդգծելու նպատակով՝ Հիտլերը, որը նախաձեռնել էր Օլիմպիական հերթական խաղերի անցկացումը Բեռլինում, հավանություն տալով Բեռլինի Օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարլ Դիմի մտահղացմանը, սկիզբ է դնում մի ավանդության, որն առ այսօր ոչ միայն պահպանվում է, այլև ավելի ու ավելի պերճաշուք է դառնում: Խոսքը վերաբերում է Օլիմպիական կրակը փոխանցումավազքով այն վայրն հասցնելուն, որտեղ տեղի են ունենալու խաղերը:

Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել 1936 թվականին, Բեռլինի Օլիմպիական խաղերի ժամանակ: Հանուն Երրորդ կայսրության փառքի՝ Հիտլերի այս գաղափարին միս ու արյուն տալու գործին անմիջապես ձեռնամուխ է լինում դոկտոր Գեբելսը: Նա գերմանացի կին կինոռեժիսոր Լանի Ռեֆենշթալին խնդրում է փաստագրական ֆիլմ նկարահանել Աթենքից Բեռլին կրակ հասցնելու մասին: Օլիմպիական կրակը Աթենքից Բեռլին հասցնելու, 3187 կիլոմետր տարածությունը փոխանցումավազքով անցնելու համար ընտրվել է 3321 «մաքուր գերմանացի» մարզիկ: Նրանք ներկայացրել են հին Հունաստանի լավագույն ավանդույթների մասին Հիտլերի պատկերացումն ու ազգայնական վարչակարգի այն համոզումը, թե գերման ազգն այս աշխարհում Պրոմեթևսի առաքելությունն է կատարում՝ մարդկությանը կրակ, այսինքն լույս ու գիտություն է պարգևում: Ճակատագրի հեգնանքով, 1940 թվականին՝ Բեռլինի Օլիմպիական խաղերից չորս տարի անց, գերմանական բանակը գրավել էր այն բոլոր երկրները, որոնցով անցել էր օլիմպիական կրակը...

Արդ, օլիմպիական կրակի երթը ազգայնական Գերմանիայի ներխուժումների խորհրդանիշ է, ահա թե ինչու պատերազմից հետո այն շատ կրքոտ բանավեճերի առարկա է եղել: Օլիմպիական կրակին ընդդիմացողներն իրենց առարկությունը հիմնավորել են նաև նրանով, որ ոչ մի փաստ գոյություն չունի այն մասին ու հին Հունաստանի օլիմպիական խաղերում կրակի փոխանցումավազք է եղել:

Երկու խոսք քաղաքական գործիչ, հրապարակախոս, գիտնական, տեսաբան և սպորտային շարժման պատմաբանԿարլ Դիմի մասին: Նա ոչ միայն օլիմպիական կրակի ու ջահի գաղափարն է տվել, այլև եղել է օլիմպիական կրակը Բեռլին հասցնող փոխանցումավազքի կազմակերպիչը: Երկրորդ աշխարհամարտից հետո, մինչև իր մահը՝ 1962 թվականը, նա սպորտի աշխարհի առանցքային գործիչներից մեկն է եղել:

Ի դեպ, Դիմը բոցաշունչ խոսքով հաճախ է ելույթ ունեցել «Հիտլերյուրգենդ» երիտասարդական կազմակերպության անդամների առջև: Նույնիսկ պատերազմի վերջին ամիսներին, երբ Գերմանիայի պարտությունը բոլոր գերմանացիներն են գիտակցել, նա բազմիցս դիմել է զորակոչված պատանի զինվորներին՝ կրկնելով հին հույն բանաստեղծ Տիրտեոսի հետևյալ խոսքը. «Մահը սքանչելի է, երբ վեհանձն ռազմիկը մարտնչում է հանուն հայրենիքի և մեռնում է հանուն հայրենիքի»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3661 | 0 | 0
Facebook