Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Մարտիկներ հանուն արդարության քաղաքական միավորման ծրագիր

21:42, Пятница, 09 Ноября, 2018 года
Մարտիկներ հանուն արդարության քաղաքական միավորման ծրագիր

Օրինական երկիր:
     Ողջամիտ ճանապարհ:
     Թարմ մոտեցումներ:

Մարտիկներ հանուն արդարության քաղաքական միավորման ծրագիր

Հայոց հինգհազարամյա պատմության ընթացքում բազմիցս եղել են վայրիվերումներ, անկումներ, դժբախտություններ, բայց և ունեցել ենք ծաղկուն ու հզոր պետություններ, որոնք երբեմն նույնիսկ աշխարհակալության են հասել կամ հավակնել:
     Ցավոք գրեթե մշտապես ընկած լինելով հարևան գերտերություների շահերի բախման կիզակետում և ոչ միշտ ունենալով ճկուն դիվանագիտություն և միասնական կենտրոնաձիգ իշխանավորներ՝ մեր ազգը, իր նոր և նորագույն պատմության մեջ հազվադեպ է ունեցել վերելքներ, հաղթանակներ ու ձեռքբերումներ:
     Այժմ Հայաստանի չորորդ հանրապետության այս պատմական օրերին, մենք` ժամանակակիցներս երջանկություն ունենք պետականության հիմքերի ամրապնդման և երկրում արդարության ու արդարադատության վերականգնման ականատեսը լինել: Եղավ համազգային թավշյա հեղափոխություն, որն իր անարյուն սցենարով, առանց գեթ մեկ մարդկային կորստի, առանց բռնություների և այլ հեղափոխություներին ներհատուկ բացասական էֆեկտների ՝ մեր ազգին կրկին հնարավորություն տվեց ողջ աշխարհին ապացուցելու հայ մարդուն ի բնե յուրահատուկ ժողովրդավարական արժեքները, ազգային կենսունակությունը, ոգու հզորությունն ու գոյատևելու իրավունքը: Հատկապես այս օրերին է, որ մեր ժողովրդին անհրաժեշտ է քաղաքական սթափ բանականության սահմաններում գործող այլախոհ տեսակետների բազմազանությունից ծնել մեկ ճշմարտություն, հավատալ այդ ճշմարտությանը և ստեղծված հազվադեպ վերելքի ուղին օգտագործել հնարավորինս արդյունավետ:

Մարտիկներ հանուն արդարության քաղաքական միավորումը իր ներկա և ապագա համախոհներին և համագործակցողներին առաջարկում է իր ճշմարտությունը, համոզմունքներն ու տեսակետները: Մենք համոզված ենք, որ մեր երկրի կայուն զարգացման և բարգավաճման համար տարբեր ոլորտներում ներքոշարադրյալ քայլերը առաջնահերթություներ ու անհրաժեշտություներ են:

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մեր քաղաքական միավորումը իր լիակատար համաձայնությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ ներկայիս կառավարության նոր սկսվող տնտեսական քաղաքականությանը ու հանդես է գալիս սեփական առաջարկներով: Մենք համոզված ենք որ հզորացնել ՀՀ տնտեսությունը հնարավոր է միայն հետևյալ քայլերով.

Ա-1.1 Բացառել մենաշնորհ հասկացությունը ՀՀ տնտեսական համակարգում:

Ա-1.2 Գերնվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը ՀՀ տնտեսությունում:

Ա-1.3 Հնարավորինս վերացնել ստվերային տնտեսությունը: Ստեղծել հավասար մրցակցային պայմաններ:

Ա-1.4 ՈՒնենալ բարձր դիվերսիֆիկացիա:

Ա-1.5 Հնարավորինս թափանցիկ դարձնել խոշոր բիզնեսը:

Ա-1.6 Հնարավոր առավելագույնը պաշտպանել փոքր և միջին բիզնեսի շահերը, ընդհուպ մինչև նոր ստեղծվողներին մինչև 5 տարով (պայմանական) ազատել ցանկացած հարկային պարտականություներից:

Կարծում ենք, որ այս ամենը սկիզբը կլինեն այն շարունակական աշխատանքի, որը ռեալ իրականության մեջ կստեղծի այնպիսի տնտեսական և իրավական երաշխիքներ, որոնք նախևառաջ սփյուռքի հայ գործարարի համար Հայաստանը կդարձնեն տնտեսական առումով ամենացանկալի երկիրը բիզնես գործունեություն ծավալելու համար:

