Ասում են` մի թագավոր է եղել, որը կարգադրել է միշտ տասը շան քաղցած պահել, որպեսզի երբ նախարարներից որևէ մեկը սխալ գործի, նրան նետեն այդ շների առաջ` հոշոտելու:
Տասնամյա բարեխիղճ ծառայությունից հետո նախարարներից մեկը սխալ է թույլ տալիս, և թագավորը պահակազորի պետին կարգադրում է նախարարին նետել շների առաջ: Վերջին պահին նախարարը պահակազորի պետին խնդրում է կատարել իր վերջին ցանկությունը` թույլ տալ, որ ինքը մինչև մահապատիժը 10 օր խնամի այդ շներին: Թագավորը չի առարկում, և նախարարը տասն օր կերակրում ու ինչպես հարկն է խնամում է կենդանիներին:
Տասն օր անց թագավորը պահանջում է գործի դնել մահապատժի որոշումը, բայց շները ոչ թե հարձակվում են դատապարտյալի վրա, այլ պատկում են նրա ոտքերի մոտ:
Թագավորն ասում է. «Շների գլխին այդ ի՞նչ օյին ես բերել, որ վրադ չեն հարձակվում»:
Նախարարը պատասխանում է.
«Ես այս շներին ընդամենը տասն օր եմ խնամել, հոգացել նրանց կարիքները, և նրանք երախտապարտ են ինձ, մինչդեռ քեզ 10 տարի հավատարմորեն ծառայել եմ, իսկ դու ամեն ինչ մոռացել ես»: