Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Միացում

10:10, Понедельник, 24 Декабря, 2018 года
Միացում

1988թ-ին համայն հայությունը Երևանում ոտքի կանգնեց և Օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնի լայնարձակ բակում, Մեծն Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանների հարևանությամբ ու հովանու ներքո վանկարկում էր՝ «Մի-ա-ցո՛ւմ»: Կինոյի տան առաջ երգում ու արտասվում էինք արցախցի աղջնակի ձայնագրված երգի հետ, ով կորցրել էր իր մորը և ցանկանում էր գտնել ու միանալ նրան՝ Մայր Հայաստանին: Ամենուր, այդ թվում և հայոց հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի առաջ, հավաքվող բազմությունը միաբերան վանկարկում էր միացում՝ նկատի ունենալով ՀԽՍՀ-ին ԼՂԻՄ-ի միացումը հայրենյաց մեկ պետության մեջ: Իգոր Մուրադյանի առաջնորդությամբ այսպիսի՛ պահանջ էր առաջ քաշվում: Բղավում էինք, Ղարաբաղ, իսկ Անի հյուրանոցի զբոսաշրջիկներն հասկանում էին՝ «Կարաբաս-Բարաբաս» և զարմանում, թե ինչքան շատ ենք սիրում այդ կերպարը: Կատակում էինք, կայսրության ռազմական ուղղաթիռներին անվանում՝ «Լաստոչկի պերեստրոյկի», ասում էինք. «Ղարաբաղը մերն է, բայց թուրքերի ձեռն է»: Ռուս զբոսաշրջիկները երևի կարծում էին «Բուրատինոյի արկածներն» ենք բեմադրում, իսկ կայսրապետությունն իր հաշիվներն ուներ, որին ի պատասխան հայ ժողովուրդը իր դեմ շարված զինվորներին հաց ու սիգարեթ էր տալիս: Ինչևէ: Ցույցերի ու միտինգների գլխավոր հավաքատեղին կոչվեց Ազատության հրապարակ:
     Թե ինչպես և ում միջոցով ՀԽՍՀ-ին ԼՂԻՄ-ի միացմանը այն ժամանակ աբսուրդային պայման դրվեց Արցախի անկախանալը, առանձին խոսակցության նյութ է: Փաստն այն է, որ ինքնորոշման հարց միայն բռնազավթված ազգերի ժողովրդով սարքված Ադրբեջանից կարող էր լինել, ոչ թե հայազգի Մայր Հայաստանից: Եվ ադրբեջանցիներին Զորի Բալայանի կողմից «ազերի» անվանելն ու այդ հավաքովի բազմազգ ժողովրդին մի ազգի իմաստ հաղորդելը հայությանն ուղղված առաջին դավադրություններից ամենաանտանելին էր, որն առ այսօր մաքրման կարիք ունի: Մեկ անգամ ևս ճշտենք՝ ադրբեջանցին քաղաքացիություն է հորինովի պետության, իսկ «ազերի» -ն հորինովի անվանում է գոյություն չունեցող ազգության, հետևաբար կարող է դարձյալ միայն քաղաքացիություն նշանակել: Ժամանակ առ ժամանակ մեր հողերն ու բերդաքաղաքները թողնում ենք թշնամուն, հետո էլ զարմանում, որ նրանք ասում են, թե իրենցն է:
     Եվ այսպես, հայ ազգից ու պետականությունից ժամանակին խլված արցախյան հատվածի միանալը մայր հայրենիքին նոր հայտնված և անմիջապես իշխանություն ստացած ղեկավարների թեթև ձեռքով դարձավ անջատում, հեռացում, Հայաստանից օտարացում՝ ղարաբաղցի - հայաստանցի դիտավորյալ հրահրված թշնամանքով, թալանով ու պատերազմի ճիրաններում գտնվողի ունեցվածքով միանգամից հարստացող ապազգային տարրերի հարուցած ատելությամբ: Իսկ Արցախի ազատագրության համար անձնուրաց կռված նվիրյալները, պատերազմում