Իմ երկրպագուների կողմից եղավ առաջարկ ավելի հաճախ կատարելու ժողովրդական երգեր և այդ առաջարկն ավելի քան իմ սրտով էր: Ես ինձ համարում եմ ժողովրդական երգչուհի և ինձ համար միայն հաճույք է աշխատել մեր նախնիների թողած մեծ ժառանգության հետ: Որոշեցի ստեղծագործական այս փուլում վերադառնալ իմ շատ սիրելի ժողովրդական երգերին և ստեղծել մի շարք, որտեղ ամեն ինչ ներկայացվում է յուրովի: Նոր գործիքավորումից մինչև երգի ժամանակակից մատուցում: Կատարման ընտրությունից առաջ, նախ ծանոթանում եմ երգի նախապատմությանը, և ապա ընտրում այն և սկսում աշխատել: Ժողովրդական և ֆոլկլորային երգերն ունեն մի առանձնահատկություն. եթե ճիշտ ես զգում երգը, ուրեմն կարող ես հաջողությամբ այն կատարել: Ես միշտ եմ սիրել ժողովրդականը, քանի որ մեծացել եմ այդ երգերով: Ավելին` երգել սկսել եմ հենց այդ երգերի շնորհիվ: Բացի այն, որ ունեմ շատ ժողովրդակաբ երգեր, վերջին երկու տարին առանձնահատուկ նվիրել եմ իմ սիրելի երգերի վերամշակմանը: Հաճախ ներկայացնում եմ դրանք շարաններով` դրանց մեջ ներառելով նաև ժողովրդական խաղիկներ: Այս տարի ներկայացրել եմ նաև հայրենասիրական երգեր` «Գետաշենից» մինչև «Պատերազմ ենք գնում» և այս շարքը նույնպես շարունակական է: Կատարում եմ նաև գուսանական երգեր, որոնք ևս անսահման սիրելի են ինձ համար (Սայաթ-Նովա, Գուսան Շերամ, Հավասի): Վերջերս, Նիկ Էգիբյանի հետ ներկայացրել ենք «Ավլեմ-թափեմ փոշին» երգը, որը հիմնովին ձևափոխել ենք և Նիկի գործիքավորմամբ նոր շունչ հաղորդել արդեն սիրելի խաղիկներին: Մինչև տարեվերջ ևս մեկ անակնկալ ունեմ, որն այս պահին մոնտաժի սեղանին է: Պատրաստում ենք նոր ժողովրդական երգ, որը ներկայացնելու եմ Ամանորին ընդառաջ: Աստղիկ Գալստյան
|