Идет загрузка...
Сегодня:  Вторник, 19 Марта, 2024 года

Статьи

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ պատմությունը

20:23, Воскресенье, 20 Октября, 2019 года
«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ պատմությունը
     «1996 թվականին միակ տղաս զորակոչվեց բանակ՝ հայրենիքի պաշտպանության գործում իր պարտքը կատարելու: Որդուս զորացրվելու օրերին ես աչքի հիվանդանոցում ամուսնուս էի խնամում: Նույն տարածքում էր գտնվում նաև դիահերձարանը, և պատահաբար պատուհանից տեսա, որ զինվորի դիակ են իջեցնում, բայց մտքովս անգամ չէր անցնի, որ դա իմ միակ որդու դին էր: Խաղաղ պայմաններում 2 տարի և 7 օր ծառայելուց հետո անհասկանալի հանգամանքներում ես անվերադարձ կորցրի իմ միակ զավակին: Անհամբերությամբ էի սպասում որդուս վերադարձին և մեծ պատրաստություն էի տեսել նրան դիմավորելու համար, բայց նա չեկավ... բերեցին պատգարակի վրա. դիմավորելը վերածվեց հուղարկավորության:
     Այդ օրվանից բանակն ինձ համար դարձավ քարկոծման առարկա: Ես ամենուր պահանջում էի իմ միակ որդուն, բողոքում, հացադուլ անում, դիմում տարբեր բարձրաստիճան այրերի: Նրանք ընդունում էին ինձ, բայց ասում էին, որ որդուս հետ տալ չեն կարող: Ոչ մի կերպ չէի կարողանում հաշտվել որդուս կորստյան փաստի հետ: Մի օր կառավարության շենքի դիմաց (երբ բողոքս էի արտահայտում) քնել էի, և որդիս երազումս եկավ ու ասաց. «Մա՛մ, ի՞նչ ես անում. երդվի՛ր, որ կմտնես բանակ և թույլ չես տա, որ քեզ նման սևազգեստ մայրերի թիվն ավելանա»: Ես երդվեցի: Այդ երդումը դարձավ իմ ապրելու միակ իմաստը: Մտա բանակ ու դարձա բանակի կամավոր զինվորը: Այնուհետև որոշեցի արտաշիրմում անել որդուս գերեզմանը: Բայց այդ ընթացքում մահացավ ամուսինս, ու ես մնացի բացարձակապես մենակ: Ամուսնուս մահից հետո որդիս երկրորդ անգամ երազումս եկավ և ստիպեց, որ հրաժարվեմ արտաշիրմում անելու մտքից, և գտնվեմ բանակի կողքին: Ես կակաչների մեջ փնտրում էի իմ կակաչին, և նա, ձեռքը դնելով ուսիս, ասաց. «Մա՛մ, մի՛ փնտրիր, բոլորն էլ քո կակաչներն են, զինվորների մեջ տարբերություն մի՛ դիր», - այս նշանաբանով էլ սկսեցի աշխատել մինչ օրս: Ես երբեք հասարակական գործունեությամբ չէի զբաղվի, եթե չլիներ տղայիս կորուստը:
     Եղել եմ ինժեներ-տեխնոլոգ, սպորտ-դպրոցի բժշկուհի, և հասարակական կառույցի ղեկավար լինելն անհասանելի է եղել ինձ համար: Բայց Աստծո կամոք էր, թե ճակատագրի բերումով՝ դարձա, և զինվորներն ինձ կնքեցին «Մառոզ» անունով: Երբեմն մտածում եմ՝ եթե այսքան բանը կարողանում եմ անել իմ զինվոր բալեքի համար, ինչո՞ւ իմ միակ որդու համար չարեցի. սպասում էի՝ տղայիս ճակատագիրը խորտակվեր, հետո՞: Բայց թևերս չեմ թուլացնում, քանի որ բոլոր զինվորներն իմ բալեքն են: Նրանք բոլորն էլ իմ տղաներն են:
     Այսօր ամեն զինվորի ողջ ու առողջ տունդարձին ես զգում եմ, որ իմ աշխատանքն արդյունք է տվել, որ ևս մեկ մայր «բալա» չկանչեց, որ ևս մեկ մայր սևազգեստ չդարձավ: Իսկ եթե լինում են նման դեպքեր, աշխատում եմ հայրենիքի համար ընկած զինվորի մոր կողքին միշտ կանգնել, սատար լինել նրան: Իմ կողքին ոչ ոք չկանգնեց, և ես լավ գիտեմ, թե դա ինչ մեծ ցավ է: Այսօր ես ուզում եմ, որ մայրերն ինչպես ուրախ, երգ ու պարով ճանապարհում են իրենց զավակներին, այդպես էլ դիմավորեն»:
    
    
     «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ պատմությունը
    
    
Источник: ՂՊՎՄ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7561 | 0 | 0
Facebook