Идет загрузка...
Сегодня:  Среда, 17 Апреля, 2024 года

Статьи

Պարսից բռնապետի այդ լավությունն այնքան բացառիկ մի երևույթ է եղել, որ Աշուշան ընկել է Հազկերտի առջև, թավալվել է, գլուխը խփել է գետնին ու երկրպագել է շահնշահին

19:23, Вторник, 06 Августа, 2019 года
Պարսից բռնապետի այդ լավությունն այնքան բացառիկ մի երևույթ է եղել, որ Աշուշան ընկել է Հազկերտի առջև, թավալվել է, գլուխը խփել է գետնին ու երկրպագել է շահնշահին

Վարդանանց պատերազմի մանրամասներին անտեղյակ ընթերցողներիս, որպես սույն հոդվածի նախաբան, հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը:

Երբ Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի նախարարները միահամուռ մերժում են կրոնափոխության` Պարսից Հազկերտ արքայի պահանջը, վերջինս նրանց բոլորին կանչում է Տիզբոն, որպեսզի նրանք անձամբ բացատրություններ տան և թագավորի խոսքը լսեն:

Հայոց աշխարհից Պարսից մայրաքաղաք են գնում Վասակ Սյունի մարզպանը, Ներշապուհ Արծրունին, Արտակ Ռշտունին, Գադիշո Խոռխոռունին, սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Արտակ Մոկացին, Մանեճ Ապահունին, Վահան Ամատունին, Գյուտ Վահևունին և Շմավոն Անձևացին, իսկ Վրաստանից` Գուգարքի Աշուշա բդեշխը և այլ իշխաններ:

Այստեղ բոլոր ըմբոստները ստիպված են լինում դիմել խաբեության ու առերես ընդունել զրադաշտականություն: Քանի որ բռնապետական Արևելքում խաբեությունը սովորական երևույթ էր, և բռնապետություններն էլ վաղուց սովորել էին դրան, Պարսից արքունիքում հասկանում են, որ հայերը, վրացիներն ու աղվաններն իրենց խաբում են կեղծ ուրացությամբ: Ուստի, երբ Հայոց, Վրաց և Աղվանից նախարարները հայտարարում են, թե հրաժարվում են քրիստոնեությունից և ուղղահավատ մազդեզական են դառնում, Պարսից արքայի ամենագլխավոր պաշտոնյան` Միհրներսեհը, չի հավատում նրանց անկեղծությանը և արքունիքում պատանդ է պահում Վասակ մարզպանի երկու որդիներին` Բաբիկին և Ատրներսեհին, ինչպես նաև վրաց Աշուշա բդեշխին:

Սուտ ուրացությամբ ազատություն ստացած նախարարները կատարում են զրադաշտական պաշտամունքի բոլոր ծեսերը, նույնիսկ շնորհակալություն են հայտնում Հազկերտին` այն բանի համար, որ եթե Իրանի նախկին շահերն իրենց քրիստոնյա հպատակների անձնական բարեկեցության մասին են հոգացել, ապա Հազկերտը, ահա, բարերարություն է անում նաև քրիստոնյա հպատակների հոգիներին` նրանց ճշմարիտ հավատին դարձնելով (ինչպես գիտեք, ստրուկները հաճախ են փորձում իրենց տերերին խաբել):

Հիմա դառնամ բուն նյութիս ու դրա հերոսին՝ վրաց Աշուշա բդեշխին:

Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբ երկրների ու նրանց բնակիչների համար ծանր ժամանակներ են սկսվում: Շատերը բանտարկվում են, շատերը՝ աքսորվում, բայց տարիներ անց որոշակի մեղմացում է տեղի ունենում: Շատերի հետ ազատություն է ստանում նաև Պարսից արքունիքում որպես պատանդ պահվող Գուգարքի Աշուշա բդեշխը: Բայց նա չի շտապում իր երկիր վերադառնալ, որովհետև ցանկանում է գլուխ բերել մի չափազանց դժվար գործ՝ պարսկական գերությունից ազատել Հմայակ Մամիկոնյանի երեք մանկահասակ որդիներին՝ Վահանին, Վասակին և Արտաշեսին, ինչպես նաև Արշավիր Կամսարականի Ներսեհ և Հրահատ որդիներին, որոնց բռնել և Տիզբոն էր ուղարկել Վասակ մարզպանը: Ապստամբության պարտությունից հետո Պարսկաստանի խորքերն աքսորված Վահան Ամատունին և Արշավիր Կամսարականը աքսորավայրում մահացել էին:

