Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Նման առաքինի հոգևորականի ներկայությունը Մայր Աթոռում պիտի գրգռեր Գարեգին Բ-ի և շատ միաբանների նախանձն ու չարակամությունը

Ազատ Խոսք
Пресс-секретарь:
Ազատ Խոսք
17:38, Вторник, 11 Декабря, 2018 года
Նման առաքինի հոգևորականի ներկայությունը Մայր Աթոռում պիտի գրգռեր Գարեգին Բ-ի և շատ միաբանների նախանձն ու չարակամությունը
     Ինչպես տեղեկանում ենք ArmLur.am կայքէջից, «Գարեգին Բ կաթողիկոսը մտավախություն ունի, որ շատ հոգևորականներ բռնել են «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման կողմը։ Վեհափառը Մայր Աթոռում անցել է վենդետայի։ Վերջինս վերհսկողություն է սահմանել Մայր Աթոռի ամբողջ տարածքով։ Օրինակ հսկվում է, թե Մայր Աթոռի ո՛ր աշխատիցը իր աշխատանքային համակարգչով ի՛նչ կայքերից է օգտվում, ո՛ւմ հետ է նամակագրական կապի մեջ» ։
     Ապա նույն կայքը հաղորդում է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ազատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենի պաշտոնից, քանի որ կասկածվում է Գարեգին Բ-ին «դավաճանելու» մեջ: Հավանաբար թերթը «դավաճանություն» ասելով նկատի ունի այն, որ ամիսներ ձգվող հակակաթողիկոսական ցույցերի և քննադատությունների առիթով Վարդան Սրբազանը, լինելով սակավաթիվ բացառիկ եպիսկոպոսներից մեկը, հրապարակային կերպով մեղադրական և նախատինքի խոսքեր չհնչեցրեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման հասցեին՝ ի պաշտպանություն իր վերադասի՝ Գարեգին Բ-ի: Նման զուսպ մոտեցում որդեգրեց նաև Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը: Ի դեպ, հիշյալ կենտրոնի երկու աշխատակիցներ՝ Ռուզաննա Առաքելյանը (Երևանի պատասխանատու) և Գյուլնազ Գրիգորյանը (Էջմիածնի պատասխանատու) կաթողիկոսի պարտադրմամբ աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրին Վարդան եպս. Նավասարդյանին և հեռացվեցին իրենց աշխատավայրերից: Պատճառն այն էր, որ Ռուզան Առաքելյանը հանդիսանում է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ղեկավար Կորյուն աբեղա Առաքելյանի հարազատ քույրը, իսկ Գյուլնազ Գրիգորյանը եղել է Սբ. Գայանե վանքի նախկին ծառայող, այժմ՝ հանգուցյալ Հարություն քահանա Դարբինյանի խոստովանազավակը և այժմ էլ այդ համայնքի անդամներից է:
     Թերթին հակադարձում է Մայր Աթոռի Ապատեղեկատվական համակարգի տնօրեն, կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը: Մեջբերենք. «Եկեղեցական անդաստանում «վենդետա» հասկացությամբ պատճառաբանելը հոգևորականի որևէ նշանակում բացարձակ անընդունելի է, որովհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Եկեղեցու կարիքներից ելնելով, եկեղեցականներին, Մայր Աթոռի միաբաններին իրենց կարողությունների համեմատ նշանակում է տարբեր ծառայությունների։ Եկեղեցական կյանքին հետևողը կարող է փաստել, որ այդպիսի նշանակումներ հաճախ են լինում։ Ինչ վերաբերում է Վարդան Սրբազանի պարագային, ապա նշանակման առնչությամբ որևէ նման տնօրինություն դեռ չի եղել (Տեղեկատվական համակարգը մշտապես ծանուցում է նման նշանակումները)» ։
     Հիմա հերթով բացահայտենք Տեր Վահրամի ավանդական ստերը:
     Սուտ 1. Տեր Վահրամը չի ընդունում, որ եկեղեցական անդաստանում կարող է լինել «վենդետա» հասկացություն: Ինչպես գիտենք, «վենդետա» -ն այն պատժական գործողություններն են, որոնցով վրեժխնդիր են լինում և սպառնում վրիժառուի թիրախում հայտնված անձանց: Ոչ վաղ անցյալում տասնյակ եկեղեցականներ նշանակվել, բայց ավելի ճիշտ՝ աքսորվել են այնպիսի հեռավոր և անմարդկային պայմաններով լի վայրեր, որոնք ակնհայտ վրեժխնդրության քայլեր են կաթողիկոսի կողմից: Բնական է, որ նա երբևէ չի հանդուրժելու այն եկեղեցականներին, որոնք ունեն սկզբունքային նկարագիր և չեն պարում իրենց վերադասի դուդուկի տակ:
     Որպես բազում օրինակներից մեկը՝ Վահրամ քահանային հիշեցնենք Արտակ վարդապետ (այժմ՝ եպիսկոպոս) Տիգրանյանի հայտնի դեպքը, ով Մայր Տաճարի լուսարարապետի պաշտոնակատար եղած ժամանակ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման օրերին հակադրություն ունեցավ Գարեգին Բ-ի հետ, ինչին որպես հետևանք՝ նա ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից և աքսորվեց Հաղպատավանք, ուր գոյություն չունեին կենցաղային նվազագույն պայմաններ: Մի քանի տարի այնտեղ մնալուց հետո նա ետ կանչվեց իր աքսորավայրից՝ կազմակերպելու 2008 թ. Էջմիածնում կայացած Մյուռոնօրհնեքը: Եվ միայն իր փայլուն ծառայության, մասամբ էլ՝ Մայր Աթոռի բարերարներ Հայկ և Էլզա Դիդիզյանների բարեխոսության շնորհիվ նա կարողացավ շարժել Գարեգին Բ-ի գոյություն չունեցող գութը և վերահաստատվել Մայր Աթոռում՝ շինծու մի պաշտոնի ստեղծմամբ իբրև «Վանորեից տեսուչ»:
     Սուտ 2. «Ինչ վերաբերում է Վարդան Սրբազանի պարագային, ապա նշանակման առնչությամբ որևէ նման տնօրինություն դեռ չի եղել»: Սույն տնօրինությունը հրապարակվել է այսօր՝ դեկտեմբերի 11-ին, իսկ «Ժողովուրդ» օրաթերթն այդ մասին գրել է երեկ՝ դեկտեմբերի 10-ին: Ինչպե՞ս է ստացվում, որ այդ տեղեկությունը մատչելի է եղել աշխարհիկ մի լրատվամիջոցի այն դեպքում, երբ որևէ տեղեկատվություն չէր հրապարակվել Մայր Աթոռի կողմից: Փաստորեն, Մայր Աթոռը փորձում էր հասարակությունից թաքցնե՞լ այդ «նոր նշանակումը», որպեսզի նոր իրարանցում չառաջացնի: Բայց դե՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ:
     Հիմա մեջբերենք «նոր նշանակումը» . «Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը կշարունակի իր ծառայությունը Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների հոգևոր տեսչի պաշտոնում: Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, նշանակվել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն»:
     Սուտ 3. Վահրամ քահանա Մելիքյանը կա՛մ սկլերոզ հիվանդությամբ է տառապում, կա՛մ էլ միտումնավոր խեղաթյուրում է փաստերը (վերջին մեթոդը հե՛նց Գարեգին Բ-ի գործելաոճն է): Վարդան Սրբազանի կենագրությունից տեղեկանում ենք, որ 2008 թվականից նա զբաղեցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենի պաշտոնը, 2009 թվականից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի հոգևոր տեսուչն է, 2012 թվականից Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի Էօրնեկեան մանկապարտեզի հոգևոր տեսուչն է, 2015 թվականից նախագահում է Երևանի Գ. Էմինի թիվ 182 ավագ դպրոց-հիմնադրամի հոգաբարձուների խորհուրրդը, անդամակցում է ՀՀ ԿԳՆ կոլեգիային, Հանրային խորհրդի կրթության և գիտության ենթահանձնախմբին, ECLOF հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին։
