Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ալիևն ակամա ասել է, թե ինչի համար է պետք Հայաստանի լեգիտիմ իշխանությունը

11:56, Пятница, 14 Декабря, 2018 года
Ալիևն ակամա ասել է, թե ինչի համար է պետք Հայաստանի լեգիտիմ իշխանությունը

Բաքուն կշարունակի մեկուսացնել Հայաստանը, մինչև «գրավյալ տարածքների ազատագրումը», Ադրբեջանում հայտարարել է այդ երկրի նախագահ Ալիևը հերթական անգամ, միաժամանակ ասելով, թե այժմ լավ պայմաններ են ստեղծվել ղարաբաղյան խնդրի կարգավորման համար: Թե որոնք են լավ պայմանները՝ Ադրբեջանի նախագահը չի նշել, թեև հնարավոր է ենթադրել, որ նա նկատի ունի Հայաստանում նոր իշխանությունն ու դրա բարձր լեգիտիմությունը: Այս հանգամանքը նույնիսկ Հայաստանում են որոշ շրջանակներ դիտարկում իբրև թե ղարաբաղյան խնդրում Հայաստանին լուծում պարտադրելու նախադրյալ: Այդ շրջանակները առավելապես հարում են նախկին իշխանությանը, որը փորձում է արցախյան խնդրում տագնապն ու ահազանգը դիտարկել Նիկոլ Փաշինյանի դեմ հանրային դժգոհություն առաջացնելու հնարավորություն, զուրկ լինելով այլ հնարավորություններից: Այդ մոտեցման տրամաբանության առանցքում այն է, որ Փաշինյանի խոսքը հանրության համար ընդունելի է, ինչն էլ կփորձեն նրա վրա ճնշման միջոց դիտարկել միջնորդները: Այստեղ, իհարկե, կան մանիպուլյացիոն տարրեր և թյուրըմբռնման դրսևորումներ, որոնց առնչությամբ առիթ ունեցել ենք արտահայտվելու նախկինում էլ:


    

Որպես հիմք հաճախ մեջբերվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հայտնի հայտարարությունը, որ արել է Երևանում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության և այդ ուժեղ դիրքի միջոցով արցախյան խնդրում առաջընթաց արձանագրելու ակնկալիքի վերաբերյալ: Մենք առիթ ունեցել ենք ասել, որ այդպիսի իրական ակնկալիքի դեպքում Բոլթոնը ամենևին չէր շտապի «բացահայտել», այսպես կոչված, ճնշման մեխանիզմը ժամանակից շուտ: Եվ բացահայտումը այս դեպքում իրական քաղաքականության ռեժիմում վկայում է, որ բուն խնդիրը Հայաստանում հակազդեցություն առաջացնելն է: Սա էլ, իհարկե, բերում է մեկ այլ առանցքային հանգամանքի: Հայաստանի վրա լուծման որևէ ճնշում բանեցնելու համար աշխարհաքաղաքական կենտրոնները՝ առնվազն երեք համանախագահները, պետք է գան այդ տարբերակի շուրջ կոնսենսուսի: Իսկ այստեղ հարց է առաջանում, թե ո՞րն է նրանց շահը այդ կոնսենսուսի և ընդհանրապես արցախյան խնդրում, եթե հաշվի առնենք այն, որ խոսքը աշխարհի մի անկյունում լքված տարածության մասին չէ, այլ աշխարհաքաղաքական գերկարևոր կետերից մեկի:

Ըստ այդմ, Հայաստանին լուծում պարտադրելու համար այդ կետում պետք է լինի առնվազն երեք համանախագահների կոնկրետ, հանգամանալից համաձայնությունը, ինչը, սակայն, նույնիսկ ինքնին անբավարար կարող է լինել ներկայիս աշխարհակարգում, որտեղ արդեն կարող է խաղացող դիտարկվել մինչև անգամ Պեկինը, որը Հայաստանում կառուցում է Եվրասիայում Մոսկվայից հետո մեծությամբ երկրորդ իր դեսպանատունը: Իսկ դա զուտ գիգանտոմանիա չէ, այլ քաղաքական ռազմավարության արտահայտում: Եթե աշխարհաքաղաքական արցախյան կետում լիներ համաձայնություն, ապա հավատացնում ենք, որ այդ համաձայնության կողմերին այլևս բացարձակապես չէր հետաքրքրի՝ Հայաստանում իշխանությունը լեգիտիմ է, թե ոչ, և ընդհանրապես որևէ այդօրինակ երկրում: Մյուս կողմից, պետք չէ իհարկե բացառել, որ Ադրբեջանը ունի հույսեր, բայց դրանք կապում է ոչ թե Բոլթոնի կամ Վաշինգտոնի, այլ Մոսկվայի հետ: Սևծովյան տնտեսական գործակցության կազմակերպության արտգործնախարարների նիստին մասնակցելու համար Բաքու է մեկնել ՌԴ արտգործնախարար Լավրովը, որը նաև ղարաբաղյան հարցն է քննարկելու Ալիևի և Մամեդյարովի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան, ասելով, թե կա հայ-ադրբեջանական երկխոսություն այդ թեմայով և պետք են մանրակրկիտ մշակված քայլեր: Ի՞նչ երկխոսության մասին է խոսում Զախարովան: Հավանաբար Դուշանբեի, որտեղ, անկասկած, կա Պուտինի առնչությունը, հաշվի առնելով այն, որ ՌԴ նախագահը Տաջիկստանի մայրաքաղաք էր ժամանել Բաքվից: Այդուհանդերձ պարզ չէ՝ ինչ նպատակ ունի Մոսկվան: ՌԴ ղեկավարությունն իսկապե՞ս կարծում է, որ Հայաստանի լեգիտիմ իշխանությունը կգնա ավելի զիջողական քայլերի և հնարավոր կլինի իրականացնել կազանյան կամ լավրովյան պլանները, թե՞ Մոսկվան էլ խաղում է և փորձում իր ջանքը խայծ դարձնել Բաքվի համար, Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում, որտեղ կան նաև այլ շերտեր:

Ի վերջո, Բաքուն ներկայումս դարձել է յուրօրինակ քաղաքական «հաբ», որտեղ խաչվում են Թուրքիայի, Իսրայելի, Ռուսաստանի, Իրանի, մի շարք այլ ռեգիոնալ խաղացողների շահերը: Այս տեսանկյունից, Երևանը կարող է, իհարկե, նրբորեն օգնել Մոսկվային խաղարկել արցախյան խաղաքարտը Բաքվի ուղղությամբ, սակայն, մյուս կողմից, այդ ամենը պետք է պահել խիստ վերահսկողության ներքո և, իհարկե, Մոսկվային այդ խաղաքարտի միջոցով մանևրի հնարավորություն տալու դիմաց՝ բացի խստիվ վերահսկողությունից, Երևանը պետք է նաև շատ հստակ դիվիդենտ ակնկալի իր մասով: Հնարավոր է, որ արցախյան հարցը Մոսկվան որպես «խայծ» հակադրում է ՀԱՊԿ անդամության հարցին, որ իբրև խայծ հուլիս-օգոստոսից մեջտեղ է բերել Բաքուն: Հայաստանի նոր իշխանությունն այդ գործընթացում մի կողմից տալով Մոսկվային մանևրի հնարավորություն, մյուս կողմից՝ ինքն ամենևին չպետք է մասնակցի այդ խաղին հրապարակային որևէ հայտարարությամբ և որևէ պլանի համաձայնությամբ, իսկ ռուսական կողմի համար էլ շատ հստակ և միարժեք պետք է հասկանալի դարձնի, որ բարձր լեգիտիմությունը բարձր է այնքան, քանի դեռ պահում է դիրքը արցախյան խնդրում և, ըստ այդմ, որևէ մեկը չպետք է ակնկալի, որ այդ լեգիտիմությունը կարող է ծառայել որևէ կազանյան կամ այլ պլանի: Որևէ պլանի ծառայության փորձը չի թողնի այդ լեգիտիմությունից ոչինչ և դա պետք է շատ հստակ լինի նաև աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի համար, որը լրջորեն կփորձի դիտարկել բարձր լեգիտիմության միջոցով արցախյան խնդրում Հայաստանից զիջում ստանալու տարբերակը: Առավել ևս, որ Հայաստանի զիջումն այդ հարցում զիջում է խաղաղությանն ու կայունությանը, թեկուզ հարաբերական խաղաղությանն ու կայունությանը:

Վերջում ամենակարևորի մասին, գնալով սկիզբ: Ալիևի հայտարարությունը, որ կշարունակեն մեկուսացնել Հայաստանը, ենթագիտակցորեն, իհարկե, հուշում է, որ Բաքուն իրականում չունի տեսանելի ապագայում որևէ փոփոխության հույս: Միաժամանակ, Ադրբեջանը հերթական անգամ մատնացույց է անում ռազմավարությունը, որով առաջնորդվում է՝ սպասել Հայաստանի հյուծմանը, ավելի ու ավելի մեծացնել տնտեսական, ռազմական առավելությունը Հայաստանի նկատմամբ: Ահա, թե ինչը պետք է լինի բարձր լեգիտիմությամբ իշխանության թիրախը՝ կատարել Հայաստանի խորքային ռեֆորմացիա և ապահովել զարգացումը ներկայիս աշխարհագրական և աշխարհաքաղաքական պայմաններում, թույլ չտալով Բաքվին ակնկալել, որ Հայաստանի հյուծմանը սպասելը իրատեսական և արդյունավետ սպասում է: Այդ իմաստով Ալիևն ակամա ցույց է տվել, թե Հայաստանին ինչի համար է պետք հանրային մեծ վստահությամբ լեգիտիմ իշխանություն

Источник: 1in.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3845 | 0 | 0
Facebook