Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Հույն իմաստասերների մասին. «Շնորհակա՛լ եմ, ճակատագի՛ր: Դու ինքդ ես ինձ դեպի փիլիսոփայություն մղում»

16:15, Среда, 12 Декабря, 2018 года
Հույն իմաստասերների մասին. «Շնորհակա՛լ եմ, ճակատագի՛ր: Դու ինքդ ես ինձ դեպի փիլիսոփայություն մղում»

Ալեքսանդր Մեծի մահվանից (մ.թ.ա. 323 թ.) մի քանի տարի անց Կիպրոսից Աթենք է գալիս նիհար, թխադեմ ու ծանրաշարժ մի պատանի՝ Զենոն (մ.թ.ա. 334 – 263 թթ.) անունով: Հետո, երբ արդեն բավականին խելահաս է դառնում, պատգամախոսին հարցնում է՝ ինչպե՞ս ապրեմ: Պատգամախոսը պատասխանում է՝ սովորիր հանգուցյալներից: Նա ըմբռնում է պատգամախոսի խորհրդի էությունը և սկսում է գրքեր կարդալ: Աթենքի գրավաճառանոցներից մեկում նա նկատում է Սոկրատեսի մասին հիշողությունների գլանաթուղթը: Զենոնն այն գնում է, կարդում ու ամբողջովին կլանվում է: Հետո գրավաճառին հարցնում է, թե որտեղ կարելի է Սոկրատեսի նման մարդ գտնել: Գրավաճառը կրպակի մոտով անցնող մի մարդու է ցույց տալիս: Ձեռնափայտն այս ու այն պատին թխկթխկացնող այդ կիսամերկ անցորդըԴիոգենեսի աշակերտ Կրատետոս Թեբեացին (մ.թ.ա. 365 – 285 թթ.) էր: Զենոնն ամեն ինչ թողնում է ու հետևում ընչազուրկ Կրատետոսին: Ժամանակներ անց Զենոնին լուր են բերում, թե Կիպրսից ծիրանի գործվածք բերող նավը, որ վաճառական հայրն էր ուղարկել, խորտակվել է, ու նրա ամբողջ ունեցվածքը ջրասույզ է եղել: Բայց այդ լուրը Զենոնին չի վշտացնում, ընդհակառակը, նա ուրախ բացականչում է. «Շնորհակա՛լ եմ, ճակատագի՛ր: Դու ինքդ ես ինձ դեպի փիլիսոփայություն մղում»: Ու նա այլև չի հեռանում Աթենքից:

Աթենքի հրապարակում Մարաթոնյան ճակատամարտը ներկայացնող պատկերազարդումներով մի պատ է եղել, պատի առջևում՝ արևից պաշտպանող ծածկով սյունաշար: Հենց այս սյունաշարի մոտ Զենոնը ելույթներ է ունեցել, և նրա աշակերտներին սկսել են «ստոիկներ» անվանել: Ստոիկներն աղքատ, բայց ուժեղ ու խստակյաց մարդիկ են եղել: Նրանցից ավագը՝ նախկին կռփամարտիկ Կլեանֆեսը (մ.թ.ա.330 – 232 թթ.), իր օրվա ապրուստը վաստակել է գիշերը բանջարաբույծների համար ջուր կրելով, իսկ ցերեկային ժամերին դարձել է Զենոնի ունկնդիրը, նրա դասերը գրի է առել ոչխարի թիակոսկրերի վրա, որովհետև գրելու տախտակներ գնելու փող չի ունեցել:

Մինչև Զենոնը հույն փիլիսոփաներն աշխարհը նմանեցրել են քաղաք-պետության՝ իրենց «կառավարիչ-գաղափարներով», կամ «քաղաքացի-ատոմների», և կամ էլ «կուսակցություն - տարերքների»: Իսկ Զենոնն աշխարհը համարել է մի մեծ կենդանի մարմին, որը շնչավորված է, և այդ շունչը կամ հոգին ներթափանցում է մարմնի յուրաքանչյուր մասնիկի մեջ: Սրտում այդ հոգին ավելի շատ է, քան ոտքերում, մարդու մեջ ավելի շատ է, քան քարի մեջ, փիլիսոփայի մեջ ավելի շատ է, քան սովորական մարդում մեջ: Բայց այն ամենուր է: Մարդու ամեն մի մասնիկը, նրա շրջապատի ամեն մի փոքրագույն առարկան կամ էակը ինչ-որ բանի համար անհրաժեշտ է, մեր ամեն մի շնչառությունն ու արտաշնչումը, մեր գլխում ծնվող ամեն մի մտածումը համաշխարհային օրգանիզմի պահանջմունքով է թելադրված ու ծառայում է այդ օրգանիզմի կյանքին ու առողջությանը: Մեզանից յուրաքանչյուրն այդ տիեզերական մարմնի մի մասնիկն է՝ ճիշտ այնպես, ինչպես մարդու մատը և աչքը:

Իսկ ինչպե՞ս պետք է մենք ապրենք: «Ինչպես մատը կամ աչքը, - պատասխանում է նա: - Պետք է մեր գործն անենք և ուրախանանք, որ այն անհրաժեշտ է համաշխարհային մարմնին: Գուցե մեր մատը դժգոհ է, որ ստիպված է կոպիտ աշխատանք կատարել, գուցե այն կնախընտրեր աչք լինել, բայց դրանից ի՞նչ օգուտ: Կամա, թե ակամա այն մատ է մնում և պիտի անի այն, ինչ պարտավոր է անել: Այդպես էլ մարդիկ՝ համաշխարհային կարգի՝ ճակատագրի հանդեպ»:

«Ով ուզում է, նրա բախտը բերում է, ով չի ուզում, նրան ճակատագիրը քարշ է տալիս», - ասում էստոիկյան ասացվածքը:

«Քեզ ի՞նչ է տվեել փիլիսոփայությունը», - հարցնում են ստոիկ փիլիսոփային, ու նա պատասխանում է. «Ես նրա հետ հաճույքով վարվում եմ այնպես, ինչպես առանց նրա կվարվեի կամքիցս անկախ»: Եթե մատը կարողանար մտածել իր կոպիտ աշխատանքի մասին, այն մասին, թե ինքը որքան անհրաժեշտ է մարդուն, երջանիկ կլիներ: Ուրեմն թող մարդն էլ երջանիկ լինի՝ միաձուլելով իր բանականությունն ու կամքը համաշխարհային ամբողջականի բանականությանն ու օրենքին:

«Իսկ եթե մի բան դրան խանգարո՞ւմ է: Եթե անառողջ վիճակը նրան թույլ չի տալիս ծառայել ընտանիքի՞ն, ընտանիքը՝ պետությա՞նը, իսկ բռնակալը՝ համաշխարհային կարգի՞ն, իսկ եթե նա ստրո՞ւկ է»: «Դրանք աննշմար բաներ են, դրանք ընդամենը վարժանք են՝ կամքն ամրապնդելու համար. մի՞թե Հերակլեսը Հերակլես կդառնար, եթե աշխարհում հրեշներ չլինեին: Մարդու համար գլխավորը ոչ թե դժբախտությունն է, այլ դժբախտության նկատմամբ վերաբերմունքը»:

«Եթե մահացել է նրա որդի՞ն»: «Բայց չէ՞ որ դա նրանից կախված չի՛ եղել»: «Նրա նավը սուզվել է»: «Դա նույնպես նրանից կախված չի եղել»: «Նրան մահապատժի են դատապարտել»: «Դա ևս նրանից կախված չի եղել»: «Նա այդ ամենինին քաջաբար դիմացել է»: «Այ հենց դա՛ է նրանից կախված եղել, և դա լավ է»:

Այսպիսի ինքնատիրապետման համար ստոիկները պետք է հրաժարվեն բոլոր կրքերից՝ հաճույքից ու անցյալի համար վշտանալուց, ցանկություններից ու ապագայի նկատմամբ վախից: Եթե իմ մատն սկսի իրեն տանջել սեփական կրքերից, հազիվ թե կարողանա լավ գործել: Այդպես էլ մարդը»:

«Սովորիր զայրույթին չտրվել, - ասել են ստոիկները: - Ինքդ քեզ ասա՝ ես մեկ, երկու, երեք օր չզայրացա: Եթե մինչև երեսունը հաշվես, ապա երախտագիտական զոհ մատուցիր աստվածներին»:

Երբ մի անգամ Զենոնին անհնազանդ ստրուկը զայրացնում է, նա միայն ասում է. «Ես քեզ կծեծեի, եթե զայրացած չլինեի»: Իսկ երբ ստոիկ Էպիկտետոսին (մ.թ. 50 – 138 թթ.), որը ստրուկ է եղել, նրա տերն անգթորեն քոթակում է, Էպիկտետոսը նրան հանդարտորեն ասում է. «Զգո՛ւյշ, ո՛տքս կկոտրես»: Տերն ավելի է կատաղում ու փշրում է նրա ոսկորը: «Ահա և կոտրեցիր», նույն հանդարտությամբ ասում է Էպիկտետոսը:

Եթե մարդը անկրքության վիճակի է հասնում և միաձուլվում է իր ու համաշխարհային բանականությանը, նա նմանվում է աստծու, և նրան է պատկանելու այն ամենը, ինչը ենթարկվում է համաշխարհային բանականությանը, այսինքն, նրան է ենթարկվելու ամբողջ աշխարհը: Նա լինելու է և՛ իսկական արքա, և՛ զորահրամանատար, և՛ բանաստեղծ, և՛ նավավար, իսկ մնացյալ մարդիկ, որոնք թեպետ գահին են նստած, թեպետ հարստություն են կուտակել, լինելու են սոսկ կրքի ստրուկներ ու հոգով աղքատներ: Դու կա՛մ ամեն ինչ ես, կա՛մ՝ ոչինչ: Առաքինության ճանապարհը նեղ է՝ ինչպես լարախաղացի ճոպանը. Եթե մեկ մատնաչափ կամ մեկ ոտնաչափ շեղվես, կընկնես ու կմեռնես:

Թեպետ ստոիկների այս գաղափարները ժամանակակիցները ծաղրել են, բայց նրանք իրենցն են պնդել: Նրանց թեպետ ծաղրել են, բայց նաև հարգել են: Նրանց գաղափարներն իսկական աշխատավորի փիլիսոփայություն են եղել, իսկ աշխատասերի վրա է հիմնված եղել տունը, քաղաքն ու աշխարհը: Ստրուկները մխիթարվել են այն մտքով, որ իրենք հոգով ազատ են իրենց տերերից, և թագավորներն ստոիկներին առաջարկել են դառնալ իրեց խորհրդատուները: Մակեդոնիայի թագավոր Անտիգոնե Ավագը, գալով Աթենք, Զենոնից «պոկ չի եկել», ու նրան իր բոլոր խնջույքների մասնակիցն է դարձրել: Հարբած պահին այս թագավորը Զենոնին հարցրել է. «Քեզ համար ի՞նչ անեմ», իսկ փիլիսոփան պատասխանել է» «Սթափվի՛ր»:

Աթենացիները Սոկրատեսին մահվան են դատապարտում, Արիստոտելին վտարում են, Պլատոնին հանդուրժում են, իսկ Զենոնի գլխին ոսկե պսակ են դնում ու պետության հաշվին թաղում են: «Այն բանի համար, որ նա արել է այն, ինչ ասել է», - որոշել է ժողովուրդը:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4000 | 0 | 0
Facebook