Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Կարևորը՝ վերստին ծաղկի Հայաստանը, Հրազդանը, Հարբանդը, Մամանը…

16:38, Пятница, 16 Ноября, 2018 года
Կարևորը՝ վերստին ծաղկի Հայաստանը, Հրազդանը, Հարբանդը, Մամանը…
     Մա, մա-մա, մամա...այս բառերը լսելիս կամ արտաբերելիս՝ մենք նախ և առաջ պատկերացնում ենք մեր մայրիկին և աներկբայորեն ընդունում, որ դրանք բոլորն էլ Մայր են նշանակում: Սակայն պարզվում է, որ «Մամա» բառը նաև այլ նշանակություն ունի: Այս կապակցությամբ տեղին է հիշել Վիլյամ Սարոյանի «Հերսոտած մի գնա» դրամայի այն դրվագը, երբ հիվանդանոցում Ճուտոն Բկլատի համար բառարանից ընթերցում է... Լատիներեն կուրծք նշանակող մամմա բառը շատ լեզուներում գործածվում է մայր իմաստով: Իհարկե, այդ բառը լատիներենում նաև մայր իմաստն է ունեցել, սակայն հին հռոմեացիները «մամա» ասելով՝ հիմնականում նկատի են ունեցել մայրիկի կուրծքը, ստինքը: Դրա ցայտուն վկայությունը կրծքագեղձի բուժման հետ կապված մամոլոգիա, մամոգրաֆ բառերն են: Ի դեպ, թուրքերենում նույնպես մամա կամ մեմե նշանակում է ստինք: Սակայն «մամա» բառն ունի նաև այլ ՝ հույժ կարևոր խորհուրդ, քանի որ այն գործածվում է նաև ոչ հնդեվրոպական լեզուներով. ֆիննական լեզուներով՝ մամ, թուրքերեն՝ մամա, իսկ չինարեն՝ մա-մա: Գիտական տեսանկյունից՝ այտեղ արտառոց ոչինչ չկա, քանի որ «մա» , «մամա» բառերը աշխարհի բոլոր երեխաների առաջին բառերից են և, իբրև բնաձայնական բառեր, առնչվում են այդ երեխաներին լույս աշխարհ բերած մոր, նրա ստինք-կրծքի, ինչպես նաև մանուկներին կերակրելու արարողության հետ /օրինակ՝ ճաշիկն ով մամ՛ա/: Իսկ կարող է արդյոք «Մամա» անվանվել որևէ տեղանուն և եթե՝ այո՛, ապա՝ որ իմաստով: Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում Մամա/ Մաման/ անունով երկու գյուղ է նշվում: Նրանցից մեկը գտնվել է Խնուսի գավառակում, Էրզրումից Բյուրակնի վրայով դեպի Սուրբ Կարապետ վանքը տանող ճանապարհին: Քանի որ այդ գյուղը կոչվել է նաև Մամիկոնյան, ուստի ստուգաբանության առումով մեզ համար առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում մյուս Մամանը, որը գտնվում է Հրազդան և Մարմարիկ գետերի միախառնման շրջանում, Ծաղկաձոր լեռան մոտ: Ընդ որում, Մաման է կոչվել ոչ միայն գյուղը, այլև Ծաղկաձոր լեռը, ինչպես նաև գյուղի տարածքով հոսող Մարմարիկ գետը: Կարելի է ենթադրել, որ գյուղն ու գետը իրենց անունը ստացել են լեռան անունից: Հարց է ծագում. իսկ ինչ է նշանակում մաման: Տեղանունների բառարանի, ինչպես նաև այլ հեղինակները / Մեսրոպ Սմբատյան, Երվանդ Լալայան, Ղևոնդ Ալիշան / այդ անունը չեն ստուգաբանում: Լալայանի վկայությամբ՝ 20-րդ դարի սկզբին հին գյուղատեղիի տարածքում կային չորս կիսավեր եկեղեցիներ և բազմաթիվ խաչքարեր: Սիմեոն Երևանցի կաթողիկոսն իր «Ջամբռ» աշխատության մեջ Մաման անունով գյուղ չի հիշատակում: Սակայն Կեչառիս վանքին հարկատու գյուղերի շարքում Կեչառիս գյուղի հետ նշում է նաև Հարբանդ անունով գյուղ: Ըստ Սմբատյանի՝ Հարբանդ/ Հարպանտ/գյուղի տեղադրման վայրն անհայտ է, իսկ Մամանը՝ Աղտեն է: Նորագույն տվյալների համաձայն՝ Մամանը, ամենայն հավանականությամբ, Հարբանդն է, իսկ Աղտեն՝ Լեռնանիստն է: Այլ խոսքով՝ 1760-1770 ական թթ.