Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Հայ թրեյդերը՝ Bitcoin-ով փող աշխատելու մասին

ԲԻԶՆԵՍ 24
Пресс-секретарь:
ԲԻԶՆԵՍ 24
21:12, Понедельник, 18 Ноября, 2019 года
Հայ թրեյդերը՝ Bitcoin-ով փող աշխատելու մասին
     Հետաքրքրությունը կրիպտոարժույթի նկատմամբ օրեցօր աճում է, սակայն մարդկանց մեծ մասը շարունակում է այդ երևույթին զգուշությամբ վերաբերվել. ոմանք ուղղակի ծանոթ չեն կրիպտոարժույթների շուկային, ոմանք էլ համարում են դա հերթական ֆինանսական փուչիկ, որը մի օր պայթելու է՝ թողնելով շատ մարդկանց կոտրված տաշտի առջև: Բիզնես 24-ը խոսել է հայ կրիպտոթրեյդեր (կրիպտոարժույթի առք ու վաճառքով զբաղվող) Սևակ Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս է նա գումար աշխատում բիթքոինի վրա, ի՞նչ ռիսկեր կան այդ գործում, որքանով է հնարավոր ՀՀ-ում վաստակել կրիպտոարժույթների մայնինգի վրա (բիթքոինի ենթակառուցվածքին ու ամբողջ ցանցի շահագործման ապահովման աջակցությունը նոր բիթքոինների դիմաց) և ի՞նչ այլ կրիպտոարժույթներ կան, որոնց արժե աչքի տակ առնել:
    

Բիթքոինը՝ որպես ներդրում

Մոտ 3-4 տարի առաջ սկսել եմ հետաքրքրվել կրիպտոարժույթների շուկայով, իսկ այս վերջին տարում, երբ ավելի լավ սկսեցի պատկերացնել, թե դա ինչ է, ինչպես է աշխատում, ու ինչն է ընկած դրա հիմքում, ինքս մտա այդ ամենի մեջ: Ուղակի ժամանակ էր պետք նոր բանն ընդունելու ու հասկանալու համար: Բիթքոին գնելու համար պարտադիր չէ շատ գումար ունենալ, ցանկացած գումար կարելի է վերածել բիթքոինի՝ մինչև 0, 00000001 բիթքոին: Այսինքն չնչին գումարով հնարավոր է այդ ամենի մեջ մտնել: Ես ինքս դա դիտարկում եմ որպես ներդրում. օրինակ, եթե դու ունես 500$, որը չես նախատեսում ծախսել, պետք է ինչ-որ ձևով կամ արժույթով պահես այն: Վերջին տարիներին խնայողությունները պահելու ու եկամուտ ունենալու ամենալավ միջոցը հենց կրիպտոարժույթներն են:

Ինչպե՞ս սկսել, ի՞նչ անել

Կան բորսաներ, որոնք միայն կրիպտոարժույթների առք ու վաճառքով են զբաղվում, պետք ընտրել դրանցից մեկը, գրանցվել այնտեղ, գումար փոխանցել բանկային փոխանցման կամ բանկային քարտի միջոցով և այնտեղից գնել այդ պահին գործող փոխարժեքով բիթքոին: Այնուհետև ծագում է պահելու խնդիրը. հնարավոր է պահել հենց բորսայում, բայց խորհուրդ է տրվում պահել հատուկ դրա համար նախատեսված դրամապանակներում, քանի որ այդպես ավելի անվտանգ է: Կանխիկացման հետ կապված. ամենալավ փոխարժեքները հենց բորսաներում են լինում, որտեղ կարող ես վաճառել ունեցածդ բիթքոինները և ստացված գումարը փոխանցել հաշվեհամարիդ: Ճիշտ է՝ հետո բանկային փոխանցմանը մի քիչ երկար է պետք սպասել, բայց այդ տարբերակն ամենավստահելին է ու ամենաքիչ միջնորդավճարովը: Եթե նոր եք գնում բիթքոին, արժե գնել և պահել՝ մի քանի տարով մոռանալով դրա մասին:
Մայնինգի փորձի մասին
     Միանշանակ արժե ինքնուրույն մայն անել բիթքոիններ: Մայնինգի միակ խնդիրը հոսանքի գինն ու որակն է աշխարհում: Մեզ մոտ շատ հարմար է հոսանքի գինը համեմատած եվրոպական երկրներին, ինչն էլ մայնինգն ավելի ձեռնտու է դարձնում: Այս պահի ամենահզոր մայները, որն արտադրվում է Չինաստանում, 1, 5 կիլովատ էլեկտրաէներգիա է օգտագործում 1 ժամում: Մեկ այլ դժվարություն է մայնինգի համար նախատեսված սարքավորումները պահելն ու սպասարկելը. ցանկացած փոքր բանից կարող են փչանալ, քանի որ Չինաստանում են պատրաստվում: Բայց շատ ավելի դժվար է դրանք գնելը, քանի որ շատ մեծ պահանջարկ ունեն այժմ, գործարաններն ուղակի չեն հասցնում արտադրել: Ինքս փորձել եմ մայն անել, բայց վիդեոքարտերով, ինչն այդքան էլ էֆեկտիվ չէ: Արդեն պատվիրել եմ սարքերը, սպասում եմ, որ շուտով գան: Հայաստանում ռեալ է դրա վրա վաստակել: Եթե ճիշտ սարքերով ես աշխատում, 7-8 ամսվա ընթացքում հնարավոր է բոլոր ծախսերը փակել:
    
