Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ինչու բենզինը չի էժանանում Հայաստանում, և ինչու նոր ներկրողներ չեն հայտնվում այս ոլորտում

14:58, Понедельник, 24 Декабря, 2018 года
Ինչու բենզինը չի էժանանում Հայաստանում, և ինչու նոր ներկրողներ չեն հայտնվում այս ոլորտում

Համաշխարհային շուկայում նավթի գների իջեցման ֆոնին Հայաստանում գնային լուրջ փոփոխություններ չեն եղել։ Տեղ-տեղ միայն բենզինն է 10-20 դրամով էժանացել։ Նախկինում, երբ հարց էր բարձրացվում, թե ինչու բենզինը չի էժանացել, ներկրող ընկերությունների կողմից հիմնականում հնչում էր պատասխան, թե իրենք այդ պահին վաճառում են դեռևս մինչև էժանանալը ներկրվածը, դրա համար չեն կարող գնային փոփոխություններ կատարել։ Իսկ ներկայումս, նոր իրողությունների պարագայում, կարծես թե նույն պատկերն է։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ սխալ է հայաստանյան գները անմիջապես կապել նավթի գների հետ, նավթի գներն անմիջապես չեն կարող ազդել գնային փոփոխությունների վրա, բայց այստեղ այլ կարևոր հանգամանք կա։ Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ շուկայում խնդիր է ստեղծել մրցակցության բացակայությունը, դրա համար էլ մեր շուկայում գնային փոփոխություններ սպառողը չի զգում։ «Իրականում մեզ մոտ բենզինի գները ոչ թե շուկայական են, այլ դրանք եղել են կառավարվող իշխանությունների կողմից։ Իշխանություններն են սահմանել գինը ու այդ վիճակը պահպանվում է մինչև հիմա, քանի որ որևէ փոփոխություն չկա։ Իսկ այդ փոփոխությունը կարող էր լինել, եթե շուկայում նոր ներկրող հայտնվեր։ Իսկ թե ինչու նոր ներկրող չի հայտնվում շուկայում, դա էլ է շատ հարցեր առաջացնում։ Եթե եկամտաբեր շուկա է, ապա շատ բնական է, որ այդ շուկայում նոր մարդիկ ու կազմակերպություններ հայտնվեն, որոնք կզբաղվեն բենզինի ներկրմամբ», - ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքերով՝ հստակ է, որ ներկայումս ոչ մի հովանավորչություն չկա, բայց դրա փոխարեն կան լրացուցիչ խոչընդոտներ։ «Այդ խոչընդոտները, ինձ հասած տեղեկություններով, որոշակի ժամանակ առաջ հարուցում էր վրացական երկաթուղին, իսկ Հայաստանում՝ «Հարավկովկասյան երկաթուղին» ։ Այդպիսի խոչընդոտներ հարուցվում էին, իսկ թե դրան այստեղի ներկրողները մասնակից էին, թե ոչ, ես չգիտեմ։ Բայց փաստը մնում է փաստ, որ 8 ամիս է՝ Հայաստանում վառելիքի ներկրման շուկայում որևէ նոր ներկրող չի հայտնվել։ Իսկ, օրինակ, հարևան Վրաստանում 7-8 նման ներկրող կա և բարենպաստ պայմանների դեպքում այդ կազմակերպությունները կարող էին ներկրում իրականացնել նաև Հայաստանում, դրանով նպաստելով այստեղ գների նվազեցմանը», - ասաց տնտեսագետը։

Մեր դիտարկմանը՝ եթե ներկրող կազմակերպությունները ինքնակամ չեն գնում վառելիքի գնի նվազեցման, ՏՄՊՊՀ-ն չունի՞ լծակներ ազդելու գների կարգավորմանը՝ Խաչատրյանը պատասխանեց. «Ունի, իհարկե։ Ամենամեծ լծակներն ունի, բայց այդ մարմինը նախկինում ճիշտ հակառակն է մշտապես արել։ Այդ հանձնաժողովը նախկինում ոչ թե նպաստել է տնտեսական մրցակցությանը, այլ հակառակ գործն է արել։ Այդ հանձնաժողովը դարձել էր պետական հովանավորչության լծակներից մեկը։ Հիմա չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչով է զբաղվում այդ հանձնաժողովը։ Ես անգամ կարծում եմ, որ այդ հանձնաժողովն առհասարակ պետք չէ։ Բայց եթե կա, ապա տնտեսական քաղաքականություն իրականացնող ամենաբարձր օղակները պետք է պատասխանեն, թե առհասարակ ինչ է անում ՏՄՊՊՀ-ն, եթե, օրինակ, վառելիք ներկրողներն առ այսօր շարունակում են գերիշխող դիրք զբաղեցնել։ Սա որոշակի մտածելու տեղ է տալիս, և ժամանակը եկել է բացատրություններ տալու» ։

Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ նոր կառավարության առաջնահերթ խնդիրներից պետք է լինի մրցակցային շուկա ունենալու խնդիրը, և այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն։
    
     Digital News

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3360 | 0 | 0
Facebook