Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Հովհաննես առաքյալի խորհրդանշանները

16:03, Суббота, 16 Ноября, 2019 года
Հովհաննես առաքյալի խորհրդանշանները

Տասներկու առաքյալներից սա ամենակրտսերն ու Հիսուսի ամենասիրելին է եղել: Սա նաև միակն է առաքյալներից, որ բնական մահով է մահացել: Վաղ քրիստոնյաներն այս առաքյալին այնպիսի հրաշագործություններ են վերագրել, որ Հիսուսն անգամ կնախանձեր:

Համաձայն հորինվածքի, որին «ավանդություն» անունն են տվել, երբ Ներոն կայսրն սկսում է հալածել քրիստոնյաներին, նրան տանում են Հռոմ, որպեսզի դատեն: Քրիստոսի հանդեպ անսասան հավատի համար նրան մահվան են դատապարտում: Բայց, խմելով թույնով լցված գավաթի պարունակություն, նա ողջ է մնում: Նրան գցում են նաև եռացող յուղով լի կաթսայի մեջ, բայց դարձյալ չի մեռնում: Տեսնելով, որ այս առաքյալն «անմահ է», աքսորում են Պատմոս կղզի, որտեղ ապրում է բազում տարիներ:

Գրվել է, թե Հովհաննես առաքյալը, երբ զգում է, որ մահը մոտ է, աղոթում է, ապա գերեզմանափոս է մտնում ու աշակերտներին հանձնարարում է իր վրա հող լցնել: Աշակերտները՝ արցունքն աչքերին, համբուրում են նրան, բայց չհամարձակվելով հակառակվել նրա կամքին, կատարում են նրա պահանջը: Կտորով ծածկում են նրա երեսն ու հողը լցնում են: Իմանալով այդ մասին՝ մնացյալ աշակերտները այցի են գալիս նրա շիրմին, բայց, բացելով գերեզմանը, այնտեղ հանգուցյալին չեն գտնում:

Եթե Հիսուս Քրիսոսն ընդամենը մի Ղազարոս է կենդանացրել, ապա Հովհաննես առաքյալը բազմաթիվ մահացածների է վերստին «կյանք պարգևել»:

Նա Եփեսոսում իր աշակերտներից մեկի հետ բաղնիսպան է աշխատելիս լինում: Մի անգամ այդ բաղնիքում մեռնում է Դոմնիոս անունով մի պատանի: Պատանու հայրը՝ Դիոսկորդիոսը, իմանալով այդ մասին, վշտից մեռնում է: Բաղնիքի տիրուհին պատանու մահվան համար մեղադրում է Հովհաննեսին ու սպառնում է սպանել նրան: Հովհաննեսն էլ, ի պատասխան այդ սպառնալիքի, ինչպես հարկն է աղոթում է ու հարություն է տալիս ոչ միայն պատանուն, այլև նրա հորը:

Արտեմիս աստվածուհուն նվիրված տոնակատարության օրը Հովհաննեսը հեթանոսներին մեղադրում է կռապաշտության մեջ, որի պատճառով ամբոխը սկսում է նրան քարկոծել: Հովհաննեսը հենց սկսում է աղոթել, անմիջապես անտանելի տապ է սկսվում, որի հետևանքով հենց տեղում 200 մարդ է մահանում: Ողջ մնացածները, տեսնելով Հովհաննեսի զորությունը, նրա ողորմածությունն են հայցում, և առաքյալը բոլոր մեռածներին հարություն է տալիս: Շարունակությունը, կարծում եմ, դժվար չէ կռահել. Բոլոր հարություն առածները սիրահոժար մկրտվում են:

Հռոմեական դատարանի վճռով, ինչպես վերն ասացի, Հովհաննեսին աքսորում են Պատմոս կղզի: Այն նավում, որը նրան աքսորավայր է տարել, բարձրաստիճան պաշտոնյաներ էլ են եղել: Դրանցից մեկի որդին անզուշաբար ծովն է ընկնում ու սուզվում է: Բարձրաստիճան պաշտոնյաները, բնականաբար, սկսում են խնդրել Հովհաննեսին, որ օգնի, բայց նա մերժում է, քանի որ նրանք կուռքերի են պաշտել: Բայց առավոտյան Հովհաննեսի խիղճն արթնանում է, ու նա խնդրում է Աստծուն, որ հեթանոս երեխան փրկվի: Մի քանի րոպե անց ծովի ալիքը ողջ ու առողջ պատանուն նավն է նետում:

Պատմոս կղզում Քինոփսիս անունով մի մոգ է եղել, որը շփվել է անմաքուր ոգիների հետ: Տեղի բնակիչները Քինոփսիսին որպես աստված են մեծարել: Երբ Հովհաննես առաքյալն սկսում է Քրիստոսին քարոզել, կղզու բնակիչները մոգին խնդրում են պատժել նրան: Հովհաննեսը մերկացնում է Քինոփսիսի դիվային էությունը, և նրա աղոթքի ուժով ծովի ալիքը հափշտակում է մոգին: Նրան երկրպագող ժողովուրդը երեք օր շարունակ սոված ու ծարավ սպասում է իր մոգի վերադարձին: Այդ ընթացքում երեք երեխա մահանում է: Հովհաննեսը դարձյալ խղճում է անհավատներին, աղոթքով բուժում է հիվանդներին, հարություն է տալիս մահացած երեխաներին:

Նկարիչներն ու քանդակագործները Հովհաննեսին առանձին պատկերը վրձնելիս կամ արձանը կերտելիս հաճախ նրա կողքին նաև արծիվ են պատկերել, քանի որ արծիվը խորհրդանշում է բարձրաթռիչ ու հզոր միտք: Պատկերագրությունը նրան առանց մորուքի է ներկայացրել: Հիսուսի այս «սիրելի աշակերտը» նկարներում Հիսուսին ավելի մոտ կանգնած, նրա դիմաց կամ կողքին նստած է պատկերվել: Նրան միշտ կարմիր հագուստով են պատկերել՝ ձեռքերին թանաքաման, գրիչ ու գիրք:

Հովհաննեսին հաճախ պատկերել են նաև գավաթը ձեռքին, որով ցանկացել են հաստատել այն առասպելը, թե նրան թունավոր խմիչք են տվել, բայց այն առաքյալին չի վնասել, որովհետև նա, ընդամենը խաչակնքելով գավաթը, վնասազերծել է թույնը:

Նկարում՝ Հովհաննես ավետարանիչը՝ եռացող յուղով լի կաթսայում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4721 | 0 | 0
Facebook