Ա-2 Մենք համոզված ենք, որ ժողովրդի սեփականությունը պետք է պատկանի ժողովրդին և ի սպաս դրվի միմիայն նրա բարօրության համար: Այդ նպատակին հասնելու համար մենք տեսնում ենք հետևյալ քայլերը:

Ա-2.1 Ազգայնացնել` պետության սեփականությունը դարձնել ՀՀ խոշոր հանքավայրերը, երկաթուղին, էլ ցանցը, և այլն, բացառելով որևէ այլ ներկայություն պետական ստրատեգիական նշանակություն ունեցող կարևոր ոլորտներում:

Ա-2.2 Վերցնել բանկային համակարգը պետական ակտիվ վերահսկողության տակ:

Ա-2.3 ՀՀ զինված ուժերի ռազմարդյունաբերական և սպառազինության պատվերները օգտագործել, որպես գիտության զարգացման շարժիչ ուժ:

Ա-2.4 ՈՒշադրության կենտրոնում պահել և հնարավորինս աջակցել բոլոր այն կարևոր գործարաներին ու բրենդներին որոնք ստեղծվել են ԽՍՀՄ ժամանակաշրջանում և տնտեսական առումով հռչակ են բերել Հայաստանի երկրորդ հանրապետությանը, գնել մասնավորից որոշակի փայաբաժին, մենք կարծում ենք, որ պետությունը պետք է բաժնեմաս ունենա այն գործարաններից և բրենդներից որոնք ստեղծվել են ժողովրդի և ոչ մասնավորի ջանքերով:

Ա-2.5 Կարծում ենք հարկավոր է ստեղծել պետական մարմին, որի աշխատանքներում կընդգրկվեն Հայաստանի և սփյուռքի հայտնի տնտեսագետներն ու գիտնակաները նոր ազգային բրենդների ստեղծման ուղղությամբ աշխատանքներ տանելու համար: Վաճառել ստեղծված բրենդները գործարարներին պետության հետ աշխատելու պայմանով: Սա տնտեսական առումով գրեթե մշտապես հաջողված քաղաքականություն է եղել, կարելի է հիշել օրինակ Պասկալյան «Ազգային վրեժի» գարեջրի օրինակը:

Ա-2.6 Վերականգնել Նաիրիտը, վերազինել ժամանակակից սարքավորումներով, գտնել իրացման շուկաներ, փորձելով Հայաստանին վերադարձնել տարածաշրջանային քիմիական կենտրոնի դերը:

Ա-2.7 Աջակցել քաշով և չափսերով փոքր, բայց բարձր պահանջարկ ու արժեք ունեցող արդյունաբերությանը` հատկապես բարձր տեխնոլոգիաներ արտադրող ձեռնարկություների աշխատանքին։ Ստեղծել այդ ձեռնարկություների ընդհանուր աշխատանքը համակարգող և աջակցող հատուկ պետական մարմին:

Ա-2.8 Աջակցել այլընտրանքային էներգիայի արտադրման կառավարության ծրագրերին` Հայաստանը դարձնելով այլընտրանքային էներգիայի զարգացման տարածաշրջանային կենտրոն։ Ինչպես նաև լայնորեն արտաքին աշխարհին ներկայացնել երկիրը որպես այդպիսին:

Ա-3 Մեր պետությունը համեմատաբար փոքր է տարածությամբ և բնակչությամբ սակայն ունի գրեթե ամեն բան զբոսաշրջության շատ հաջող զարգացման և երկիրը համաշխարհային զբոսաշրջության ամենագրավիչ անկյուներից մեկը դարձնելու համար, ուստի մեր քաղաքական թևը իր լիակատար աջակցություն է հայտնում կառավարության հռչակած զբոսաշրջության ծրագրերին և հանդես է գալիս հետևյալ առաջարկներով:

