Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

Անթաքույց գրոհ. հայկական ռեգբին վերադառնում է

18:27, Суббота, 07 Сентября, 2019 года
Անթաքույց գրոհ. հայկական ռեգբին վերադառնում է

Ռեգբի մարզաձևը երեք տարի առաջ ստացավ իր «երկրորդ կյանքը»: Զարգացմանն ուղղված քայլերը սկսվեցին Երևանում, բայց մասշտաբն ավելի ընդլայնվեց՝ հասնելով Վայոց Ձոր:

Mamul.am-ին «Հայկական ռեգբիի միության» նախագահ Սահակ Զարբաբյանը պատմել է իրենց գործունեության, ակնկալիքների և ապագա պլանների մասին:


    

-Սահակ, երկար ժամանակ ռեգբի մարզաձևը բացակայում էր Հայաստանում, և այն նորից զարգացնելը, բնականաբար, հեշտ չէր կարող լինել: Ձեր թիմն առաջ և հիմա: Ինչպիսի՞ փոփոխություններ են եղել:

-Իրոք մեծ ջանքեր են ներդրվել սպորտաձևին նոր շունչ հաղորդելու համար: Սկզբնական շրջանում մեր համեստ թիմը բաղկացած էր երեք անդամից. ես և երկու ընկերներս՝ Հրաչ Հարությունյանն ու Տիգրան Սարուխանյանը: Առանց ֆինանսական աջակցության, սեփական միջոցներով և համառ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց համախմբել ռեգբիով հետաքրքրվող մարզասերներին, և փոքրիկ թիմը քայլ առ քայլ մեծացնել: Ռեգբիստին բնորոշ վարքագիծն ու բնավորությունն ունենալու շնորհիվ կարողացանք չկանգնել կես ճանապարհին: Մշակել ենք տարբեր ծրագրեր, իսկ մարզիկների հետ պարբերաբար անցկացրել պարապունքներ Կիլիկիա մարզադահլիճում և Վահագնի մարզադաշտում:


    

-Մի քանի ամիս առաջ սկսեցիք «Ռեգբին Հայաստանի մարզերում» ծրագրի իրագործումը: Առաջինը կանգ առաք Վայոց Ձորի մարզում: Ինչու՞ հենց այս մարզը, և ինչպիսի՞ն էր մթնոլորտն այնտեղ: Ակտի՞վ էին երիտասարդները:

-Տեղի ընտրության հարցում իր դերն ուներ մեր նորզելանդացի բարեկամ, ռեգբիի գործընկեր Լեն Ուիքսը: Նա Հայաստանում բնակվելու ցանկություն ուներ և խորհուրդ տվեց սկսել հենց այդ կետից: Սկզբում այցելել ենք Արենի, ապա Խաչիկ գյուղ: Ռեգբիի նկատմամբ միանգամից հետաքրքրություն առաջացնելը դյուրին չէ, բայց մարզի երեխաները բավականին ակտիվ էին և ընդունակ սպորտաձևը յուրացնելու հարցում:
    

-Ռեգբին արագ զարգացող, միևնույն ժամանակ բարդ սպորտաձև է: Ի՞նչ հատկանիշներ կան, որ ռեգբի խաղացողն անպայման պետք է կրի իր մեջ:

-Ռեգբին համարվում է ջենտլմենական խաղ նախատեսված տղամարդկանց համար: Տվյալ դեպքում անձը, որը ցանկություն ունի զբաղվել այս սպորտաձևով, պետք է ունենա մի քանի հստակ հատկանիշներ: Առաջին հերթին անհրաժեշտ է լինել պատասխանատու, հարգալից ընկերոջ ու հակառակորդի նկատմամբ, գնահատել ժամանակը և շրջապատող մարդկանց: Ինտելեկտը ևս կարևոր գործոն է, քանի որ խելացի մարդուն այն հնարավորություն է տալիս ճիշտ կառուցել խաղը: Ռեգբիստը յուրատեսակ զինվոր է, և ոչ բոլորը կարող են զբաղվել դրանով: Ռեգբին նախևառաջ կոփում է հոգեպես:


    

-Սկզբի համար ցանկությունը բավական կլինի՞:

-Սկզբանական շրջանում ցանկությանն ավելի մեծ տեղ ենք տալիս, քան մարզավիճակին: Մարզմանը մասնակցելուց առաջ պարզապես պետք է մտածել՝ սա անում եմ ինձ կոփելու համար: Մարդը կարող է լինել նիհարակազմ, սակայն ընդունակ արագ վազելու: Այս դեպքում նա սկսում է մարզումների հաճախել, վազքային վարժություններ անել, կոփվել ու ընդգրկվել թիմում:
    

-Իսկ աղջիկները չե՞ն կարող զբաղվել ռեգբիով: Ձեր թիմում միայն տղանե՞ր են:
    
-Ռեգբին տղամարդկանց համար է, բայց մեր թիմում կա մեկ աղջիկ՝ Նանեն: Թիմում աղջիկ ընդգրկելը պլանավորված չի եղել (ժպտում է): Նա մեր շարքը համալրել է իր ակտիվության և հետաքրքրասիրության շնորհիվ: Այնպես որ չի բացառվում հայ աղջիկներին ռեգբիստի դերում տեսնելը:

-Ըստ ձեզ, ո՞րն է Հայաստանում ռեգբիի զարգացման առաջնային նախապայմանը:

-Հայաստանում ռեգբիի զարգացման համար նախադրյալներ կան: Այս հարցում անչափ կարևոր են ուշադրությունն ու աջակցությունը, ինչպես նաև մեդիայի գործոնը: Կարծում եմ առաջնային նախապայմանը ճիշտ տեղեկատվության տրամադրումն է: Շատերը ռեգբին շփոթում են ամերիկյան ֆուտբոլի հետ: Այս երկու մարզաձևերը պետք է տարբերել: Ամերիկյան ֆուտբոլի դեպքում առաջին պլանում շոուն է:

    

-Ի՞նչ խնդիր եք ձեր առջև դրել: Ինչպիսի՞ն կլինի ռեգբիի մոտ ապագան Հայաստանում:

-Գերակա խնդիրը հաջողության հասնելն է: Հայաստանում ռեգբիի զարգացումը հասցնել այն մակարդակին, որպեսզի հնարավոր լինի մասնակցել բարձր դիվիզիոնի խաղերին, դեռ մի քանի տարի էլ կպահանջվի: Եվրոպայի ռեգբիի միության վստահությունն ենք ձեռք բերել և հնարավոր է առաջիկայում անդամագրվենք: Դեռևս բանակցությունների փուլում ենք:

Մի կարևոր փաստ ևս: Շուտով Ճապոնիայում կմեկնարկի ռեգբիի աշխարհի առաջնությունը: Մեր միությունը կազմակերպելու է այս խաղերի դիտումը: Նայելու ենք և քննարկենք, իսկ սպորտաձևով հետաքրքվող անձանց բացատրենք ռեգբիի նրբությունները: Սա մարզաձևի տարածմանը նպաստող օգտակար տարբերակ կլինի: Հուսով ենք՝ մոտ ապագայում հայ ռեգբիստները ուրախացնելու առիթ կունենան:


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3971 | 0 | 0
Facebook