Идет загрузка...
Сегодня:  Пятница, 18 Октября, 2019 года

Статьи

«Վշտացյալին ու հառաչելու հակվածություն ունեցողին նրանց երգեցողությունն ավելի է տրամադրում արտասվելու, քան արաբների թաղման ողբերը, իսկ նրանց եկեղեցական մեղեդիներն ախորժելի են մարդու լսողությանը»

11:29, Суббота, 28 Сентября, 2019 года
«Վշտացյալին ու հառաչելու հակվածություն ունեցողին նրանց երգեցողությունն ավելի է տրամադրում արտասվելու, քան արաբների թաղման ողբերը, իսկ նրանց եկեղեցական մեղեդիներն ախորժելի են մարդու լսողությանը»

(նախորդ հոդվածի շարունակությունը)

«Այս երկրի բնակիչներին բնորոշ է ծառայակամությունը հյուրի նկատմամբ, առատաձեռնությունը` հյուրասիրելիս, ինչպես նաև իր հոգևորականներին հոժարակամ հնազանդվելը, այնպես որ, երբ մոտենում է նրանցից մեկի վախճանը, նա կանչում է հոգևորականին, նրան փող է տալիս ու խոստովանում է իր կատարած մեղքերից մեկը, իսկ հոգևորականը, որ արդեն նրան ներել էր ու թողություն էր տվել նրա բոլոր մեղքերին, աղոթում է նաև այդ մեղքի թողության համար: Նաև ասում են, թե հոգևորականը հատակին է փռում իր շուրջառը և ամեն անգամ, երբ մեռնողը տալիս է մեղքի անունը, նա բացում է ափը, հետո այն փակում է ու ասում. «Ես ընդունեցի այն», հետո նա մեղքը նետում է այդ շուրջառի վրա: Երբ խոստովանողն այլևս ոչ մի մեղք չի ունենում խոստովանելու, հոգևորականը հավաքում է շուրջառն ու տանում է` ասելով. «Ես հավաքեցի քո բոլոր մեղքերը և դրանք անապատ եմ նետում, ու նա այդպես խոստովանողի հոգում ներման արժանանալու վստահություն է հաղորդում: Այդպիսի ծես ոչ մի կրոնում չկա, իսկ այդ մարդիկ հայերի ընդամենը մի մասնիկն են: Ավերտարանն ուսուցանելիս նրանց ձայները և մեղեդիների ռիթմը ախորժելի է ու ավելի զուլալ, քան ուրիշ ուղղության քրիստոնյաների ձայները: Վշտացյալին ու հառաչելու հակվածություն ունեցողին նրանց երգեցողությունն ավելի է տրամադրում արտասվելու, քան արաբների թաղման ողբերը, իսկ նրանց եկեղեցական մեղեդիներն ախորժելի են նրբազգաց մարդու լսողությանը, քանի որ և' ուրախությունը, և' ցնծությունը (բխում են) երգային կրկնություններից: Եվ ասում են, թե նրանց երգեցողության կառույցը, լարային նվագակցության ներքո, հաճելի է ու ճիշտ (կարծիք կա, թե Աբու Ջուլաֆը նկարագրել է պավլիկյանների խոստովանության ծեսը):

Այնտեղ մի լեռ կա, որին Մասիս են անվանում: Դրա ստորոտից բազմաթիվ ջրառատ աղբյուրներ են բխում. ջուրը միշտ նույն մակարդակին է, ո'չ պակասում է, ո'չ ավելանում: Ամռանը դրանք սառն են, ձմռանը` տաք ու դուրեկան: Այդ լեռան գագաթից ձյունը թե' ձմռանը, թե' ամռանը չի իջնում: Այդ ձների մեջ վիթխարի ճիճուներ են առաջանում (հավանաբար, նրան վիշապների մասին առասպելներ են պատմել): Մեկ ճիճվի երկարությունը քսան կանգունից (մեկ կանգունը հավասար է մոտավորապես 76 սանտիմետրի) ավելի է, իսկ մարմնի շրջագիծը` 10 կանգուն: Հայաստանում կան աղբյուրներ, որոնցից թթու ջուր է բխում: Այդ աղբյուրների մեծ մասը լեռան շրջակայքում է: Դրա արևելյան մասում ոսկեգույն ներկի հանքաքարի մեծ կուտակումներ կան: Հայաստանում արջասպներ և ծծումբ քիչ կա, և այնտեղ արծաթի և ոսկու հանքեր չկան: Հայաստանում ապրանքներն էժան են, բայց այնտեղ երբեմն շատ ուժեղ երաշտ ու տարբեր աղետներ են լինում: Այնտեղ հանրածանոթ հատկությունների բազմաթիվ քարեր կան: Այնտեղ ամեն տարի մի քանի տոնավաճառ է կազմակերպվում, որտեղ բազմաթիվ ապրանքներ են վաճառվում` ձիեր, ջորիներ, դիպակ, կտորեղեն և այլն:

Հայաստանում հին հուշարձանները քիչ են»:

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
3188 | 0 | 0
Facebook
COMMENT.am