Աշուշա բդեշխն անպայման ցանկացել է նրանց ազատել, որովհետև նրա գերդաստանը բարեկամական կապերով կապված է եղել Մամիկոնյանների ու Կամսարականների հետ: Մամիկոնյան երեք եղբայրները Աշուշայի քենու որդիներն էին (Աշուշայի կինը՝ Անուշվռամը և Հմայակ Մամիկոնյանի կինը՝ Ձվիկը, քույրեր են եղել՝ Արծրունիների տնից սերված): Բացի դրանից, Աշուշայի որդի Վազգենը ամուսնացած էր նահատակված սպարապետի՝ Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Շուշանիկի հետ, իսկ Արշավիր Կամսարականի երկու զավակները սպարապետ Վարդան Մամիկոնյանի թոռներն էին՝ ծնված նրա մյուս աղջկանից, որն Արշավիր Կամսարականի կինն էր:

Արքունիքին մոտ կանգնած անձանց կաշառելու համար Աշուշա բդեշխը մեծ ծախսեր է անում և Հազկերտին աղաչում է իրեն հանձնել Մամիկոնյան երեք երեխաներին: Հազկերտը մեծահոգաբար կատարում է նրա խնդրանքը: Պարսից բռնապետի այդ լավությունն այնքան բացառիկ մի երևույթ է եղել, որ Աշուշան ընկել է Հազկերտի առջև, թավալվել է, գլուխը խփել է գետնին ու երկրպագել է շահնշահին: Բայց Աշուշայի այդ տարօրինակ արարքը միապետին շատ է զարմացրել, և Աշուշան բացատրել է ծայրահեղության աստիճան խոնարհումների պատճառը.

«Բարերար թագավոր, - ասել է նա, - դուք ինձ հենց նոր շնորհեցիք մի պարգև, որ իմ ընկերակիցներից ոչ մեկը, որոնք ձեր ծառաներն են, չի ստացել. ինձ էլ արժանի է, որ նոր ձևով երկրպագություն մատուցեմ ձեզ՝ այնպիսի ձևով, որը դուք ձեր մյուս ծառաներից բնավ չեք տեսել»:

Ամենայն հավանականությամբ՝ Կամսարական եղբայրները ևս բդեշխի աղաչանքով են ազատվել:

Բայց ազատված երեխաներին վրացի գթառատ բդեշխը Հայաստանում չի թողնում և բոլորին տանում է Գուգարք: Եվ սա, անշուշտ, նրա երկրորդ բարերարությունն է եղել: Երեխաների մայրը՝ Ձվիկ տիկինը, Ցուրտավ քաղաքում՝ իր քրոջ մոտ է այդ ժամանակ ապրել, որովհետև Մամիկոնյանները տեղ չունեին Հայաստանում. Վարդանի նշանավոր ապստամբությունն այդ նշանավոր տոհմին ունեզրկել էր, այնպես էր ունեզրկել, որ նույնիսկ իրենց համար կերակուր պատրաստող մեկ ծառա անգամ չունեին:

Եվ այսպիսի պայմաններում Ձվիկ տիկինը ստանձնում է ոչ միայն իր ազատված զավակների դաստիարակությունը: Բդեշխի տանը մի յուրօրինակ դպրոց էր ստեղծվել, որտեղ, բացի Մամիկոնյան եղբայրներից, կրթվել են նաև Կամսարական երկու եղբայրներն ու տակավին պատանի Ղազար Փարպեցի պատմագիրը: Տիկնոջն օգնել է նրա քույրը՝ Անուշվռամը: Տարիներ անց Ձվիկ տիկնոջ դաստիարակության պտուղներն անկման ու խավարի ժամանակաշրջանում ճրագներ են դառնում Հայոց աշխարհի համար, դառնում են ազատագրական նոր պայքարի առաջնորդներ:

Ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում, բայց բավականին հաճախ այդպես չի լինում: Հաջորդ հոդածը Աշուշայի լրիվ հակապատկեր որդու՝ Վազգեն բդեշխի մասին է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3939 | 0 | 0
Facebook