Ա-3.1 Նախաձեռնել ակտիվ աշխատանք զբոսաշրջային ոլորտում, օգտագործելով հայկական սփյուռքի լայն հնարավորություները, լիովին վերափոխել երկրի զբոսաշրջային իմիջը շեշտը դնելով ազգային յուրահատկություների վրա, ողջ աշխարհում լայնորեն գովազդել տարբեր ժամանակաշրջաներում հայ ժողովրդի նշանակալից ձեռքբերումները տարբեր ոլորտներում սկսելով Քարահունջի աստղադիտարանից մինչև թավշյա հեղափոխություն:

Ա-3.2 Համատեղ աշխատանք ձեռնարկել գործարարների հետ ստեղծելու զվարճանքի տարբերվող կենտրոներ, որոնց զբոսաշրջիկը կարող է հանդիպել միայն Հայաստանում:

Ա-3.3 Մենք կարծում ենք որ զբոսաշրջության հարցում կարելի է նկատի ունենալ և հետևել օրինակ Ֆիջիի կամ Թուրքիայի հաջող զբոսաշրջային քաղաքականությանը:

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք դավանում ենք Հզոր Հայաստան ունենալու տեսլականը, միաժամանակ գիտակցելով, որ դրա հիմնաքարը պիտի լինի այսօրվա Հայաստանի Հանրապետության իշխանություների կողմից մշակվող ճկուն մարտավարությունը Գտնում ենք որ պետք է վարել արդյունավետ, հավասարակշիռ արտաքին քաղաքականություն, որի հիմքը մեր քաղաքական միավորումը տեսնում է ներքոշարադրյալ 5 կետերում.

Բ-1 ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆ, մենք գտնում ենք. որ առավել ճիշտ կլինի եթե բանակցություները ընթանան Արցախի իշխանությունների և Ադրբեջանի հանրապետության միջև, իսկ Հայաստանը պետք լինի այն ինչ կա իրականում ընդամենը շահագրգիռ հարևան, ինչպիսին է Թուրքիան հակամարտության մյուս կողմում: Կարծում ենք, որ դրա համար կան միջազգային իրավական նորմերի բավարար հենքեր, տեսնում ենք քայլեր որոնք կարող են նպաստել այդ գործընթացի իրականացմանը:

Բ-2 Թուրքիայի հետ հարաբերություններ:

Բ-2.1 Սկսել Թուրքիայի հանրապետության հետ ուղիղ երկխոսություն, Ցեղասպանության ճանաչման, Սահմաների բացման, տնտեսական համագործակցության և այլևայլ հարցերի շուրջ,

Բ-2.2 Թուրքիայում ստեղծել հզոր հայկական ազգային լոբբի Կարո Փայլյանի և այլոց ղեկավարությամբ:

Բ-2.3 Թուրքիայի հետ սկսվող բանակցություններում առաջին հարցը դարձնել համշենահայության խնդիրը. Ձգտել բարձրացնել համշենահայերի ազգային ինքնագիտակցությունը, օգտվելով ՀՀ ներկա օրենսդրության ընձեռած երկքաղաքացիության իրավունքից, ցանկացողներին շնորհել հայկական անձնագրեր:

Բ-2.4 Հասնել ցեղասպանության ինչպես միջազգային այնպես էլ Թուրքիայի հանրապետության կողմից ճանաչմանը և համայն մարդկության դեմ գործած ոճրի հետևանքների արդարացի և լիիրավ հատուցմանը:

Բ-3 Արտաքին քաղաքական ուղղվածություն:

Բ-3.1Պահպանելով սերտ դաշնակցային հարաբերություները Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ, միառժամանակ ձեռնարկել միջոցներ Ռուսաստանից խիստ կախվածությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

Բ-3.2 Մենք գտնում ենք, որ շարունակելով գտնվել ՀԱՊԿ դաշինքի կազմում հարկ է աստիճանաբար հրաժարվել մեր սահմանների պաշտպանութունը դաշնակիցների ռազմական ուժերին վստահելուց, սկսելով Իրան – Հայաստան սահմանից, որի հսկողությունը պետք է հանձնվի բացառապես հայկական սահմանապահ ուժերին:

Բ-3.2 Հատուկ ուշադրություն դարձնել հզոր հայկական համայնքներ ունեցող երկրների հետ հարաբերություներին (ԱՄՆ, Ֆրանսիա):

Բ-3.3 Բևեռացնել ուշադրությունը Իրանի, ինչպես նաև ապագա աշխարհաքաղաքական կենտրոներ Հնդկաստանի և Չինաստանի հետ տնտեսական և քաղաքական համագործակցությանը, այդ համագործակցությունը պահել ուշադրության առանցքում, ձգտելով վերոհիշյալ երկրների հետ հարաբերություները դարձնել հատուկ:

Բ-3.4 Աշխատել ԵՄ երկրների հետ նոր համընդգրկուն տնտեսական փաթեթի ստեղծման ուղղությամբ: Հնարավորինս ծավալուն դարձնել եվրոպական երկրների հետ տնտեսական կապերը:

ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դ-1 Իրագործել հայրենադարձությանը և ներգաղթին զարկ տալու իրական ծրագրեր, մենք գտնում ենք, չպիտի այդ գործընթացի խթանման հետ կապված ծախսերից և ռիսկերից վախենալ, քանզի մարդն է տնտեսության զարգացման հիմքը, հայրենադարձվողները և ներգաղթողները հենց իրենք տնտեսության խթանման աղբյուրի են վերածվում:

Դ-2 Հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանում ազգային փոքրամասնություների խնդիրներին, նրանց լեզվի և մշակույթի պահպանմանը, այդ ուղղությամբ ձեռնարկել համապատասխան քայլեր օրինակ կարելի է ստեղծել տարբեր փոքրամասնություների ազգային լեզվով (եզիդերեն (քրդերեն) ասորերեն և այլն) հեռարձակվող հեռուստաընկերություն:

Դ-3 Պետական հատուկ ուշադրություն բազմազավակ ընտանիքների թվի շարունակական աճին Հայաստանում, երրորդ և չորորդ երեխաների դեպքում հատկացնել նյութական շոշափելի նվիրատվություներ: Անել հնարավորը, որ Հայաստանում ցանկացած ընտանիք ունենա առնվազն 3+1 երեխա: Հիմնականում այդ ճանապարհով լուծել մեր երկրում առկա դեմոգրացիոն և մարդկային ռեսուրսների խնդիրը:

Դ-4 Ամեն կերպ ձգտել ՀՀ երրորդ հանրապետության սկզբնական օրից ի վեր Հայաստանից հեռացած գիտական ու մտավոր ուժի վերադարձին, ստեղծել համապատասխան պայմաներ, նրանց սեփական հայրենիքում և ի շահ հայրենիքի ապրելու և արարելու համար:

Դ-5 Ռեալ իրականությունում հասնել բարոյահոգեբանական այն մակարդակին, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրեն կարողանա լիիրավ տեր զգալ սեփական հանրապետությունում, ցանկացած քաղաքացի ամեն քայլափոխին պետք է զգա իր երկրում օրենքի գերակայությունը ցանկացած մարդու նկատմամբ, մենք կարծում ենք, որ դա հնարավոր է սկսել հետևյալ քայլերով

Դ-5.1 Հնարավորինս բարձրացնել ոստիկանության բարոյական հեղինակությունը,

Դ-5.2 Ստեղծել հասարակության լիարժեք վստահությունը վայելող դատական համակարգ, Դ-5.3 Ձգտել կարգապահությունը, ճշտապահությունը, ազնվությունը, պատասխանատվությունը դարձնել հայկական բնավորության ազգային գծեր աշխատանքը սկսելով դպրոցներից:

ՍՓՅՈՒՌՔ

Կա պատմական և սոցիալական հանգամանքների բերումով մի ցավալի իրականություն: Մեր հայրենակիցների մեծամասնություն ապրում է ոչ մայր հայրենիքում, ՀՀ սահմաներից դուրս գտնվող մեր հայրենակիցները գրեթե մի քանի անգամ ավելի մեծ թիվ են կազմում քան ներկայումս հանրապետությունում գտնվողները, մեր ծրագրային հիմնադրույթների տարբեր կետերում մենք բազմիցս անդրադարձանք սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավածությանը երկրի զարգացման տարբեր ոլորտներում: Մեր քաղաքական միավորումի միանշանակ համոզմունքն է, որ յուրաքանչյուր հայ մարդ անկախ բնակության վայրից, սեռից, կրոնական պատկանելիությունից պետք է հայրենիքի մասը և տերը լինելու ինքնազգացողություն ունենա և այս կամ այն կերպ ներգրաված լինի բնօրանը առավել բարեկեցիկ և հզոր տեսնելու գործում: Այդ ճանապարհին մեր քաղաքական միավորումը տեսնում է հետևյալ առաջնահերթություները:

Գ-1 Հայաստանի սահմանակից երկրներում, իրականացնել հատուկ ծրագրեր հայկական համայնքների մշակութային և տնտեսական զարգացման ուղղությամբ:

Գ-2 Գործուղել հայոց լեզվի, գրականության և հայոց պատմության լավագույն մանկավարժներին սփյուռքի համեմատաբար խոշոր հայաշատ կենտրոները: Ամեն գնով կանխել ցանկացած երկրի ասիմիլացման փորձն անգամ հայրենիքից դուրս գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ:

Գ-3 Ձգտել հնարավորինս ավելացնել սփյուռքում հայկական կրթօջախների քանակը:

Գ-4 Ա-2.5 կետի առաջարկում նշված նոր ստեղծվող բրենդները առաջարկել առաջին հերթին սփյուռքի հայ գործարարներին:

Գ-5 Բազմակուսակցական ֆորմատով ստեղծել պետական հատուկ հանձնաժողով, որը սփյուռքի հայ հայտնի գործիչների ու մտավորակաների ակտիվ մասնակցությամբ կհամակարգի հայ դատի արդար լուծման համար տարվող պայքարը:

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ։

Մենք գտնվում ենք սառեցված պատերազմական վիճակում, Ադրբեջանի և Արցախի միջև հրադադարը միշտ էլ եղել է պայմանական և անկայուն, հաշվի առնելով սպառազինություների մրցավազքը, Ադրբեջանի հանրապետության ամենօրյա ռազմատենչ հայտարարությունները, անընդատ դիվերսիաները սահմանային գծում, պատերազմական վտանգը գոյություն ունի գրեթե ամեն օր: ՀՀ-ի և Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը միշտ էլ եղել են, կան և լինելու են ՀՀ-ի զինված ուժերը: Նման իրավիճակում մենք հզոր բանակի այլընտրանք պարզապես չունենք: Ելնելով այս ամենից մեր քաղաքական միավորումը հանդես է գալիս հետևյալ հինգ ծրագրային առաջարկ կետերով.

Ե-1 մենք առաջարկում ենք հետևել «Ազգ-բանակ» գաղափարախոսության մի շարք հիմնադրույթներին:

Ե-2 Հաշվի առնելով բնակչության սակավությունը նաև աշխարհագրական դիրքի նմանությունը և մի շարք այլ գործոների նմանությունը Իսրայել պետության հետ, մենք առաջարկում ենք բանակաշինության և ռազմարդյունաբերության ոլորտներում ուսումնասիրել և կիրառել Իսրայելի հարուստ փորձը։

Ե-3 Մենք կարծում ենք, որ բանակը զարգացնելու գործում հարկավոր է մեծ նշանակություն տալ տեխնիկական գերժամանակակից հեռակառավարվող զինատեսակներին, հնարավորինս կրճատելով մարդկային գործոնը։

Ե-4 Պետական հովանավորության սահմանել, արդեն իսկ Հայաստանում աշխատող ռազմարդյունաբերության ոլորտի կազմակերպությունների նկատմամբ բանակային սպառազինության պատվերների տարեկան պլանավորման ժամանակ առավելությունը տալ, այդպիսի ընկերություններին։

Ե-5 Մենք առաջարկում ենք առաջնային ուշադրությունը հատկացնել զինվորի անձնական սպառազինությանը, քանի որ, իհարկե, գերժամանակակից զինատեսակներ ունենալը սառեցված պատերազմական վիճակում գտնվող երկրի համար գրեթե պարտադիր է, սակայն, չպիտի մոռանալ, որ լեռնային գոտիներում շարքային զինվորի գործոնը միշտ էլ եղել և լինելու է գերկարևոր:

Հարգելի հայրենակիցներ մեր քաղաքական միավորումը վերը նշված հիմնադրույթները հռչակում է որպես սկզբունքային, սա մեր ճշմարտությունն է, ճշմարտություն, որի համար ստեղծվել և պայքարելու է մեր քաղաքական միավորումը: Մենք հավատում ենք, որ սա է հզոր հայրենիք կերտելու ճանապարհը:

ՄՀԱ քաղաքական միավորում 09.10.2018 թ.

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4604 | 0 | 0
Facebook