Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հետաքրքիր մանրամասներ հունվար ամսվա ու դրա անվանադիր Յանուս աստծու մասին

15:23, Вторник, 15 Января, 2019 года
Հետաքրքիր մանրամասներ հունվար ամսվա ու դրա անվանադիր Յանուս աստծու մասին

Նախ տեղեկացնեմ, որ լատիներենում «յանուա» բառը «դուռ» է նշանակում: Յանուսը եղել է իտալյան աստվածություն (սկզբում՝ երկնքի դարպասները բացող և երկրի վրա ցերեկվա մուտքն ապահովող լույսի և արևի աստվածություն, որը երեկոյան դարձյալ փակում է դարպասները): Ավելի ուշ Յանուսը դառնում է մուտքի և ելքի աստված. Բոլոր դռները, դարպասները, անցումները ձոնված են եղել Յանուսին, և հաճախ դռների, դարպասների մոտ կամ կամարների վրա դրվել են Յանուսի արձանները:

Յանուսը համարվել է բոլոր սկզբնավորումների աստվածություն, և աղոթքներում նրա անունը հիշատակվել է մյուս աստվածների անուններից առաջ:

Ըստ հին հավատալիքների՝ Յանուսն է ստեղծել մարդուն ու կյանք պարգևել երկրին, նրան է վերագրվել բոլոր գետերի, գետակների ու աղբյուրների ստեղծումը: Ահա թե ինչու նրան նաև «Սերմնացան» պատվանունն են տվել: Յանուսը նաև ճանապարհների, ճանապարհորդների ու ծավագնացների հովանավորն է եղել: Համոզմունք է եղել, թե նա է մարդկանց սովորեցրել նավեր շինել: Հռոմեական դրամների վրա հաճախադեպ են Յանուսի և նավի պատկերները:

Յանուսն է վճռել պատերազմի ու խաղաղության հարցերը: Հռոմում Յանուսին նվիրված մի քանի տաճար է եղել: Առավել հայտնին Ֆորումում է եղել: Խաղաղ ժամանակ Յանուսի այս տաճարի դարպասները փակ են եղել, իսկ պատերազմ հայտարարելու դեպքում բացվել են:

Հռոմի հիմնադիր երկվորյակ եղբայրներից ավագը՝ Հռոմի առաջին թագավոր Հռոմուլոսը, տարին բաժանում է տասն ամսի: Երկրորդ արքան՝ Նումա Պոմպիլիուսը, դրանց ավելացնում է հունվարն ու փետրվարը: Հունվարի «կալանդ» -ները (հռոմեական լուսնաարևային օրացույցում ամիսների առաջին օրերը «calandae» են անվանվել) նվիրվել են Յանուս աստծուն, որի երկու դեմքից մեկը նայել է ավարտվող տարվան, իսկ մյուսը՝ գալիք տարվան: Նոր տարվա տոնը մ.թ. առաջին դարից միաձուլվել է Յանուսի պատվին կատարվող տոնի հետ: Հունվարի առաջին օրն այս աստծուն «Յանուարյան» անունը կրող կարկանդակներ, արմավ, թուզ ու մեղր են ընծայաբերել: Յանուսին զոհաբերել են սպիտակաթույր ցուլ, բարձրագույն պաշտոնյաների ներկայությամբ աղոթել են պետության (կայսրության շրջանում՝ կայսեր) բարօրության համար: Արվեստագետներն ու արհեստավորները ուրվագծել են իրենց ստեղծագործությունները՝ համոզված լինելով, որ այդ օրվա աշխատանքն իրենց բարենպաստ տարի է ապահովելու: Նրանք հունվարի մեկին այցելել են մեկմեկու, մեկմեկու շնորհավորանքներ են հղել, հաջողություններ են մաղթել, քանի որ, նրանց համոզմամբ, այդ օրվա առաջին մաղթանքները իրականություն դառնալու առավել մեծ հավանականությամբ են օժտված: Նրանք խուսափել են չար խոսքեր ասել իրար հայհոյել, կռվել, որպեսզի Յանուսը չնեղսրտի, որովհետև եթե նա զայրանար, կարող էր վատ տարի ուղարկել մարդկանց: Հունվարի մեկի երեկոյան, ի պատիվ Յանուսի, հռոմեացիները խրախճանք են կազմակերպել:

Նորընտիր կոնսուլներն իրենց պարտականությունների կատարմանը հունվարի մեկին են անցել:

Յանուսի ատրիբուտներն են եղել բանալիները և գայիսոնը: Վաղ պատկերներում Յանուսի երկու դեմքն էլ մորուքավոր են, իսկ ուշ շրջանում պատկերել են երկու դեմք ունեցող անմորուք տղամարդու կերպարանքով, մի դեմքը երիտասարդ, մյուսը՝ ծեր:

Յանուսի աջ ձեռքի մատներին պատկերել են CCC (300) թվանշանը, իսկ ձախ ձեռքի մատներին՝ LXV (65) թվանշանը, այն է՝ տարվա օրերի թիվը:

Հռոմեական կայսրության անկումից հետո «Երկդիմի Յանուս» -ը վերածվում էերկերեսանիության խորհրդանիշի, և «Երկդիմի Յանուս» արտահայտությունը կեղծավոր, երկերեսանի մարդուն բնութագրող արտահայտություն է դառնում: :

Հավանաբար, ամանորին բարեմաղթանքներ հղելու սովորույթը հին հռոմեացիներից է գալիս: Ասվում է, թե սաբինացիների թագավոր Տատիուսը, որը Հռոմուլոսի հետ միասին թագավորել է նաև Հռոմում, հունվարի մեկին անտառից սրբազան համարվող ծառի մի քանի ճյուղ է կտրել ու ընծայել Յանուսին ՝ սկիզբ դնելով այդ ժամանակաշրջանի տոնակատարություններին:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
7013 | 0 | 0
Facebook