Идет загрузка...
Сегодня:  Вторник, 17 Сентября, 2019 года

Статьи

Այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի հավատարիմ ծառա Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը ջանացել Հայոց կաթողիկոս դառնալ

13:20, Суббота, 07 Сентября, 2019 года
Այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի հավատարիմ ծառա Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը ջանացել Հայոց կաթողիկոս դառնալ

Եվ այս Դավիթ Ղորղանյանը 1800 թ. հունվարին ճանապարհվում է Կ. Պոլիս: Երբ կաթողիկոսական ընտրության լուրը հասնում է Թիֆլիս, Վրաստանի Գիորգի թագավորը, հայ իշխաններն ու մեծամեծներն իրենց մոտ են կանչում Էջմիածնի միաբան Հովհաննես եպիսկոպոս Գեղարդակրին և հայտնում են, թե կայացրած ընտրությանն իրենք դեմ են, և որ Էջմիածնի միաբանությունը պետք է անպայման կաթողիկոս ընտրի Հովսեփ Արղությանին (ի դեպ, Արղության ազգանվան հիմքը՝ «արղութ» եզրույթը, մոնղոլական ցեղախմբերից մեկի՝ չաղաթայների լեզվում «լայնաթիկունք» է նշանակում), որովհետև նա է միակ արժանավորը, և որ նրան լավ է ճանաչում Ռուսատանի կառավարությունը: Այս պահանջը կրկնում է նաև ռուսական զորքերի հրամանատար, գեներալ Լազարևը: Հովհաննես Գեղարդակիրն այս պահանջը շտապ հասցնում է Էջմիածին և խորհուրդ է տալիս Հովսեփին երկրորդ ընտրելի հաստատել: Չգոհանալով այդքանով՝ Գիորգին հատուկ պատվիրակություն է ուղարկում Էջմիածին, որպեսզի նույնաբովանդակ պահանջագիրը, որի տակ ստորագրել էր նաև թագաժառանգ Դավիթը, ներկայացվի միաբաններին: Ճնշմանը չդիմանալով՝ Էջմիածնի միաբանությունը մի նոր գրություն է ուղարկում Կ. Պոլիս: Այս գրությունը բացատրում էր, թե ինչու Հովսեփի թեկնածությունը չի առաջադրվել՝ պատճառաբանելով, թե Վրաստանի թագավորի և Թիֆլիսի հայության պահանջը հնարավոր չէ անտեսել, ուստի Եփրեմի փոխարեն երկրորդ ընտրելի թեկնածու է առաջադրվում Արղությանը և Կ. Պոլսի հայության իմաստությանն է թողնում որոշելու, թե ով պիտի ընտրվի կաթողիկոս: Էջմիածնի միաբանությունը միաժամանակ թուղթ է գրում նաև Արղությանին և հանգամանորեն բացատրում է, թե քաղաքական ինչ նկատառումների թելադրանքով էին իրենք հարկադրված եղել նրա անունը հանել ընտրելիների ցանկից:

Հովսեփ Արղությանը 1800 թ. հունվարի վերջին է ստանում Ղուկաս կաթողիկոսի մահվան լուրը, ու դեռ չիմանալով, թե ինչ որոշում է կայացրել Էջմիածնի ընտրողական ժողովը, շտապում է նամակներ ուղարկել Կ. Պոլիս ու Թիֆլիս: Այդ նամակներում նա իր ասելիքը շարադրում է որպես միակ կաթողիկոսական թեկնածու, որի դեմ ոչ մի առարկություն չի կարող լինել: Ասում է, թե սիրահոժար ընդունում է այդ ծանր լուծը, քանզի ժողովուրդն է դա ցանկանում: Եթե Էջմիածնի միաբանությունն այն կարծիքին էր, թե քաղաքական հանգամանքները թույլ չեն տալիս, որ Արղությանը կաթողիկոս լինի, ապա Արղությանը հենց այդ հանգամանքներն էր կարևորում որպես իր կաթողիկոսության զորեղ դրդիչ: Նամակները պարզ ցույց են տալիս, որ նա հատկապես Ռուսաստանի քաղաքականությանը ծառայելու համար է մղվում դեպի այդ պաշտոնը: Ռուսաստանի ապագա ծրագրերի իրականացման առումով Էջմիածինը մեծ կարևորություն է ներկայացրել թե՛ իր աշխարհագրական դիրքով և թե՛ մանավանդ հայության մեջ ունեցած մեծ կշռով: Իր հովանավորության տակ առնելով Վրաստանը, այնտեղ հաստատելով իր կառավարչությունը, Ռուսական կայսրությունը միաժամանակ սկսել էր եռանդուն միջամտել Էջմիածնի ներքին գործերին: Բնական է, որ այդ միջամտությունն էլ ավելի ազդու և իր համար ավելի արգասաբեր պիտի լիներ, եթե կաթողիկոսական գահին նստեր Արղությանի նման մի հոգևորական, որն ամբողջ էությամբ նվիրված էր ու ծառայում էր Ռուսաստանի շահերին: Լավ հասկանալով հանդերձ, թե ինչպիսին է լինելու իր կացությունը պարսկական իշխանության ներքո, այնուամենայնիվ, նա իրեն հուսադրել է նրանով, որ իրեն խոստացել էին համակողմանի աջակցություն: Արղությանին Ռուսաստանի բոլորանվեր ու անվերապահ կամակատարը դարձնելու համար կայսրությունն իրագործում է այս փառամոլ հոգևորականի վաղեմի երազանքը: Այդ երազանքը, այդ տենչանքը հետևյալն էր: Տարիներ առաջ նա ռուսական արքունիքին ներկայացրել էր մի հորինված տոհմագրություն, ըստ որի, իր տոհմը, որպես թե, սերում է պարսից Արտաշես Երկայանաբազուկ թագավորից, և այդ ծագման միակ «ապացույցն» այն էր, որ Վրաստանի Հերակլ թագավորը ստորագրել էր իր կազմած տոհմագրության տակ:

Եվ Ռուսաստանի նոր կայսրը՝ Պավելը, նրա տոհմին իշխանի տիտղոս է տալիս՝ այդ ամբողջ տոհմը, «Արղության-Երկայնաբազուկ» անունով, մտցնելով Ռուսաստանի ազնվականության շարքը: Բացի դրանից, նոր իշխանին հարավ-արևմտյան Ռուսաստանում երկու գյուղ է ընծայվում: Պատկերացնո՞ւմ եք, թե այդ անսահման փառասեր ու ռուսամոլ հոգևորականին Ռուսաց կայսեր այս «ողորմածությունը» որքան պիտի շոյած լինի, եթե իմանաք, այն մասին, որ նա Հնդկաստանի հայ հոգևորականներին նամակներ է ուղարկել, որոնցում մանրամասն թվարկել է, թե ինչ պարգևներ է ստացել Ռուսաստանի արքունիքից, ինչ հանդեսների և ընդունելությունների է մասնակցել, ինքն անձամբ ինչ հանդեսներ է կազմակերպել: Իր տպագրած գրքերի մեջ դրել է գովասանքներ ու փառաբանություններ իր հասցեին, տպագրել է իր տոհմային զինանշանը ու իր հոգևոր տիտղոսների կողքին դրել է իր ստորագրությունն ու «իշխան» կոչումը: Արտաշես Երկայնաբազուկի այս ինքնակոչ «ժառանգը», քանի որ իրեն Պարթև Արշակունի տոհմից սերված էր համարում, հետևաբար, համարում էր, որ ինքը Գրիգոր Լուսավորչի տոհմից է ու, բնականաբար, Լուսավորչի գահի լիիրավ ժառանգորդն է: Նրա համոզմամբ՝ հայ ազգը, իր նման «փառահեղ արմատներ» ունեցող մարդուն կաթողիկոսացու դիտարկելով, նրա մեջ նաև պիտի տեսներ առհավատչյան, թե ռուսները, ի հարգանս իրեն, պիտի հայությանն ազատեն ստրկությունից:

Նկարում՝ Արղությանի զինանշանը:

(շարունակելի)

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1375 | 0 | 0
Facebook
COMMENT.am