Շուշիի առանձնակի գումարտակի վիթխարի լուման, Իգոր Մուրադյանը, չզոհված կամ թիկունքից չխփված հերոսները ղեկավարողների վարած քաղաքականությամբ կամաց-կամաց մոռացության մատնվեցին կամ կեղծ մեղադրանքներով բանտերը նետվեցին: Նախագահ-նախագահի հետևից խորացրին հայազգի զավակների միջև իրենց իսկ բացած անջրպետը և հայոց պատմական տարածքների միավորման հարցը փակուղի տանելով՝ կրկին դարձրին անհասանելի թվացող երազանք…
     Բայց հանկարծ, վերջերս, կատարվեց մի պարզ ու հասարակ ուղևորություն դեպի Արցախ, և նենգափոխված ու տարիներ շարունակ քողարկված իրականությունը ի չիք դարձրեց սուտն ու կեղծիքը: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ մի պատմական իրադարձություն, որով 2018 թվականի նոյեմբերի 17-ին Բերձորի սահմանագլխին, հենց ճանապարհի այն հատվածում, որտեղ նախորդ ավտոերթի ժամանակ վարչակարգի հրամանով դարանակալել ու դաժան ծեծուջարդի էին ենթարկել մարդկանց, հենց այնտեղ, աղուհացով տեղի ունեցավ հայազգի երկու հատվածների վերամիավորումը խորհրդանշող, իրականում միշտ միասին եղած ժողովրդի հանդիպում: Սույն հանդիպումն ընդամենը բարձրաձայնում է հայոց արցախյան տարածքների և հայոց պետության միասնականության, համատեղ միության դե ֆակտո իրողության մասին և ի ցույց դնում դրանց դե յուրե չընդունելու ծիծաղելիությունը, երբ այդ փաստի մասին առկա են բոլորին հայտնի պաշտոնական փաստաթղթեր, երբ այդ պաշտոնական փաստաթղթերի հաստատումից հետո միասին կողք-կողքի մղվել ու մղվում է ազգային ազատագրական պայքար, արձանագրվել և արձանագրվում են պատերազմական հաղթանակներ, երբ կան բազմաթիվ միասնականություններ, մասնավորապես՝ օտար երկրների հետ միացյալ պաշտպանվող միջպետական սահման և այդ սահմանի վրա զոհվող կամ թշնամու դիպուկահարից օրուգիշեր մահացու խոցվող միասնություն, պաշտոնական կարգով ՀՀ քաղաքացու կողմից իրականացվող ծառայություն արցախյան սահմանագծում: Սասնա Ծռերի կազմակերպած ազգային հանդիպումը հերթական միջացառում չէ, այլ ազգաբնակչության արհեստական պառակտումը, ազգի միասնականությանը դեմ եղած իրադրությունները, անհեթեթ վարքագիծն անհապաղ վերացնելու, միացյալ կյանքով ապրող նույն ազգին միակ երկրի կյանքին մասնակցելու իրավունքից չզրկելու օրինական պահանջ, օրվա հրամայականի արձանագրում:
     Հայոց Սասնա Ծռերը որտեղից էլ լինեն՝ Արցախից, թե հայկական այլ բնակավայրերից, նրանց անձնվեր կենսակերպն է ազգի, հետևաբար և պետականության առաջընթացի երաշխիքը, որովհետև Սասնա Ծռերը շարժվում են «հանուն հայության» մարտավարությամբ, գործում են պատերազմի դաշտում՝ ռազմաճակատի օրենքներով, բռնատիրության դեմ՝ ապստամբության իրավունքով, իսկ թավշյա հեղափոխության երկրում՝ նրա օրենքներով և տրամաբանությամբ: Ուրեմն, Արցախ վարչատարածքի միավորումը Հայաստանի Հանրապետության մեջ օրվա հրամայական է: Անահիտ Արփեն 19.11.2018

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3918 | 0 | 0
Facebook