Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Արարչագործության մասին սկանդինավյան առասպելները

14:15, Четверг, 21 Марта, 2019 года
Արարչագործության մասին սկանդինավյան առասպելները

Պայծառատեսուհիները կանխատեսում են, որ գալու է այն օրը, երբ վիթխարի և ահարկու գայլը կուլ է տալու սկանդինավյան բոլոր աստվածներին: Այդ գայլը Լոկիի որդի Ֆենրիրն էր՝ բոլոր աստվածների թշնամին: Աստվածներն սկզբում նրան այնքան էլ վտանգավոր չեն համարում և թույլ են տալիս ապրել Ասգարդում: Գայլը մեծանում է ասերի (աստվածների) միջավայրում ու այն աստիճան վիթխարի ու սարսափազդու է լինում, որ նրան միայն զինվորական խիզախության աստված Տյուրն (Տոր) է համարձակվում կերակրել:

Աստվածները սարսափահար են լինում ու որոշում են կանխել դժբախտությունը: Նրանք որոշում են Ֆենրիրին շղթայել ու այդ գործն հանձնարարում են Տյուրին: Սա ամուր շղթա է դարբնում, և աստվածները գալիս են նրա մոտ՝ ասելով, թե ուզում են նրա ուժը փորձել և խնդրում են, որ նա թույլ տա իրեն շղթայել: Գայլը համաձայնում է, նրան շղթայում են, բայց գայլը հեշտությամբ այն փշրում է: Աստվածներն էլ ավելի են սարսափում: Տյուրին էլ ավելի հաստ ու ամուր շղթա է կռում: Բայց Ֆենրիրն այդ շղթան էլ է հեշտությամբ փշրում: Աստվածները խուճապահար են լինում, բայց նրանց օգնում է Օդինի կինը՝ Ֆրեյան: Նա երկրի վրա գոյություն ունեցող բոլոր նյութերից (կատվի քայլերի աղմուկից, կնոջ մորուքից, լեռների արմատներից, մազից, արջի ջլերից, ծառի կեղևից, ձկան շնչառությունից, թռչնի թքից և այլնից) մի պարան է հյուսում, որը մետաքսի նման բարակ էր ու փափուկ: Աստվածներն այդ պարանով նորից են գալիս գայլի մոտ և համոզում են, որ երրորդ անգամ իր ուժը ցույց տա: Այս անգամ գայլը հրաժարվում է, բայց հետո համաձայնում է՝ միայն այն պայմանով, որ Տյուրը, որպես երաշխիք, պետք է իր աջ ձեռքն իր բերանը դնի: Պարանը գցում են Ֆենրիրի պարանոցը, նա փորձում է այն պոկել, բայց չի կարողանում, և այդ ժամանակ Ֆենրիրը կծելով կտրում է Տյուրի ձեռքը:

Աստվածները գայլին կապում են ժայռին ու ծնոտների արանքը թուր են խրում: Թրի կոթն ամուր կպչում է լեզվին, իսկ սայրը՝ քիմքին: «Եվ նրա բերանից լորձը գետի նման հոսում է և հոսելու է մինչև աշխարհի վերջը գա»: Համաձայն մարգարեության՝ ճակատամարտում Ֆենրիրն սպանելու է Օդինին, իսկ նրա հոր վրեժը լուծելու է վրիժառության սկանդինավյան աստված Վիդարը: Չնայած այս մարգարեությանը՝ ասերը չեն սպանում Ֆենրիրին, որովհետև աստվածներն այնքան են արժեվորում իրենց արյունը, որ չեն ցանկանում այն գայլի արյամբ պղծել:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3568 | 0 | 0
Facebook