Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԸ ԿԱԶՄ-ՊԱՏՐԱՍՏ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

09:46, Понедельник, 24 Декабря, 2018 года
ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԸ ԿԱԶՄ-ՊԱՏՐԱՍՏ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
     Բաշ-Ապարանի հերոսամարտի 100 ամյակը նշելու համար, մայիսի 27-ին, Ապարանի հրապարակում հավաքված ապարանցիների աչքը Նիկոլ Փաշինյանի ճամփին էր: Խոստացե՞լ էր արդյոք Վարչապետը, որ կգա, իրո՞ք նրա ներկայության համար էր տոնակատարությունն այդ օրը նշանակվել, թե՞ կազմակերպիչներն էին մտահղացել, չիմացանք: Գուցե ժողովրդի մեծ ցանկությունն էր իրականության տեղ ներկայացվել:
     Մարդիկ սպասեցին ժամուկես ու դեպի իրենց հաղթանակների խորհրդանիշ «Վերածնունդ» հուշարձան քայլեցին թևաթափ եղած ու գլխիկոր: Գնացին հին կազմակերպիչների ցուցումով, բայց նորի ակնկալիքը սրտներում: Քայլեցին ավանդույթի ուժով, նախնյաց պաշտամունքի հետքերով, ուխտի գնացողի հավատամքով, սակայն անտրամադիր ու երթի պատրաստվածների նվազող շարքերով:
     Տոնական ակնկալվող թափորը չէր ցնծում, իսկ դրոշները ներքև պահած էին տարվում: Արարման պատրաստ ժողովրդի սպասումները չարդարացան առաջին հերթին այն պարզ պատճառով, որ մարդկանց ու նրանց հերոսամարտի հուշարձան տանող չղեկավարների միջև գոյացած անդունդից ակնհայտ սառնություն էր փչում: Ամեն քայլափոխին դեռ տնավորված զոռբաների նույն ձեռագիրն էր, ժողովրդից իրենց տարանջատող նույն վարմունքը, ստեղծագործողների հանդեպ նույն խտրական վերաբերմունքը:
     Հուշաձանի մուտքի մոտ կազմակերպիչներն ու մարզպետարանականները հերթով բացում էին միջազգային սիմպոզիումի քարե քանդակների ծածկոցները, ծափահարում էին ու անցնում հաջորդ քանդակին: Մենք էլ՝ այդ նեղ շրջանակից դուրս գտնվողներս, մեր հերթին էինք մոտենում արդեն բացված քանդակներին և նայում-ծանոթանում: Մեկ էլ տեսնենք, նեղ շրջանակը չկա, իսկ մենք կանգնած ենք մնացել մի քանի չբացված քանդակների առաջ: Դես նայեցինք, դեն նայեցինք, փորձեցինք չբացված քանդակների լքվածության պատճառը հասկանալ…
     Ոչ աչքներս կազմակերպիչ տեսավ, ոչ հայացքներս արվեստի գործ: Հեղինակներն էլ, մեզ նման, կանգնած սպասում էին իրենց փակ քանդակների մոտ: Կազմակերպիչները ջուրտուքշի՞ էին արել, թե՞ անտեսված քանդակների հեղինակներն ուղղակի իրենցական չէին, չգիտեմ: Անձամբ ես, մոտեցել էի քանդակները դիտելու, և մարդիկ բացեցին, դիտեցինք: Մեկը արցախցու գործ էր (Արմեն Պետրոսյան), մնացածը՝ ապարանցիների (Զարզանդ Շահինյան, Հովհաննես Գրիգորյան, Գուրգեն Քալաշյան):
