*
Ուզում եմ կիսել ճի՜չս խնդության,
Երբ որ քայլում եմ արծաթե ճամփով
Ա՜յն, որ լուսինն է բացում իմ առաջ
Գիշերվա փափո՜ւկ ու նուրբ ձեռքերով:
*
Քեզ հետ ուզում եմ տեսա՜ծս կիսել՝
Գիշերվա նա՜խշը սպիտակ անրջում,
Ուզում եմ քե՜զ էլ խելքահան անել-
Ինչպես որ ե՜ս եմ խելքս կորցնում:
*
Ուզո՜ւմ եմ նամակ գրել քեզ,
Աստղերի սառած ձեռքով հնգամատ,
Ուզում եմ նամակս բացե՜ս ու տեսնես,
Որ չկա՜ ոչինչ, բայց կա՜ ինչ-որ բան:
*
Ուզում եմ կիսել ամե՜ն-ամեն ինչ,
Բայց միայն լա՜վը, վատը մնա ինձ,
Կիսել երգերս ծնված կարոտից,
Սի՜րտս էլ կիսել - մնալ կիսասիրտ:
*
Սիրող սրտերը այնքա՜ն են մաքուր-
Ասես թե չունե՜ն իրենց մեջ ոչինչ,
Ասես թե մո՛ւժ են՝ թա՜նձր վարդագույն-
Ոչնչով կիսվո՜ւմ են, կիսո՜ւմ են ոչինչ…
*
Քեզանից բացի ո՞վ կհանդգներ
Իմ սիրտը կիսել՝
Խաղալ իմ սրտի բջիջների հետ,
Ո՞վ կհանդգներ իմ սիրտը փորել՝
Կիսվել իր սրտի ոչինչների հետ…