Идет загрузка...
Сегодня:  Вторник, 10 Декабря, 2019 года

Статьи

Ինչու՞․․․ պարզ պատասխան

23:15, Вторник, 19 Ноября, 2019 года
Ինչու՞․․․ պարզ պատասխան

Ողջունում եմ բոլորին։
     Գրեթե մեկ տարի ոչինչ չէի գրել ու երևի թե շարունակեի չգրել, եթե․․․
     Եթե չլիներ երեկվա Հայաստան - Իտալիա ֆուտբոլային հանդիպումը, բայց ավելի ճիշտ կլինի ասել այդ հանդիպումից հետո արվող մեկնաբանությունները, հատկապես իրենց պրոֆեսիոնալ համարող կիսագրագետ լրագրողները և իբր հայկական ֆուտբոլով մտահոգ որոշ այծեր, էէէէհ, այրեր։
     Ինչպես միշտ փորձում ենք ամեն ինչ մակերեսային նայել, շաաա՜տ մակերեսային։
     Միանգամից սկսեցին մեղադրել Արթուր Վանեցյանին, Աբրահամ Խաշմանյանին ու հավաքականի տղաներին, մարդկանց, որոնք ամենաքիչն են մեղավոր այս պարտության մեջ։ Խնդիրն ավելի խորքային է։
     Մի անգամ ասել եմ ու նորից կրկնում եմ․ առանց մանկապատանեկան ֆուտբոլը հեղաշրջելու և համակարգային փոփոխություններ անելու անհնար է ունենալ ազգային հավաքականին վայել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, պարզապես անհնար է։
     Նայեք մեր բոլոր տարիքային հավաքականներին՝ սկսած մինչև 14 տարեկանների հավաքականից։ Ցանկացած միջազգային ելույթ մեզ համար արդեն ձախողված է։ Մեր բոլոր տարիքային հավաքականները գրեթե միշտ խոշոր հաշվով պարտություններ են կրում, բայց դրանից հետո միակ հետևությունը որն արվում է, առավելագույնը մարզչի փոփոխությունն է ու վե՛րջ։ Իսկ նրանք հենց այն տղաներն են, որոնք պետք է փոխարինեն մեր հավաքականի ներկայիս տղաներին։ Մեր մանկապատանեկան ֆուտբոլը գրեթե ամբողջությամբ ներկայացնում են մեր ազգի ներկայացուցիչները, բայց «Բարձրագույն Խմբում» հանդես եկող թիմերում հայերը փոքրամասնություն են կազմում։ Դա արդեն խոսում է այն մասին, որ ինչ որ բան այնպես չէ։
     Բերեմ ամենաթարմ օրինակը:
     Ինչպես հայտնում են «Փյունիկ» -ից՝
     «Նոյեմբերի 11-ից 16-ը Մոսկվայի «Սպարտակի» ակադեմիայի մարզահամալիրում անցկացվել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Կոնստանտին Իվանովիչ Բեսկովին նվիրված՝ «Բեսկովը և իր թիմը» ավանդական միջազգային մրցաշարը, որին այս անգամ մասնակցել է նաև «Փյունիկ-06» թիմը (2006 թվականի ծնված երեխաները):
     Խմբային փուլում պարտվել են Սպարտակի իրենց հասակակիցներին 11։0 հաշվով, այնուհետև Ռոստովին 6։0 և ոչ ոքի՝ 0։0 խաղացել Դինամոյի հետ։
     Անցումային խաղում պարտվել են Լոկոմոտիվի իրենց հասակակիցներին 10։0 հաշվով, իսկ 7-րդ տեղի համար պայքարում նվազագույն հաշվով պարտվել Բալթիկային։»
     Ընդհանուր առմամբ բաց են թողել 28 գնդակ, փոխարենը չեն կարողացել գեթ մեկ գոլ խփել։ Եվ դա ռուսական ակումբների դեմ պայքարում։ Չեմ էլ ցանկանում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մրցեին Բարսելոնայի, Ռեալի, Այաքսի իրենց հասակակիցների դեմ։ Ընդ որում Փյունիկի մանկապատանեկան դպրոցը համարվում է առաջատարերից մեկը մեր երկրում, եթե ոչ առաջատարը։ Ու չկարծեք թե, եթե Փյունիկի փոխարեն այլ ակումբից լինեին այդպես չէր լինի։ Միգուցե և ավելի վատ լիներ։ Ահա մեր մանկապատանեկան ֆուտբոլի իրական վիճակը։ Մենք ծառ ենք տնկում, բայց չենք ջրում, չենք խնամում, իսկ արդյունքում ունենում ենք վատ բերք։ Բայց փոխարենը հասկանալու, թե ինչու՞ վատ բերք ստացանք, հարցը լուծում ենք նոր աշխատանքի ընդունված այգեպանին գործից հանելով։ Ահա և վերջ։ Եվ այսպես անդադար։
     Այդ երեխաները մեղավոր չեն, որ պարտվել են ու պակաս տաղանդավոր չեն վերը նշված ակադամիաների երեխաներից, պարզապես նրանց հետ սխալ են աշխատում։ Ֆուտբոլը պարզապես խաղ չէ, դա մտածելակերպ է, ապրելակերպ։ Դա միլիոնավոր մարդկանց կյանքի մի մասն է, իսկ որպեսզի ինչ որ մեկը իր թանկ կյանքից մի մասը քեզ հատկացնի, դու ինքդ պետք է կյանք տաս ու վաստակես տեղդ ինչ որ մեկի կյանքում լինելու համար։
     Այո, Ֆուտբոլը նաև բիզնես է, մեծ բիզնես։ Գաղտնիք չի, որ ակումբներն իրենք են շահագռգռված, որպեսզի իրենց սաները դառնան ամենավառ աստղերը ֆուտբոլային աստղաբույլում։ Դա և պատիվ է բերում տվյալ ակումբին, և փառք, և իհարկե «խոշոր շահում» ։
     Հայկական ակումբները կամ չեն ցանկանում երկարաժամկետ ներդրում անել ու իսկապես որակյալ ակադեմիա ստեղծել, կամ էլ հնարավորություն չունեն։ Ավելի հակված եմ առաջին տարբերակին։ Գրեթե բոլոր ակումբները ցանկանում են ունենալ ուժեղ թիմ, բայց ոչ ոք չի ուզում ունենալ մանկապատանեկան բարձրակարգ ակադեմիա։ Հիմնական նպատակը սա է․ կլինե՞ն տաղանդներ, ավելի լավ, չեն լինի՞, Է՜վրիկա, էէէէհ, Ա՜ֆրիկա։ Օտարազգի ու էժան աշխատավարձ։ Էլ ի՞նչ է պետք հայկական ֆուտբոլի համար․․․
     Չէէէ, Խաշմանյանն է մեղավոր․․․


     ՀԳ
     Ազգային հավաքականի նվիրվածության մասին չեմ էլ մտածում։ Տղաներն իրոք նվիրված են խաղում, դա անցանք։
     Պետք չի նոր հեծանիվ հնարել, պարզապես վերցրեք արդեն հաջողած եվրոպական փորձը։ Միայն հայրենասիրությունը դրոշակ դարձնելով չեք կարող հաղթել Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի կամ մեկ այլ թոփ հավաքականի։ Այդ երկրների ֆուտբոլիստները պակաս հայրենասեր չեն, բայց միևնույն ժամանակ հասկանում են, որ միայն այդ մոտեցումով առաջ չեն գնա։ Հայրենասիրություն կլինի, եթե չխորտակեք մեր երեխաների երազանքը։

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
720 | 0 | 0
Facebook