     Գուրգենի ցուցանակ չունեցող քանդակը և՛ օրվա, և՛ թավշյա հեղափոխության իրողության համար շատ խորհրդանշական իմաստ ուներ. դիմացից պատկերում է քարից դուրս եկող Փոքր Մհերին, իսկ թիկունքից՝ հզոր բռունցք, որն իջնելու է անարդարների գլխին: Փաստորեն ապարանցուն թուրքը չկոտրեց, իսկ ներքին հարստահարողը կուռկուռի ձագ է ուզում դարձնել, բա սրա՞ն էր արժանի մեր հերոս ժողովուրդը…
     Դեպի վերածնունդ բարձրացողների թավշյա հույսերը մարում էին, երբ ճանապարհի ձախ կողմում տեսնում էին «տուզերի» համար բացված քեֆի սեղանների վրանային ճամբարը և ակամա մտածում՝ «Նիկոլը գար այստեղ, սրանց հետ թաս բարձրացնե՞ր, չալաղաջ ուտե՞ր… Որ այդպես է, ավելի լավ, որ չի եկել»:
     Վերևում արդեն արարողությունը սկսվել էր, հոգևոր երգեցողություն էր հնչում, ինչ-որ մարդիկ էին խոսում: Եվ չնայած 2018 թ. Ապարանի հերոսամարտի աշխարհազորի հրամանտար Արսեն Տեր-Պողոսյանի ու գավառապետ, նաև հայդուկապետ Սեդրակ Ջալալյանի աճյունները դեռ դեգերում են օտար ափերում, միևնույն է, գենետիկ հիշողությամբ հենց այդ առաջնորդների ոգին էր մարդկանց կանչում վերև:
     Ու մինչ անառաջնորդ-անառաջնորդ դեգերում էինք ճակատամարտերում զոհվածների հուշակոթողների մոտ, հպարտանում հայ զինվոր-պատվոպահակներով, ուրախանում ՀՀ կառավարության ուղարկած ծաղկեպսակի առկայությամբ, երազում հայոց միասնականության մասին, հիշում, որ պիոներ ժամանակներս այս հուշարձանի ներքո լուսանկարվել ենք մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ, որը նուրբ վարդագույն պարանոց ուներ…
     Հանկարծ հնչեց Հայաստանի հիմնը և հայտարարվեց փոխվարչապետի ներկայության մասին՝ ուշադրությունս ուղղորդելով դեպի բեմահարթակ: Տիգրան Ավինյանի խոսքը անորոշության մեջ խարխափող տվայտանքներիս վրա լույսի ցող սփռեց՝ ինձ նման ապարանցիների համար ընկալվելով որպես Վարչապետի ուղերձն իր առաջնորդած ժողովրդին: Ժողովուրդ, որի իմաստնությանը, բարու սերմնացանին հավատարմությանը, անկոտրում ապարանցիությանը վստահ եմ:
     Ասածիս վառ ապացույցն էր այն դե ֆակտո իրողությունը, որ երբ բարձրախոսից հնչեղադայլայլ պահանջվեց բուռն ծափողջույններով դիմավորել «Նիգ-Ապարան» հայրենակցականի պատվավոր նախագահին, ժողովրդի մեջ մի հատիկ ծափ անգամ չհնչեց: Մոտերքում մի քանի թափառ սուլոցներ ծնվեցին ու կորան բարկ արևի տակ: Այս խոսողին լսող չկար, զի ժողովրդի հոգում կատարվածն «ուրիշ ջրեն ու գրեն էր»:
     Այնտեղ հավաքված ապարանցիները եկել էին անսուտ խոսք լսելու, իրենց նախնիներին հարգանքի տուրք մատուցելու, իրենց ինքնությունը հաստատելու և առայժմ ուղղակի զրուցում էին դեսից դենից, սպասում իրենց որդիների ու թոռների երգ ու պարին: Ասել կուզի՝ հերոսամարտի բլրալանջին կանգնած ապարանցիների աշխարհազորը կազմ-պատրաստ սպասում էր մերօրյա իր առաջնորդին:
    
     **Անահիտ Արփեն**
Источник: hraparak.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3826 | 0 | 0
Facebook