     2008 թ. Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի ենթակայության ներքո գտնվող Հայորդյաց տների տեսուչ-տնօրեն է նշանակվում Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Նա որոշ ժամանակ անց կաթողիկոսի հրահանգով լռելյայն զիջում է իր պաշտոնը Վարդան եպս. Նավասարդյանին, ով համատեղությամբ մինչ օրս վարում էր նաև Հայորդյաց տների հոգևոր պատասխանատուի պաշտոնը: Այս մասին որևէ տեղեկատվություն Մայր Աթոռը այդ օրերին չտրամադրեց: Ավելին՝ հայր Կոմիտասն առ այսօր որևէ նշանակում չի ստացել և մնում է անպաշտոն:
     Հիմա ստացվում է, որ Գարեգին Բ-ն «նոր նշանակում» է անում տարիներ շարունակ մի քանի վարչական ծանրաբեռնված պաշտոններ համատեղությամբ անտրտունջ վարող Վարդան Սրբազանի համար՝ միաժամանակ ազատելով Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենի պարտականություններից:
     Տեր Վահրամի հիշողությունը թարմացնելու համար ասենք նաև, որ 2018 թ. հուլիս ամսին Մայր Աթոռի միաբան Կորյուն աբեղա Առաքելյանին կարգալույծ հռչակելուց հետո առնվազն երկու եպիսկոպոս՝ Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արք. Մկրտչյանը և ՔԴԿ տնօրեն Վարդան եպս. Նավասարդյանը, հրաժարականի դիմումներ ներկայացրին կաթողիկոսարան, որոնք այդպես էլ չընդունվեցին Գարեգին Բ-ի կողմից: Ավելի ուշ, տարբեր խորամանկություններով և կեղծ խոստումներով վերջինս կարողացավ համոզել Վարդան Սրբազանին, որպեսզի նա ետ վերցնի իր հրաժարականի դիմումը:
     Կաթողիկոսի մամլո խոսնակը շարունակում է իր ստերը. «Սակայն նշեմ, որ Վարդան Սրբազանին այլ ծառայության կոչելու մտադրություն կա, որի վերաբերյալ մտահոգություն են արտահայտել Մայր Աթոռի հանրակրթական դպրոցի մի խումբ աշակերտներ՝ ցանկություն հայտնելով հանդիպել Վեհափառ Հայրապետի հետ։ Նորին Սրբությունը սիրով ընդառաջել է, լսել աշակերտներին, տվել անհրաժեշտ լուսաբանություններ։ Նշեմ նաև, որ դպրոցում որևէ դասադուլ ուսուցիչների և աշակերտների կողմից չի եղել։ Կարող եք ինքներդ դա ճշտել դպրոցից» ։
     Սուտ 4. Տե՛ր Վահրամ, առանց Ձեր օգնության կարողացանք և սոցիալական ցանցերից ճշտեցինք, որ «Մայր Աթոռին պատկան դպրոցի ողջ աշակերտությունը, տնօրինությունն ու ուսուցչական կազմը դուրս են եկել բողոքի ցույցերի` պահանջելով Գարեգին Բ-ից անհապաղ ե՛տ վերցնել իր հրամանը, որով Վարդան Եպիսկոպոսին ազատել է պաշտոնից...»: Գնալով այս հաղորդման հետքերով՝ մենք պարզեցինք, որ ոչ միայն աշակերտության շրջանում առկա է նման ընդվզում, այլև հանդիպեցինք մի տեսանյութի, որը փաստում է դպրոցի դասադուլավոր սաների բողոքի հավաքը:
     Էօրնեկեան դպրոցի նախկին սաներից Ն. Յակուբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ես, լինելով Էօրնեկեան դպրոցի շրջանավարտ, իմ դժգոհությունն ու վրդովմունքն եմ հայտնում Վեհափառի՝ Վարդան Սրբազանի հետ կապված որոշման առիթով։ Ճիշտ է, նա այն քիչ հոգևորականներից է, ում կարիքը բոլորն ունեն, բայց նրան տեղափոխելը ավելի շատ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ է նման, քան հերթական հովվական տեղափոխության, քանի որ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ վրա ԱՉՔ ՓԱԿՈՂ շատ հոգևորականների նման՝ չի քծնում ՍՏԻՆ ու ԿԵՂԾԻՔԻՆ։
     Ես այս մասին ինձ իրավունք չէի վերապահի բարձրաձայնելու, եթե չտեսնեի նրա հսկայական ներդրումը ինձ պես բազում աշակերտների կյանքում։ Եվ այսօր էլ աշակերտների պահանջին թե՝ «Մի՛ զրկեք մեզ մեր Հորից», Վեհափառը պատասխանել է. «Ես եմ Ձեր Հայրը» ։ Իսկ ես գոնե իմ սովորելու տարիներին գեթ մեկ անգամ չեմ տեսել նրա «հայրական» շփումը աշակերտների հետ։ Իսկ Սրբազանը մեզ համար եղել է ու կա և՛ հոգատար Հայր, և՛ ավագ ընկեր, և՛ դաստիարակ, նա ԱՆՁԱՄԲ էր ծանոթ յուրաքանչյուր երեխայի խնդրին՝ այդքան զբաղված լինելով հանդերձ։ Եվ ուզում եմ հատկապես շեշտել, որ դպրոցի առաջընթացը միայն ու միայն պայմանավորված է Սրբազան Հոր անձնուրաց աշխատանքով ու նվիրումով։ Այս դեպքում վստահաբար կարող եմ ասել, որ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՄԱՐԴ իրապես կա։ Եվ նա հենց ՎԱՐԴԱՆ ՍՐԲԱԶԱՆՆ է, իմ այս կարծիքը կիսում են գրեթե բոլորը» ։ Իսկ ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր՝ Աննա Ղազարյանը, անդրադառնալով վերոբերյալ գրառմանը, հաստատում է. «Ես համակարծիք եմ ու հաստատում եմ, որ միայն ու միայն Վարդան Սրբազանի ջանքերի շնորհիվ կայացավ ոչ միայն Էօրնեկեան դպրոցը, այլ նաև ՔԴԿ-ն՝ որպես կառույց»:
     Ավելացնենք, որ ավելի մեծ բողոքի ալիք էր բարձրացել նաև այն ժամանակ, երբ Վարդան Սրբազանը պետք է տեղափոխվեր իր նախորդ ծառայության վայրից՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմից, ուր պաշտոնավարեց 2005-2008 թթ.՝ որպես առաջնորդական փոխանորդ և Սիդնեյի Ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ: Այդ շրջանում էլ նա հալածանքներ կրեց թեմի Առաջնորդ հանգուցյալ Աղան արք. Պալիոզյանից, ով հետագայում բացահայտվեց որպես Ավստրալիայի ԿԳԲ-ի գործակալ: Ավստրալիայի հայ համայնքից շատերը մինչև անգամ Հայր Վարդանին էին տեսնում որպես իրենց թեմի ապագա Առաջնորդ:
     Ինչ խոսք, Վարդան Սրբազանը սիրված և հարգանքի արժանի բարձրաստիճան եկեղեցական է, որի անխոնջ և նվիրյալ բազմաբեղուն ծառայությունը գնահատվել է նաև պետության ներկայացուցիչների կողմից՝ արժանանալով ՀՀ նախագահի շնորհած «Սուրբ Մովսես Խորենացի» և ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Ոսկե մեդալ» շքանշաններին: Նրա նման առաքինի հոգևորականի ներկայությունը Մայր Աթոռում պիտի գրգռեր Գարեգին Բ-ի և շատ միաբանների նախանձն ու չարակամությունը: Ուստի պատահական չէ, որ այս ֆոնին տեղի ունեցան դժգոհություններ՝ կապված իր «նոր նշանակման» հետ: Մի քիչ էլ համբերենք, ու շուտով կլսենք Գարեգին Բ-ի նոր նշանակումը...
    
     «Հայ եկեղեցու բարեկարգում» նախաձեռնություն
Հայր Վարդանի պատգամը Ավստրալիայի հայ համայնքին
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
10303 | 0 | 0
Facebook