Բիթքոինի կտրուկ աճի և հնարավոր անկման մասին
Բիթքոինի արժեքի կտրուկ աճը պայմանավորված է դրա նկատմամբ առաջացած հետաքրքրությամբ ու պահանջարկով: Ու դրա պոտենցիալն անսպառ է, քանի որ բիթքոինի քանակը սահմանափակ է՝ մինչև 21 մլն: Իսկ այդ թվին կարող են հասնել 2041-ից ոչ շուտ: Եթե պահանջարկը մեծանա, առաջարկը չի փոխվի: Վերջին ամիսների փորձը ցույց է տալիս, որ մոտ 3 ամիսը մեկ լինում է կտրուկ անկում՝ մինչև 30%: Բայց հետո բիթքոինի արժեքը շատ արագ վերականգնվում է և նոր ռեկորդներ սահմանում:
    

Հնարավոր ռիսկերի մասին

Վստահելիության խնդիրն ու ռիսկերը միշտ կան. դա նավթ կամ ոսկի չէ, որ իմանաս՝ վատագույն դեպքում ունի մինիմալ ինքնարժեք: Բիթքոինի ինքնարժեքը 0 է, բայց փողերի փոխանցման նոր տեխնոլոգիաները, կեղտոտ և «սև» փողեր լվանալու հնարավորությունը դարձնում են բիթքոինը վիրտուալ ոսկի: Քանի դեռ աշխարհում կան «սև» փողեր, միշը լինելու է դրանք մաքրելու ու շրջանառության մեջ դնելու խնդիրը, որն էս պահին կարելի է լուծել կրիպտոարժույթի միջոցով: Ես ինքս այս մեկ տարվա ընթացքում դեռ չեմ կորցրել գումար կրիպտոարժույթի վրա: Ընդհանրապես դրա վրա դժվար է կորցնել, կարող ես ուղղակի ընթացիկ պակասնորդներ ունենալ: Փոխարժեքի կտրուկ անկումը պարզապես հնարավորություն է ավելի էժան գնով բիթքոին ձեռք բերելու: Գումար կորցնելու ռիսկ ֆինանսական բոլոր գործարքներում էլ առկա է, բայց պետք չէ ամեն անկումից տագնապի մեջ ընկնել: Օրինակ, եթե դու անշարժ գույքի գործակալ ես և տուն ես գնում վաճառելու նպատակով, ամեն պահ չես ստուգում, չէ՞, տունդ տեղում է, թե՝ ոչ: Այսպես էլ այս հարցում, պետք է գնել, ու ամեն րոպե նյարդային կերպով չհետևել արժեքի տատանումներին:
    

Բիթքոինի այլընտրանքները

Որպես բիթքոինի հաջող այլընտրանք կարող եմ նշել Ethereum-ը, որը երկրորդն է իր արժեքով: Կա բիթքոինից առանձնացած Bitcoin Cash-ը, շատ հետաքրքիր են նաև Ripple-ը, դաշը, լայթքոինը: Սրանք էլ են տոկոսային աճի ցուցանիշներով մոտ բիթքոինին: Ինքս փորձ ունեմ Bitcoin Cash-ի, Ethereum-ի և ռիփլի, բոլորն էլ շատ արագ արժևորվում են հիմա, ուստի իմաստ ունի դրանց վրա էլ ուշադրություն դարձնել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3494 | 0 | 0
Facebook