-ին այս տարածքում Մաման անունով գյուղ չի եղել, և այն նախկինում կոչվել է Հարբանդ: Իսկ երբ, ում կողմից և ինչու է այն վերանվանվել Մաման: Նախ փորձենք պարզել Մաման բառի իմաստը: Ինպես արդեն նշել ենք, մամա թուրքերեն նշանակում է կուրծք, ստինք, իսկ մամանը մամայի հնչյունափոխված ձևն է: Ցիցիանովի կողմից Երևանը գրավելու անհաջող փորձից հետո շրջակա, այդ թվում նաև մեր տարածաշրջանի գյուղերի հայերը տեղափոխվում են Թիֆլիս, Իջևան, Գանձակ և Ռուսաստանի տիրապետության տակ անցած այլ վայրեր, իսկ լքյալ գյուղերի մի մասում բնակեցվում են Պարսկաստանից բերված թուրքական ցեղեր: Պետք է ենթադրել, որ նախկին Հարբանդը Մաման է անվանվել այդտեղ բնակություն հաստատած թուրքերի կողմից՝ նկատի ունենալով գյուղի աշխարհագրական դիրքը, մոտակա լեռան և կրծքանման այլ բլուրների/ Կլոր դար և այլն/ առկայությունը: Ի դեպ, բնակավայրերը «Կուրծք» անվանելու սովորույթը բնորոշ է եղել նաև հայերին: Պատմական Հայաստանում երկու տասնյակից ավելի գյուղերի անունը եղել է «Կուրծք» : Կնոջ կուրծքը բլրի հետ կամ բլուրը կրծքի հետ համեմատելը լայն տարածում է ունեցել աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների շրջանում: Հիշենք շոտլանդացի Ռոբերտ Բյորնսի «Օթևան ճանապարհին» բանաստեղծությունը.
     Իսկ կուրծքը նրա կլոր էր ու նուրբ,
     Ու թվում էր, թե ձմեռն սպիտակ
     Ձյուն է տեղացել ու բլուրն այդ զույգ
     Առել է մաքուր, բարակ քողի տակ:
     Թեպետ այսօր նույնիսկ տարեց ռնդամալցիները չգիտեն մաման բառի իմաստը / անձամբ ինձ չի հանդիպել/, սակայն, կարծում եմ, որ 1830-ական թթ-ին այստեղ բնակություն հաստատած ռնդամալցիները գիտեին, որ մամանը կնոջ ստինքն է, քանի որ նախ՝ նրանց զգալի մասը տիրապետում էր թուրքերենին, և ապա՝ այդ բառը գործածվել է նաև հայերենի որոշ բարբառներում: Մաման բառը օգտագործվում է նաև հոգնակի առումով. Օրինակ՝ Մամանի բաղեր, բայց նաև՝ գնում ենք Մամաներ: Եթե մամանը կուրծք է, ապա այն անպայման պետք է ունենա նաև իր Կաթնաղբյուրը: Այսօր Մամանի Կաթով աղբյուրը կորցրել է իր երբեմնի հռչակը, սակայն նրա ջուրը նախկինի պես համով է: Ինչ վերաբերում է Հարբանդին, ապա այս բառի հիմնական արմատը բանդն է՝ առվագլխի առաջը պահող թումբ-պատնեշը, կապը: Հետևաբար, Հարբանդը ամրացված պատնեշ է, ըստ երևույթին՝ բլրանման մի զանգված, ուր տեղակայված է կենսատու ջրի ակունքը, այլ խոսքով՝ շրջակա բնաշխարհի կուրծքը: Առայժմ՝ այսքանը… Իբրև վերջաբան՝ հավատարիմ մնանք մեր հայրենի բնաշխարհին, մեր մամաների ու Մամաների մամաներին, որ մեր կերած կաթը հալալ լինի: Հավատարմ մնանք միշտ և բոլոր դեպքերում… Եվ ամենևին կարևոր չէ, որ մեզանից քչերը բանդի գլխում մարդ ունեն: Կարևորը՝ վերստին ծաղկի Հայաստանը, Հրազդանը, Հարբանդը, Մամանը…
    
    
     Մինաս Պետրոսյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3513 | 0 | 0
Facebook