Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 09 Декабря, 2019 года

Статьи

Նորից երկընտրանքի առջև

20:22, Среда, 04 Декабря, 2019 года
Նորից երկընտրանքի առջև

Խառանի ճակատամարտում (մ.թ.ա.ա 53 թվական) Կրասսոսի խայտառակ պարտությանը հռոմեացիները նույնիսկ մեկ տասնամյակ անց դեռ չէին հատուցել, և նրանց լեգեոնների արծվակիր դրոշները տակավին պարթևների մոտ էին: Մ.թ.ա. 48 թվականին Փարսալոսի ճակատամարտում իր հիմնական հակառակորդ Պոմպեոսին ջախջախած ու պետության միանձնյա ղեկավարը դարձած Հուլիոս Կեսարը սկսում է նախապատրաստվել պարթևական արշավանքի: Նրա քրոջ որդի Օկտավիանոսը՝ ապագա Օգոստոս կայսրը, ուղարկվում է Հունաստան՝ պատրաստվելու մոտալուտ արշավանքին: Այստեղ հատուկ բանակ էր կազմակերպվում, ուսումնասիրվում էր արշավանքի պայմանները, մշակվում էր արշավանքի մանրամասն ծրագիրը: Արդեն հավաքվել էր երկու տասնյակից ավելի լեգեոն, որոնք Պարսկաստան պիտի ներխուժեին Հայաստանի վրայով: Բայց 44 թվականի մարտի 15-ին Կեսարն սպանվում է, և սկաված քաղաքացիական պատերազմի պատճառով հռոմեացիները առժամանակ ձեռնպահ են մնում արևելյան գործերերով զբաղվելուց:

Հռոմում կազմվում է երկրորդ եռապետություն, և պետության տերեր դարձած եռապետներն այն բաժանեցին իրար միջև: Եռապետներից մեկին՝ Անտոնիոսին, բաժին է ընկնում Արևելքն ու Կեսարից ժառանգություն մնացած պարթևական արշավանքի ծրագիրը: Մ.թ.ա. 41 թվականին Անտոնիոսը Կիլիկիայի Տարսոն քաղաքում ընդունում է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա 7-րդին, որին հատուկ կանչել էր այդտեղ, որպեսզի նա պատասխան տա Կեսարի սպանությանը մասնակցած և Եռապետության դեմ կռված Կասսիոսին ցույց տված օժանդակության համար: Որպես մեղադրյալ Տարսոն ժամանածն այնտեղից Ալեքսանդրիա վերադարձավ որպես Անտոնիոսի սիրուհի: Այդ խելոք ու խորամանկ կինը կարողացել էր հմայել կրքոտ հռոմեացուն: Նա կարևոր դեր էր խաղալու Անտոնիոսի քաղաքականության ու գործունեության մեջ:

Մ. թ. ա. 40 թվականին պարթևները, թագաժառանգ Բակուրի առաջնորդությամբ, կրկին ներխուժում են Ասորիք: Ասորիքի նահանգապետ Սաքսանոսը պարտվում է, փախչում է Կիլիկիա և այնտեղ սպանվում է:

Բակուրի դեմ Անտոնիոսը զորք է ուղարկում, և 38 թվականին Գինդարոս լեռան մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարթևները պարտվում են, իսկ Բակուրը սպանվում է: Դրանից հետո միայն Անտոնիոսն սկսում է նախապատրաստվել պարթևական արշավանքին:

Եվ այս իրավիճակում Արտավազդը նորից կանգնում է երկընտրանքի առջև: Բայց այս անգամ պայմանները տարբեր էին. Հայաստաննը 53 թվականից ի վեր պարթևների դաշնակիցն էր դարձած և պարթևների հետ ռազմական գործողություններ էր ծավալել Հռոմի դեմ: Բայց Անտոնիոսի արշավանքի նախաշեմին Հայաստանի և Պարթևստանի միջև հարաբերությունները սառել էին. 38 թվականին, ինչպես ասվեց, սպանվել էր թագաժառանգ Բակուրը, որի հետևանքով խզվել էին երկու թագավորների խնամիական կապերը, այնուհետև Օրոդես թագավորը խաղից դուրս էր եկել՝ գահը զիջելով իր որդի Հրահատին, որը չբավարարվելով դրանով՝ սպանել էր ծեր հորը: Պարթևների նոր թագավորն ակտիվ քայլեր չարեց գալիք պատերազմում Հայաստանի աջակցությունն ապահովելու ուղղությամբ, այլ, ընդհակառակը, մերձեցավ Հայաստանի պոտենցիալ թշնամու՝ Ատրպատական-Մարաստանի (Մեդիա-Ատրոպատենե) թագավորի հետ, որի անունը նույնպես Արտավազդ էր:

Մինչդեռ Անտոնիոսը, ըմբռնելով Հայաստանի դիրքորոշման վճռական նշանակությունը իր արշավանքի մեջ, ջանք չի խնայել Արտավազդին մասնակից դարձնել այդ արշավանքին: Նա զորքով Հայաստան է ուղարկում իր զորավար Կանիդիոսին՝ հանձնարարելով ինչ գնով էլ լինի ապահովել Հայաստանի առնվազն չեզոքությունը: Ստանալով Արտավազդի համաձայնությունը՝ Կանիդիոսը շարժվում է դեպի Վիրք և Աղվանք և կարողանում է սրանց էլ պարտադրել, որ միանան պարթևների դեմ արշավանքին:

(շարունակելի)

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
664 | 0 | 0
Facebook