Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Ռուբեն Թոփչյանն ընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի խորհրդի անդամ

17:04, Пятница, 18 Октября, 2019 года
Ռուբեն Թոփչյանն ընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի խորհրդի անդամ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) խորհրդի անդամ:
    
    

ENQA խորհուրդը կառույցի գործադիր մարմինն է, որն իրականացնում է ասոցիացիայի կառավարումը և ընդհանուր վեհաժողովի որոշումների իրականացումը: Հայաստանը հետխորհրդային տարածքի առաջին և միակ երկիրն է, որը ներկայացված է ENQA խորհրդում:
    
    

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի կարծիքով՝ այս ընտրությունը նախ և առաջ վկայում է եվրոպական կրթական համայնքի վստահությունը Հայաստանի և մեր երկրի որակի ապահովման համակարգի հանդեպ․ «Մեր որակի ապահովման համակարգը զարգացման այնպիսի փուլի է հասել, որ այլևս մենք կարող ենք մասնակից լինել եվրոպական կրթական տարածքում որոշումների կայացմանը»:
    
    

Նրա խոսքով՝ գլխավոր վեհաժողովը քվեարկելիս հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանի հավատարմագրման գործակալություններից առավել ակտիվը ՈԱԱԿ-ն է. այն համագործակցում է թե Մոնղոլիայի, թե Ղազախստանի, թե Վրաստանի, թե Ռուսաստանի հետ:
    
    

«Նրանք այսօր փորձում են մեզ ավելի շատ ներգրավել կառույցի գործունեությունում և մեր միջոցով լսել արևելյան ձայնը, որպեսզի ավելի վստահ լինեն իրենց որոշումներում, իսկ այդ տարածքների հավատարմագրման կառույցներն էլ վստահ լինեն՝ իրենց վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի է առնված իրենց համատեքստը, որին մենք վարժ տիրապետում ենք», - ասում է Ռ․ Թոփչյանը:
    
    

ՌԴ Հավատարմագրման ազգային գործակալության տնօրեն Լեմկա Իզմայլովայի կարծիքով՝ կարևոր է, որ Արևելյան Եվրոպան ի դեմս ՈԱԱԿ-ի և տնօրեն Ռուբեն Թոփչյանի ներկայացված է լինելու ENQA խորհրդում։ «Այժմ կարող ենք Արևմտյան Եվրոպային հասանելի դարձնել Արևելյան Եվրոպայի կրթական համակարգի առանձնահատկություններն ու արժեքները», - ասում է նա։

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ հենց պարոն Թոփչյանն է ընտրվել խորհրդի անդամ։ «Պարոն Թոփչյանը տարիներ շարունակ առաջխաղացնում է հայաստանյան որակի ապահովման համակարգը միջազգային ասպարեզում։ Բացի այդ, հայաստանյան հավատարմագրման կազմակերպությունը կարողացել է արդյունավետորեն համադրել եվրոպական պահանջները և ազգային առանձնահատկությունները», - ասում է նա:
    

«Հրաշալի է, որ մենք բոլորս աշխատում ենք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման միասնական չափանիշներով և ուղենիշներով (ESG), սակայն միևնույն ժամանակ մենք չպետք է կորցնենք մեր ազգային համակարգի արժեքավոր կողմերը», - ասում է Իզմայլովան՝ հավելելով, որ այդ հարցում լավ օրինակ է Հայաստանը։
    
    

Նշենք, որ հոկտեմբերի 17-18-ին Երևանում ընթանում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը, որի օրակարգային հարցերից են տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, որակի ապահովման ապագա միտումները, ENQA ռազմավարության մշակումը 2021-2025թթ. համար: Խորհրդի անդամների ընտրությունը ևս տեղի է ունեցել վեհաժողովի շրջանակներում։


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3091 | 0 | 0
Facebook